«ԱՅԺՄ ԲՈԼՈՐ ՄՏՔԵՐՍ «ՇԻՐԱԿԻ» ՀԵՏ ԵՆ»․ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

«ԱՅԺՄ ԲՈԼՈՐ ՄՏՔԵՐՍ «ՇԻՐԱԿԻ» ՀԵՏ ԵՆ»․ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

1314

Մեր զրուցակիցն է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «ԱրարատԱրմենիաՇիրակ» (1-1) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, գյումրեցիների կիսապաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Ռուդիկ Մկրտչյանը:

Ոչոքի 1-1 հաշվով ավարտեցիք խաղը «ԱրարատԱրմենիայի» հետ։ Ի՞նչ տպավորություններ ունեք այդ հանդիպումից։

-Շատ բարդ հանդիպում ստացվեց։ Ուժեղ մրցակցի հետ էինք խաղում, սակայն կարողացանք կատարել մարզիչի առաջադրանքը։ Խաղի վերջում շատ լավ հնարավորություն ունեցանք, կարող էինք գոլ խփել եւ 3 միավորով վերադառնալ տուն, սակայն ինչ-որ չափով բախտը մեզանից երես էր թեքել այդ երեկո։ Սա ֆուտբոլ է․ պետք է շարժվենք առաջ եւ պատրաստվենք հունիսի 4-ին «Արարատի» դեմ կայանալիք հանդիպմանը։

Դաշտում լավագույններից մեկն էիք, կարողացաք դառնալ նաեւ գոլի հեղինակ։ Ինչպե՞ս կգնահատեք ձեր խաղը։

-Իմ խաղը կգնահատեմ նորմալ։ Կարծում եմ՝ կարողացա կատարել մարզչի պահանջները։ Ով կդառնա գոլի հեղինակ, դա այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը հաղթանակն է, որին, ցավոք, հասնել չկարողացանք։ Ավելի լավ կլիներ՝ թիմակիցներս 2 գոլ հեղինակեին, հաղթեինք եւ վաստակեինք այդքան կարեւոր 3 միավորները։

Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնական փուլի առաջին տուրում միակ հայ ֆուտբոլիստն եք, ով դարձել է գոլի հեղինակ։ Այդ մասին ի՞նչ կասեք։

-Ճիշտն ասած, հենց նոր Ձեզանից իմացա այդ մասին։ Միայն ուրախ եմ դրա համար, ուրիշ ոչինչ ասել չեմ կարող։

Լոռիի» եւ «ԱրարատԱրմենիայի» դեմ հանդիպումները էականորեն տարբերվում էին միմյանցից։ Վերջին խաղում ավելի լավ հանդես եկաք կարելի՞ է ասել, որ արդեն մտել եք խաղի տեմպի մեջ։

-Երկարատեւ դադարից հետո «Լոռիի» դեմ հանդիպումը առաջինն էր եւ այդ պատճառով կային խաղի որակի հետ կապված խնդիրներ։ «Լոռիի» դեմ վատ խաղացինք եւ արդյունքում պարտվեցինք։ Կամաց-կամաց արդեն մտնում ենք տեմպի մեջ:

Ձմեռային դադարից վերադառնալուց շատ կարճ ժամանակ անց գնացիք հարկադրված արձակուրդի։ Այդ փաստը հոգեբանական առումով ի՞նչ ազդեցություն թողեց թիմի վրա։

-Միանշանակ ազդեցություն ունեցավ։ Կարանտինի օրերին անդադար մտածում էինք ֆուտբոլի մասին, կարոտում էինք եւ ցանկանում էինք վերադառնալ խաղադաշտ։ Ամեն օր մտածում էինք՝ երբ կավարտվի այս ամենը, որ ամեն մեկս վերադառնա իր բնականոն կյանքին։ Ճիշտ է, այդ օրերին մարզիչները ամեն օր ուղարկում էին անհատական մարզումների ծրագրերը, մենք մարզվում էինք՝ փորձելով ինչ-որ չափով պահպանել մարզավիճակ, սակայն հասկանալի է, որ տնային պայմաններում մարզումներ անցկացնելը շատ է տարբերվում թիմային մարզումներից։

Բարձրագույն խմբի առաջնության վերջին 7 հանդիպումից հաղթել եք միայն մեկը։ Ի՞նչ խնդիրներ կան թիմում եւ ինչի՞ հետ կկապեք դրանք։

-Խնդիրներ, որպես այդպիսին, չկան։ Շրջան է, որը յուրաքանչյուր թիմում էլ լինում է։ Վերջին խաղում, ինքներդ էլ տեսաք, որ շատ մոտ էինք հաղթանակին, սակայն բախտներս չբերեց։ Առջեւում ունենք անցկացնելու 9 հանդիպում եւ պետք է այդ խաղերից քաղենք առավելագույնը։

-Ինչպե՞ս կգնահատեք «Շիրակի» շանսերը չեմպիոնական պայքարում ՝ հաշվի առնելով այն, որ առաջատարից հետ եք մնում 8 միավորով։

-Շանսեր միշտ էլ կան, մենք ձգտում ենք առավելագույնին։ Մրցաշարային աղյուսակին նայելով՝ մենք 2-րդ հորիզոնականից շատ քիչ ենք հետ մնում եւ 2-3 անընդմեջ հաղթանակ տանելու դեպքում հնարավոր է, որ քիչ հեռավորության վրա լինենք նաեւ առաջատարից։ Ունենք 9 հանդիպում եւ պետք է ձգտենք առավելագույն հաղթանակներ ունենալ․այդ պարագայում միգուցե նաեւ դառնանք չեմպիոն։ Թիմի առջեւ դրված է նպատակ՝ պայքարել ամենաբարձր տեղերի համար, եւ մենք ամեն ինչ պետք է անենք այդ դիրքերում հայտնվելու համար։

Առջեւում «Արարատի» դեմ կարեւորագույն հանդիպումն է։ Ինչպե՞ս եք մոտենում այդ խաղին։

-Թիմում ամեն ինչ կարգին է, բոլորս պատրաստ ենք խաղին, մեզ հետ չէ միայն Ուրոշ Նենադովիչը, ով կարանտինի մեջ է եւ դեռեւս չի միացել ընդհանուր խմբին։ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից հետո փոքր խնդիրներ ուներ Աղվան Դավոյանը, սակայն հուսով եմ, որ նա էլ կազմ ու պատրաստ կլինի «Արարատի» դեմ խաղին։


-Երիտասարդ ֆուտբոլիստ եք եւ արդեն հաջողություններ եք գրանցել Հայաստանում։ Կարծում եմ՝ պարզ է, որ մրցաշրջանի ավարտից հետո շատ թիմեր կփորձեն ձեռք բերել քո տրանսֆերը։ Արդեն կա՞ն առաջարկներ եւ արդյո՞ք պատրաստ եք հեռանալ «Շիրակից»։

-Մենք դեռեւս հանդիպումներ ունենք անցկացնելու Հայաստանի բարձրագույն խմբում, եւ ես միայն կենտրոնացած եմ այդ հանդիպումների վրա։ Մրցաշրջանի ավարտից հետո առաջարկների առկայության դեպքում կդիտարկեմ, սակայն հիմա իմ մտքերը կապված են միայն ու միայն «Շիրակի» հետ։

Հարցազրույցը՝ Վազգեն Կարապետյանի

3-րդ կուրս

Կիսվել