ԱՎԱԶԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՄԱՆ ՄԻՋՈՑ

ԱՎԱԶԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՄԱՆ ՄԻՋՈՑ

332

Սեղան, լույս, ավազ, նկարչի հոգի և ձեռքեր. այս ամենը ավազանկարչության զարմանահրաշ աշխարհն է: Գեղեցիկ պատկերները նկարչի ձեռքի մի շարժումով հաջորդում են իրար ու գրավում դիտողի ուշադրությունը: Ավազանկարչությունը աշխատանք է լույսի և պատկերի հետ, որը բարենպաստ ներգործություն է ունենում մեր ներաշխարհի վրա:

Ավազանկարչությունը առաջացել է մոտ 20 տարի առաջ Արևմուտքում, հետո տարածվել տարբեր երկրներում։ Այն օգնում է զարգացնել մեր երևակայությունն և օգնում է կենտրոնացմանը: Այն հատկապես օգտակար է երեխաների համար:

Ինչպես նշեց «Ամաս արտ» ստուդիոյի նկարչուհի Աննա Ամասը, ավազանկարչությունը ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը։ Այն ունի ռելաքսացիոն հզոր ֆունկցիա։ Քանի որ երեխան միաժամանակ օգտագործում է 2 ձեռքերը, նրա ուղեղի երկու կիսագնդերը հավասար են զարգանում»:

«Ամաս արտ» ստուդիոն Հայաստանում գործող ավազանկարչության մի քանի կենտրոններից մեկն է: Այն իր առաջ խնդիր է դրել օգնել երեխաներին զարգացնել իրենց կարողությունը հասկանալ աշխարհը արվեստի, հասկանալ գաղտնիքները ինքնաարտահայտման միջոցով: Երեխաները ավազի հետ խաղալով, կարողանում են մոդելավորել այն, ինչն իրենց համար կարևոր է։

Այս անգամ «Ամաս արտ»-ը «Տնակ» երեխաների զարգացման կենտրոնի փոքրիկներին էր որոշել ուրախացնել՝ նրանց համար կազմակերպելով ավազանկարչության բաց դաս: Երեխաների մեծ մասն առաջին անգամ էր փորձելու նկարել ավազով և դա էր նրանց ոգևորության հիմնական պատճառը:

Ուսուցչուհի Աննայի հետ ծանոթանալուց հետո փոքրիկներն անցան գործի: Ստացված պատկերները բազմազան էին՝ մոլորակներից մինչև խաչ ու եկեղեցի: Ուսուցչուհին անցնելով սեղանների կողքով խրախուսում էր փոքրիկներին ու հորդորում ավելի համարձակ լինել. «Սա թուղթ չէ, որ ճմռթվի կամ ճղվի. Ավելի համարձակ նկարեք»:

Ապա ավազներից մի լավ հոգնելուց հետո փոքրիկները շտապեցին համակարգչի մոտ՝ դիտելու հմուտ ավազանկարիչների աշխատանքի ընթացքը: Հոլովակների ավարտից հետո փոքրիկներից մեկը պտտվեց դեպի ուսուցչուհի Աննան ու խնդրեց՝ մեզ էլ էսպես սիրուն նկարել կսովորեցնե՞ք:

 

Լիանա Անդրեյան

4-րդ կուրս

Կիսվել