ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

2225

Աշխարհում տարեկան մոտ մեկ միլիոն մարդ ինքնասպանություն է գործում: Հաճախ, ասում են, եթե մեծահասակների մոտ ինքնասպանության գնալու որոշումների իրականացման գործընթացը երկար է տևում, ապա պատանիների պարագայում նրանց առերեսված խնդիրը կարող է վայրկենապես որակվել որպես փակուղային իրավիճակ, և միակ լուծումը լինի ինքնասպանությունը: Ինքնասպանության, դրա դրդապատճառների ու կանխարգելման մասին զրուցել ենքԵրևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս՝  Տիգրանուհի Աճեմյանի հետ:

Կարո՞ղ եք նշել, պատանեկան բնավորության որոշակի առանձնահատկություններ, որոնք կարող են հասցնել ինքնասպանության:

-Ցավոք, ժամանակակից աշխարհում ինքնասպանությունը բավական հաճախ հանդիպող երևույթ է: Ինքնավնասող վարքը դեռահասների շրջանում կարող է համակցվել նաև իրենց նեղացնողների նկատմամբ վրեժի ցանկությամբ. «նրանք դեռ կափսոսան իրենց արածների համար»:  Դեռահասության տարիքում ինքնասպանության դիմելու պատճառ կարող են լինել ծնողների և ընկերների հետ ունեցած կոնֆլիկտները, գերխնամքը կամ ամենաթողությունը, հասկակիցների կողմից ստորացումները, անպատասխան սերը, և այլն:   

Լինում են դեպքեր նաև, երբ ծնողները բավականին ուշադիր են լինում երեխաներին, սակայն կա մի տիրույթ, որը կարծես անվերահսկելի է` համացանցը: Ինչպե՞ս վերահսկել այս տիրույթը, ճի՞շտ է երեխային արգելելը համացանց մուտք գործելուց:                                                                        

-Հասարակության մեջ արմատացած է այն կարծիքը, որ սոցիալապես մեկուսացված և անինքնավստահ դեռահասների շրջանում համացանցը հանգեցնում է դեպրեսիայի խորացման և ամրապնդում է ծայրահեղ քայլի գնալու մտադրությունը: Գոյություն ունեն կայքեր, որտեղ հոգեբանական դժվարությունների հանդիպած մարդիկ անանուն կերպով կարող են ստանալ մասնագիտական օգնություն և աջակցություն: Սա բավական դրական միտում է: Շատ դեռահասների համար սոցիալական ցանցերում շփումն, ընդհակառակը, դառնում է մի յուրահատուկ փարոս: Գտնելով ընկերներ վիրտուալ տիրույթում՝ դեռահասները կարող են որոշ չափով ազատվել միայնության և կարոտի զգացումից: Հաշվի առնելով դեռահասի խոցելի հոգեվիճակը՝ համացանց մուտք գործելու արգելքը կարող է վերջինիս կողմից դիտարկվել որպես հերթական պատիժ՝ հատկապես, եթե  ծնող-երեխա փոխվստահության մթնոլորտն ի սկզբանե խաթարված է:

Երբ ծնողը երեխայի մոտ որոշակի ըմբոստություն է նկատում,  հնարավո՞ր է երեխայի հետ լինել մաքսիմալ մտերմության աստիճանի վրա՝ չխանգարելով նրան անհատականության ձևավորման հարցում:                                                                                                                          

Չափազանց կարևոր է, որ, դեռևս վաղ հասակից, երեխան ծնողի հետ ունենա վստահելի փոխհարաբերություններ, որպեսզի ընտանիքում տիրի փոխվստահության մթնոլորտ: Այդ պարագայում ավելի մեծ է հավանականությունը, որ երեխան ծնողի հետ ցանկություն կունենա խոսել սեփական հոգեվիճակի վերաբերյալ:  Հաճախ դեռահասը կարող է որոշակի չափով թեթևացում զգալ իր հնարավոր ինքնասպանության վերաբերյալ զրույցից հետո, սակայն, մեծ հավանականությամբ, որոշ ժամանակ անց կարող է կրկին վերադառնալ իր մտադրությանը: Այդ պատճառով,  չափազանց կարևոր է նմանատիպ զրույցից հետո միայնակ չթողնել դեռահասին: Աջակցե՛ք նրան և եղե՛ք համառ:

Որոնք պետք է լինեն ծնողի քայլերը, երեխայի նման փորձ կատարելու մտադրության մասին իմանալիս:

Ուշադիր լինել և լսել ինքնավնասման կամ ինքնասպանության որոշում կայացրած և հոգեբանական ճգնաժամային իրավիճակում գտնվող դեռահասին. սովորաբար նրան անհրաժեշտ է մեկը, ով պատրաստ է իրեն լսել և ապրումակցել: Աշխատեք «լսել» բառերի հետևում թաքնված խնդիրը: Գնահատել դեռահասի մտադրությունների և զգացմունքների լրջությունը, եթե դեռահասն արդեն ունի ինքնասպանության հստակ պլան, ապա իրավիճակն ավելի սուր է: Գնահատել հուզական ճգնաժամի խորությունը, քանի որ երբեմն դեռահասը կարող է ունենալ դժվարություններ, բայց, միևնույն ժամանակ, չմտածել ինքնասպանության մասին:

Դեռահասի հետ վերջինիս հնարավոր ինքնավնասման մտադրության վերաբերյալ զրույցի ժամանակ ինչի՞ վրա  է անհրաժեշտ է շեշտը դնել:

-Հավաստիացնել, որ դեռահասի ունեցած ներկայիս ծանր հուզական վիճակը կրում է ժամանակավոր բնույթ, որ ծնողների, հարազատների, ընկերների համար նրա այդ քայլը ծանր հարված կլինի: Բնականաբար, ինքն ունի իրավունք՝ տնօրինելու իր կյանքը, սակայն կյանքից հեռանալու վերաբերյալ որոշումը, լինելով չափազանց կարևոր, ավելի լավ է հետաձգել որոշակի ժամանակով, որպեսզի հանգիստ և կշռադատված մտածել:

                                                                                                                                      Աննա Չիբուխչյան
3-րդ կուրս

Կիսվել