ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՐԴԸ ԱԼԿՈՀՈԼ ԽՄԵԼՈՒ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ ՈՒՆԻ

ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՐԴԸ ԱԼԿՈՀՈԼ ԽՄԵԼՈՒ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ ՈՒՆԻ

1679

Դավիթը  50 տարեկան է, առաջին հայացքից նման իր տարեկիցներին: Բայց երբ մոտենում ես, չես կարողանում հանգիստ խոսել՝ ալկոհոլի հոտը թույլ չի տալիս: Դավիթն արդեն երեսուն տարի է, ինչ կախվածություն ունի խմիչքից:

Ի՞նչ է ալկոհոլը, ի՞նչ ազդեցություն է այն թողնում մարդու օրգանիզմի վրա և ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ մարդիկ դրանից կախվածության մեջ են ընկնում:  

«20 տարեկանից սկսել եմ խմել: Երկար ժամանակ անցել եմ բուժման կուրսեր: Սակայն կուրսն ավարտելու հաջորդ օրն իսկ բաժակը կրկին ձեռքս եմ վերցրել: Խմելու միջոցով մոռանում եմ խնդիրներս, այն ինձ հանգստություն է բերում: Սակայն եղել են դեպքեր, երբ կնոջս, մորս ու երեխայիս հարվածել եմ՝ տանից վռնդել: Վաղուց արդեն բաժանված եմ»,- պատմում է Դավիթ Հովհաննիսյանը:

Հոգեբան Քրիստինե Պետրոսյանը «journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ հասարակաության մեջ կարևորագույն խնդիրներից մեկը ալկոհոլիզմի հաղթահարումն է: «Այս խնդիրը ավելի շատ վերաբերում է սոցիալական այն խմբերին, ովքեր, հաճախ չկարողանալով լուծել խնդիրը, բախվում են մի երևույթի, և տարվում են խմելով, ինչն էլ դառնում է սովորություն: Պատճառները կարող են լինել տարբեր՝ հարազատի կորուստ, աշխատանքի բացակայություն: Ոչ բարենպաստ ընտանիքների դասին են պատկանում այն ընտանիքները, որտեղ կան հարբեցողներ»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն՝ ամբողջ աշխարհում կա մոտավորապես 140 մլն. ալկոհոլից կախվածություն ունեցող մարդ։ 

«4 անգամ ամուսնացել ու բաժանվել եմ, ունեմ 2 երեխա տարբեր կանանցից, բայց ոչ մեկի հետ շփում չունեմ: Բաժանությունների պատճառը եղել է խմելու հետևանքով առաջացած ընտանեկան վիճաբանությունները, ընտանեկան անբարենպաստ մթնոլորտը»,- ավելացնում է Դավիթը:

Դավիթը նշում է, որ գիտակցում է ալկոհոլի թողած վատ հետևանքները իր ողջ կյանքի վրա, մնալով առանց ընտանիք,  և ծնողի կորստից հետո, խմելու ոչ մի պահ բաց չի թողնում:

Հոգեբանը նշում է, որ մոլի հարբեցողներն իրենց խնդրից ձերբազատվելու համար սովորաբար մասնագետի օգնության կարիք ունեն: Պետք է տարվի նաև հոգեբանի հետ աշխատանք, սակայն ամենակարևորը ներքին ցանկությունն է:  

«Ոչ ոք չի կարող հարբեցողությամբ տառապող մարդուն ստիպել, որ բուժում ստանա, մարդն ինքը պիտի ցանկանա դա:  Շատերը բժշկին են դիմում այն դեպքում միայն, երբ այլևս ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարել իրենց խնդիրները»:

Գևորգ Հունանյանը 27 տարեկան է: Նա մոլի հարբեցող չէ, առիթից առիթ է օգտագործում ոգելից խմիչք, սակայն, խմելու հետևանքները ծանր է անդրադառնում:

«Խմելուց հետ կորցնում եմ ինքնատիրապետումս, չեմ հասկանում՝ ինչ եմ անում, հետո էլ չեմ հիշում, թե ինչ եմ արել: Հաճախ սթափվելուց հետո տեսել եմ, որ տանը չեմ գիշերել: Տուն վերադառնալով հասկացել եմ, որ վիճաբանել եմ ընտանիքիս հետ,- նշում է Գևորգը,- ամուսնացած չեմ, ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ»:

«Ինձ համար անտանելի է որդուս տեսնել օղու բաժակը ձեռքին: Ամեն խմելը ավարտվում է վիճաբանությամբ և տնից ամսով հեռանալով»,- պատմում է Գևորգի մայրը:

Հարբեցողի վարքագիծը և հոգեկան խանգարումները ուղղակիորեն ազդում են շրջակա միջավայրի վրա և հանգեցնում են ընտանիքից և ընկերներից մեկուսանալուն։

Հոգեբանը նշում է, որ առհասարակ նման ընտանիքի անդամներին խորհուրդ է տրվում  համբերատարորեն աջակցություն ցույց տալ, գտնվել ալկոհոլիզմով տառապող անձնավորության կողքին:

«Պետք է կարողանալ բացատրական աշխատանքներ տանել՝ փուլ առ փուլ, դեղորայքային միջամտություն ցույց տալ, հոգեբանական աջակցությամբ փորձել հաղթահարել: Ավելի շատ համբերատարություն պետք է ցուցաբերեն հարազատները: Եվ, ի հարկե, անձի կողմից նպատակայնություն պետք է լինի այն հանգամանքը, որ ինքը հարբեցող չէ, եթե չլինի դա՝ մնացած բոլոր տարվող աշխատանքները կլինեն ապարդյուն»,- ավելացնում է հոգեբանը:

Սվետլանա Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել