ԱՐՇԱՎԱԿԱՆՆԵՐԸ ԱՅԼԵՎՍ ՏԱՆԸ ՉԵՆ ՄՆՈՒՄ

ԱՐՇԱՎԱԿԱՆՆԵՐԸ ԱՅԼԵՎՍ ՏԱՆԸ ՉԵՆ ՄՆՈՒՄ

282

Մինչ արշավականները զարմացած ուսումնասիրում են անհայտ մանուշակագույն ծաղիկը ու փորձում հետաքրքիր լուսանկարներ ստանալ, տիկին Աստղիկը, մի սիրուն մանուշակագույն փունջ ձեռքին, ասում է՝ иван-чай-ը, անունը иван-чай է, օգտակար դեղաբույս է: Ու առաջ անցնում՝ արդեն  մաքուր, սարի ուրց քաղելու, որը հետո Տանյայի (խմբի ուղեկցորդի) հետ պիտի կիսի: 

Լոռվա Արևածագ գյուղից Ձորագետի կիրճով մինչև Կուրթան քայլարշավը ֆիզիկայի ուսուցչուհի Աստղիկ Ղազարյանի 147-րդ արշավն է՝ այն էլ միայն վերջին մի քանի տարիների ընթացքում: Տանը նստել չի կարողանում, նույնիսկ կարանտինի ընթացքում փոքր խմբերով արշավներ են իրականացրել:

«Պտղնի, Առինջ, Հրազդանի ձոր ենք գնացել մի քանի հոգով: Առանց դրա չի լինի, ես հսկայական լիցքեր եմ ստանում բնությունից: Մինչև վերջին շունչս էլ քայլելու եմ, գիտեմ, ի վիճակի էլ չլինեմ՝ մի բլուր կգտնեմ ինձ համար կբարձրանամ»,- ասում է 57-ամյա արշավորդը:

Հայաստանում շատ տեղերում է եղել, բայց դեռ շատ բաներ էլ մնում են տեսնելու: Ծղուկ, Աժդահակ, Արագած, բոլորի գագաթը նվաճել է, իսկ մեծագույն երազանքը երկու տարի առաջ է իրագործել՝ Արարատն է բարձրացել:

«Նկարագրելու չէր.  էդ էմոցիաները, ապրումները, ասելու բան չեն: Ընդ որում՝ շատ դժվար եմ բարձրացել, չէի քնել, երկու օր հաց չէի կերել, ձեռքերս էին սառել, վերջին ճիգերով բարձրացա: Աշակերտներիցս երկուսը հետս էին, իրար ուժ տալով, բարձրանում էինք, չեմ էլ հիշում՝ վերջին մի քանի մետրը ոնց եմ բարձրացել: Չգիտեմ էլի կբարձրանամ, թե չէ, բայց Արարատը միշտ կանչում է, հանգիստ չի տալիս»,- ասում է տիկին Աստղիկը:

Նրա խոսքով ամենաշատը փեսան է իրենով հպարտանում, ասում է՝ քանի՞ հոգի կարող է գլուխ գովել, որ իր զոքանչը Արարատն է բարձրացել:

Ի տարբերություն տիկին Աստղիկի՝ Տաթևի համար սա առաջին արշավային փորձն է, ընկերուհու հետ էր եկել:

«Ծրագրավորող եմ և ողջ ընթացքում աշխատել եմ տանից: Ամբողջ օրը համակարգչի առաջ եմ ու հիմա, ավելի քան երբեք, կանաչի, բնության ու թարմության կարիք ունեմ»,-ասում է 20-ամյա Տաթևը:

Դեպի Լոռի արշավը զբոսաշրջային ակումբի 3-րդ արշավն է կարանտինից հետո, առաջինը մայիսի 17-ին էր դեպի Քարակերտի լեռներ: Լեռնային ուղեկցորդ Տանյա Ռոստոմյանը ասում է, որ արշավորդների համար շատ դժվար է տանը փակվել, և, թեև, համեմատաբար մեծ խմբերով (20 հոգի) արշավներ նոր են սկսել կազմակերպել, բայց, մինչ այդ էլ իրենք չեն դադարել շրջագայել:

«Մենք մեր թիմով իրականացրել ենք վերելքներ, արշավներ, բացի այդ, սա նաև հարմար ժամանակ էր նոր երթուղիներ գծելու, որպեսզի հետո մարդկանց կարողանանք ուղեկցել: Եվ հետո, այս շրջանում քայլարշավները խրախուսվում են, միակ խնդիրը տրանսպորտն է, դիմակներ ենք բաժանում»,- ասում է Տանյան:

Եվ չնայած դիմակների առկայությանը, մեքենայում դրանք քչերն էին կրում: 

Ուղեկցորդի խոսքով, կարանտինի ընթացքում բազմաթիվ նամակներ են ստացել արշավականերից, նույնիսկ այնպիսի մարդիկ են հետաքրքրվել, որոնցից երբեք չէին սպասի:

«Եթե նախորդ տարի այս ժամանակ միայն կիրակի օրերին էինք արշավներ կազմակերպում, ապա հիմա նաև շաբաթ օրերին, ու մտածում ենք՝ աշխատանքային օրերին էլ կազմակերպել: Սովորաբար մենք մեծ թվով զբոսաշրջիկ մասնակիցներ էինք ունենում, իսկ հիմա միայն տեղացիներն են, ինչը ևս սեփական երկիրը բացահայտելու առումով լավ է»,- ասում է Տանյան:

Ֆինանսական հոսքեր, թեև, կարանտինի ընթացքում չեն եղել, բայց քանի որ խնդիրը համընդհանուր էր, կարծում է՝  կհաղթահարեն, մանավանդ որ արշավների  նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է։

Ռիմա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել