ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԵՐԸ ՉՀՆՉԵՑԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԵՐԸ ՉՀՆՉԵՑԻՆ

1219

«Վերջին զանգն իմ ամենասիրելի տոներից մեկն է, ինչպես Նոր տարին, հարազատներիս ծննդյան օրերն ու մայիսի 1-ը։ Որովհետև վերջին զանգը սկիզբ է կյանքի մեկ այլ՝ նոր փուլի»,- ասում է Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մանուշակ Ստեփանյանը։

«Անկախ նրանից՝ դասղեկական դասարան ունեցել եմ, թե ոչ, ոչ մի Վերջին զանգ բաց չեմ թողել, որովհետև այդ օրը բեմում են այն երեխաները, որոնց դու կրթել, սեր ու ջերմություն ես տվել։ Մեր դասարանի վերջին զանգի սցենարն ու դասղեկական դասարաններիս սցենարները միասին ենք գրել, որովհետև ոչ մի օտար մարդ չգիտի, թե դու ինչպես ես անցկացրել տարիներդ։ Այս տարի չունեի դասղեկական ավարտական դասարան, բայց ամբողջ հանրապետության շրջանավարտները մերն են»։

Արդեն 3 տարի է տիկին Մանուշակը մի նախագիծ ունի՝ սահմանամերձ բնակավայրերում ապրող շրջանավարտների համար Վերջին զանգի տոնակատարություն է կազմակերպում մայրաքաղաքում․ «Հիմնականում Տավուշի մարզի երեխաներին էինք բերում այստեղ։ Այս տարի չկարողացանք տոնի հաճույքը պարգևել այդ շրջանավարտներին»։

Տիկին Մանուշակը տոնի նկատմամբ իր սերը փոխանցել է նաեւ շրջանավարտներին․ «Շատ եմ ցավում, որ չեմ կարող գրկել նրանց ու բարեմաղթանք ասել, բայց այսօր ես հայրենաճանաչության իմ դասը կնվիրեմ բոլոր շրջանավարտներին։ Որովհետև նրանք մեր վաղն ապահովող սերունդն են, ես նրանց ասելիք ու մաղթանք ունեմ։ Կարծում եմ, որ իրենք էլ այդ պատգամը կվերցնեն ու կփոխանցեն իրենցից հետո եկող սերունդներին»։

Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցի աշակերտ Էլեն Շմավոնյանը, որն այս տարվա շրջանավարտներից է, Վերջին զանգը չտոնելու լուրից շատ է տխրել։ «Ամեն ինչ արդեն մտքում պատկերացրել էի, ու ոչինչ չեղավ։ Դասարանի աղջիկներով հավաքվեցինք ու սցենարը գրեցինք։ Ուսուցիչների արած հայտնի արտահայտություններն էինք մեջբերելու, հետաքրքիր բեմադրություն էր ստացվել։ Ասում էին՝ ուրբաթ օրը փորձը կանենք, հինգշաբթի վերջինն եղավ, այլևս դպրոց չգնացինք»։

Նույն դպրոցի մեկ այլ դասարանի աշակերտ Էլեն Եղիազարյանի սպասումներն էլ չիրականացան․ «Հագուստը մեր ուզած ձևով կարած, պատրաստ էր։ Այսօր այդ հագուստով գնացինք ավարտական լուսանկար անելու։ Սցենարն արդեն պատրաստ էր, հաջորդ օրը պետք է փորձերը սկսեինք։ Սցենարի փոխարեն եկավ արտակարգ դրության լուրը։ Պարերն էլ արդեն փորձել էինք, պարելու էինք վայլս, հայկական և հիփ-հոփ։ Բեմադրության վերջին հատվածն էր մնացել, այդպես էլ ավարտին չհասավ»։

Դերձակ Ռուզաննան էլ ասում է․ «Ամիսներ առաջ աղջիկները մեծ ոգևորությամբ եկան, չափսերը վերցրի ու սկսեցի ավարտական օրվա շրջազգեստները կարելը։ Ատակարգ դրությունից ելնելով՝ Վերջին զանգը չկայացավ։ Հիմա երեխաները հերթով գալիս են, ամեն մեկն իր շրջազգեստը վերցնում ու գնում։

Տոնական փուչիկներն այդպես էլ չփչեցին, ծաղկեփնջերը չհանձնեցին։ Հուզմունքը գուցե կարողացան թաքցնել՝ ամեն մեկն իր տանը։ Կարոտելու են դպրոցն ու բոլորին։ Հայաստանում այս տարի առաջին անգամ վերջին զանգերը չհնչեցին․․․

Անի Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել