ՄՈՒԼՏՖԻԼՄ․ ԵՐԵԽԱՅԻ ԸՆԿԵ՞Ր, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ

ՄՈՒԼՏՖԻԼՄ․ ԵՐԵԽԱՅԻ ԸՆԿԵ՞Ր, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ

1550

Երեխաները ոչ միայն սովորում են մուլտֆիլմերից, այլ նաև մտապահում և ընդօրինակում են մուլտհերոսների պահվածքը, որը հաճախ ցավալի վերջաբան է ունենում:

Մարինե Գևորգյանը պատմում է, որ իր 2,5-ամյա որդին փորձել է կրկնօրինակել «Սարդ-մարդը» մուլտֆիլմի հերոսին, ինչի հետևանքով ընկել և լուրջ վնասվածքներ է ստացել.

«Սպայդեր-մենից ոգեշնչված` փորձել է մագլցելով պատ բարձրանալ: Քարքարոտ պատ էր, ինչի շնորհիվ էլ մոտ 2 մետր բարձրացել էր: Հետո այլևս բռնվելու տեղ չէր ունեցել ու ընկել էր: Ոտքի կոտրվածք էր ստացել և մի շարք այլ վերքեր ուներ մարմնի տարբեր հատվածներում»:

Մերի Առաքելյանը խստորեն հետևում է մուլտֆիլմերի ընտրությանը. «Վատ ընտրված մուլտֆիլմերը կրկնակի վատ ազդեցություն են թողնում երեխաների վրա: Օրինակ, երբեք թույլ չեմ տալիս երեխայիս դիտել «Մաշան և արջը» մուլտֆիլմը, որովհետև դրանից երեխաները միայն բացասական բաներ են սովորում»:

«Երեխան մի քանի գիշեր անհանգիստ էր, վախեցած արթնանում էր, լացում: Չէինք հասկանում պատճառը: Հետո մի օր հեռուստացույցով ինչ-որ մուլտֆիլմ միացավ, երեխայի վախեցած արձագանքից հասկացանք, որ հենց այդ մուլտֆիլմից էր իր այդ պահվածքը»,- պատմում է 3-ամյա երեխայի ծնող Անի Բաղդասարյանը:

Իսկ ահա Նելլի Գրիգորյանը երբեք բացասական ոչինչ չի տեսել երեխայի պահվածքում մուլտֆիլմի պատճառով. «Կարծում եմ, դեռ մի բան էլ ավելին է տալիս մուլտֆիլմը, օրինակ` երեխան սկսում է լեզուներ սովորել»:

Վարսիկ Բաղդասարյանի 4,5-ամյա որդին էլ գրեթե միշտ ռուսերեն է խոսում. «Այնքան է ռուսերեն մուլտֆիլմեր դիտել, որ միշտ ռուսերեն է խոսում: Շատ դժվարությամբ է արտաբերում հայերեն բառերը: Ամենահասարակ առարկաների, երևույթների անվանումները հայերեն չի կարողանում հիշել, նույնիսկ գույներն է միայն ռուսերենով հիշում»:

Հոգեբան Հրանուշ Առաքելյանի խոսքով, մուլտֆիլմերի ազդեցությունը ավելին է, քան շատ ծնողներ կարող են պատկերացնել. «Մուլտֆիլմերը երեխաներին սովորեցնում են հասարակության մեջ ընդունված վարքի կանոնները, հարստացնում են բառապաշարը, օգնում են բացահայտել աշխարհը: Սակայն այսօր կարծես թե վատ մուլտֆիլմերն ավելի գերակշռող են, և ծնողները պետք է զգուշորեն մոտենան այս խնդրին: Օրինակ, դեպք է եղել, երբ երեխային «Սպայդեր-մենի» հագուստ են նվիրել, երեխան ոգևորված հագել և թռել է պատշգամբից: Առհասարակ, այս և նմանատիպ մի շարք մուլտֆիլմեր հակացուցված են երեխաներին, քանի որ պարունակում են չարիք, չունեն որևէ կրթող կամ դաստիարակող դրվագ, չեն ձևավորում կամ քարոզում որևէ բարոյական արժեք»:

Հոգեբանը նշում է, որ վախ եւ սարսափ առաջացնող մուլտֆիլմերը կարող են ազդել նաև երեխաների ֆիզիկական առողջության վրա՝ հանգեցնելով նևրոզի, կակազության, գիշերամիզության, տեսողության թուլացման, գլխացավերի և մի շարք այլ հոգեսոմատիկ հիվանդությունների:

Իսկ ինչ վերաբերում է մուլտֆիլմերի շնորհիվ լեզուներ սովորելուն, լոգոպեդը նշում է, որ ցանկալի է մինչև 3 տարեկանը երեխան լսի միայն մեկ լեզու` մայրենին. «Մինչև 3 տարեկանը երեխայի խոսքի զարգացման ակտիվ շրջանն է: Խոսքի նորմալ զարգացման համար ցանկալի է չծանրաբեռնել երեխայի ուղեղն այլ լեզուներով, քանի որ նա կարող է խառնել բառերն ու արտահայտությունները, չհասկանալ դրանց ճիշտն ու սխալը»:

Հայկական մուլտֆիլմերի մեծամասնությունը, որոնք նկարահանվել են և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախացումից հետո, հիմնված է հայկական հեքիաթների, առակների և պատմվածքների վրա: Ամենասիրվածներն են «Գտնված երազը», «Քաջ Նազարը», «Կիկոսի մահը», «Սասունցի Դավիթը» և վերջերս նկարահանված «Անահիտը»: Վիճակագրությունը, սակայն, ցույց է տալիս, որ հայ երեխաները հիմնականում նախընտրում են արտասահմանյան մուլտֆիլմեր:

Նշենք նաեւ, որ ԱՄՆ Միչիգանի համալսարանի պրոֆեսորներ Կայլա Բրոյսի և Բրեդ Բուշմենի հետազոտությունը պարզել է, որ՝

* 2-5 տարեկան երեխաները շաբաթական 32 ժամ մուլտֆիլմ են դիտում,

* 6-11 տարեկանները՝ 28 ժամ,

* 8-18 տարեկան երեխաների 71%-ն ունի առանձին հեռուստացույց,

* 7-12 տարեկան երեխաների 53%-ը հեռուստացույց են դիտում առանց ծնողների վերահսկողության:

Անահիտ Առաքելյան

3-րդ կուրս

Կիսվել