ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԷ․ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ...

ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԷ․ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 13-Ը ՍՏԱՑԱԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՈՎ

124

Իրինա Մնացականյանի դուստրը սովորում է 5-րդ դասարանում, ով ունի բավականին լավ առաջադիմություն և շատ ակտիվ մասնակցում է հեռավար դասապրոցեսին։ Ծնողի խոսքով՝ երբ երեխան իմացավ, որ ստացած գնահատականները հաշվի չեն առնվելու, մի փոքր տխրեց։

«Դե ի՞նչ կարող ենք անել, որոշումը արդեն ընդունված է, բայց անընդհատ դստերս ասում էի՝ ոչինչ, գնահատականը էական չէ, կարևորն այն է, որ դու և քեզ պես շատ երեխաներ չեք զրկվել կրթվելու հնարավորությունից և, անգամ այս պայմաններում, գիտելիք եք ստանում, ինչը ավելի արժեքավոր է»,- մեզ հետ զրույցում պատմում է Իրինան և հավելում, որ սկզբում տեսնում էր, որ երեխան շատ հիասթափված է, ճիշտ է՝ չէր դադարել կատարել տնային հանձնարարությունները, բայց առաջվա ոգևորությունը ու հետաքրքրությունը բացակայում էր։

 «Բայց, մի քանի օր անց նկատեցի, որ նախկինի նման ուրախ ու ոգևորված պատրաստվում է դասի սկսվելուն, քանի որ հասկացել և ընդունել էր, որ կարևոր է ոչ թե գնահատականը, այլ ստացած գիտելիքը»,- ասում է ծնողը։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած որոշումը, համաձայն որի դպրոցներում ուսումնական տարին պետք է ամփոփվի մինչև մարտի 13-ը ստացած գնահատականների և առաջին կիսամյակի տվյալների հիման վրա, շատերի մոտ առաջացրեց հիասթափություն։

Մեր մյուս զրուցակիցը՝ Սոնա Ալեքսանյանը, կարծում է, որ նախարարության կայացրած այդ որոշումը անարդար է, քանի որ այն երեխաները, ովքեր մասնակցել են դասերին, չպետք է զրկվեին իրենց գնահատականներից, քանզի այդպես նրանք կոտրվում են։ «Էլ ինչի՞ համար էին այդքան հարթակներով գիշեր-ցերեկ դաս անում, էլ չասեմ ուսուցիչների մասին, ովքեր այդ ամենը անում էին իրենց առողջության և նյարդերի  հաշվին»,- ասում է ծնողը։

Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Ներսիսյանը ևս դժգոհ է նախարարության որոշումից։ «Կարելի է ասել՝ ամբողջ փետրվարը դպրոց չեմ հաճախել, քանի որ հիվանդ էի, իսկ հունվար ամսին գնահատականներ գրեթե չեմ ստացել, հույս ունեի, որ հետագայում կստանամ բարձր գնահատականներ և կապահովեմ կիսամյակային գնահատականներս»,- ասում է Էլենը և հավելում՝ այդ էր պատճառը, որ փորձում էր հնարավորինս լավ աշխատել և մասնակցել հեռավար դասերին։

Նրա խոսքով՝ լավ է, որ դասերից ետ չեն ընկել և կանոնավոր կերպով պարապել են, բայց գնահատականը ևս կարևոր է, և ցավում է, որ իր և իր պես շատերի աշխատանքը չգնահատվեց։

Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի ֆիզիկայի ուսուցչուհի Աննա Ղազարյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց՝ քանի որ ոչ բոլոր երեխաներն են ապավովված անհրաժեշտ սարքավորումներով, և նրանց մի մասը շատ քիչ կամ ընդհանրապես չի կարողացել մասնակցել հեռավար դասերին, այս փաստով պայմանավորված՝ նախարարի որոշումը ճիշտ էր. այսպես բոլոր աշակերտները օբյեկտիվ կգնահատվեն, այլապես հավասարությունը չէր պահպանվում։

«Այն երեխաները, ովքեր հնարավորություն ունեին և մասնակցում էին դասընթացին, կարողանում էին յուրացնել թեմաները, բոլոր դասերը մանրամասն բացատրվում էր, լուծում էինք խնդիրներ և անպայման ասում էի, եթե որևէ բան չեք հասկանում, ասեք այդ մասին»,- պատմում է ուսուցչուհին և հավելում, որ նույնիսկ աշակերտը առանձին զանգահարում էր, երբ ինչ-որ բան անհասկանալի էր լինում։

Աննա Ղազարյանը նշեց նաև, որ ԿԳՄՍ նախարարության կայացրած այդ որոշումից հետո նկատել է, որ դասին մասնակցող աշակերտների թիվը նվազել է։

Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ նախարության այդ որոշումը ապացուցեց իրենց այն դիրքորոշումը, որ հեռավար ուսուցումը արդյունավետ չէ։

«Սկայպով կամ ֆեյսբուքում լայվ անելը դեռ չեղավ ուսուցում, դրա որակը ոչ ոք չէր կարող ստուգել և, բնականաբար, այդ գնահատականները կարող էին նմանվել ֆիկցիայի, և դա էր պատճառը, որ որևէ կերպ հաշվի չառավ նախարարությունը»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ երեխաներ կան, որ մինչև մարտ ամիսը գնահատականներ չունեն կամ վատ գնահատականներ ունեն. նրանք ջանք էին գործադրում, որպեսզի կարողանան գնահատականները բարձրացնել և ցույց տան իրենց կարողությունները և, ըստ էության, նրանք հասկացան, որ այդ ամբողջը անիմաստ էր։

«Ծնողներից դժգոհություններ ևս կային, քանի որ նրանք ակնկալում էին, որ երեխաները բարձր գնահատականներով կավարտեն տարին, բայց իրենց սպասելիքները չարդարացան»,- նկատեց մասնագետը։

Փորձագետը առաջարկում էր նախապես հայտարարել ընդմիջում և ուսումնական ծրագրի բացը գոնե կարճեցված դասաժամերով և փոքր խմբերով լրացնել ամռան ամիսներին, դասընթացները անցկացնելով դեմ առ դեմ։ Նա նշեց նաև, որ սա ավելի ճիշտ որոշում էր՝ հաշվի առնելով նաև նախարարության այն հայտարարությունը, որ աշակերտների 80%- ն է մասնակցում հեռավար ուսուցմանը, այսինքն երկարացված կիսամյակի դեպքում գոնե մնացած 20%-ը հնարավորություն կունենային մասնակցելու դասընթացներին, կլրացնեին իրենց գիտելիքները և հետո միայն կփոխադրվեին հաջորդ դասարան։

«Նախարարությունը հայտնեց նաև, որ հնարավոր է մեկ շաբաթ շուտ սկսվի ուսումնական տարին, բայց 2-2,5 ամսվա բացը հնարավոր չի լինի 1-2 շաբաթում լրացնել, ավելին՝ երեխաները արդեն ավարտում են, մյուս տարի ի՞նչն են կրկնելու, և այսպես կարող է շատ անհասկանալի իրավիճակ ստեղծվել»,- նկատեց Ատոմ Մխիթարյանը և նշեց, որ այդպիսի բողոքներ նրանք արդեն ստանում են և՛ ուսուցիչներից, և՛ ծնողներից։

Նա նշեց նաև, որ այդ որոշումը կայացվել և հայտարարվել է առանց հաշվի առնելու ուսուցիչների և կրթության կազմակերպիչների կարծիքը։ Մինչդեռ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը մեզ տեղեկացրեց, որ որոշումը կայացնելիս նրանք հաշվի են առել բոլորի կարծիքը։

«Ես այդպես չէի վարվի, գոնե մտադրության մասին կասեի և ժամանակ կտայի, որպեսզի մասնագետները ևս իրենց առաջարկները ներկայացնեն»,- ասաց փորձագետը։

Կրթության հարցերով մեկ այլ փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս իրավիճակում ինչ որոշում էլ կայացվեր, իդեալական չէր լինելու, բայց շատ կարևոր էր, որ այդ որոշումը գոնե ավելի շուտ կայացվեր, որպեսզի ուսուցիչները հստակ իմանային թվանշան նշանակվելու՞ է, թե՞ ոչ։

«Նախարարությունը ապրիլի սկզբներին հայտարարեց, որ հեռավար ուսուցման ընթացքում կարող եք գնահատել, իսկ ապրիլի վերջին, ասաց, որ գնահատականները չեն ընդունվում, կարծում եմ՝ դա անարդար է, որոշումը չպետք է կեսից փոխվեր»,- նշեց մասնագետը և հավելեց, որ օրինակ, կարող էին մինչև ապրիլի 30-ը նշանակված գնահատականները ճանաչել, իսկ դրանից հետո նշանակվածը՝ ոչ։

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ նախարարությունը անարդար է գտնվել այն երեխաների նկատմամբ, ովքեր այս ընթացքում աշխատել և գնահատականներ են ստացել, իսկ 20%-ի ճնշող մեծամասնությունը նախկինում էլ առանձնապես չի սովորել։

«Այժմ հարց է առաջանում, ինչու՞ մինչև մարտի 13-ը չսովորող երեխաների չսովորելը անտեսվեց և դարձավ որոշման գլխավոր գործոն»,- ասաց փորձագետը և նկատեց, որ այդ որոշումից հետո դասերին մասնակցող երեխաների թիվը նվազել է։

Մասնագետը որպես խնդրի լուծում առաջարկում էր նաև, որ նախարարությունը վստահեր ուսուցիչներին և ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ հիմա նրանք գնահատեին աշակերտներին։

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ սա լավագույն լուծումը չէ, բայց ստեղծված իրավիճակում այն է, ինչ կարող էին անել, քանի որ հակառակ դեպքում կոտնահարվեին այն երեխաների իրավունքները, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն մասնակցել դասերին։

Մերի Մաթևոսյան

2-րդ կուրս

Կիսվել