«Արցախի գույներ» ձեռագործ իրերի տոնավաճառը կգործի մինչև դեկտեմբերի 5-ը

«Արցախի գույներ» ձեռագործ իրերի տոնավաճառը կգործի մինչև դեկտեմբերի 5-ը

953

Նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 5-ը, յուրաքանչյուր օր, ժամը 14:00-ից 20:00-ն,    Դալմա Գարդեն մոլում գործելու է «Արցախի գույներ» ձեռագործ իրերի տոնավաճառը: «Journalist.am»-ի թղթակիցը նոյեմբերի 23-ին այցելել էր տոնավաճառ։ Այդ օրը արցախցիները ժամը 14:00-ից զարդարում էին իրենց տաղավարները բազմաթիվ ձեռագործ իրերով: Տասնմեկ տաղավարների սեղաների վրա արցախցիների կողմից պատրաստված ձեռագործ ամենատարբեր աշխատանքներն էին`պայուսակներ` «Ե՛կ Արցախ» և «Լյոխ լավա» գրվածքներով, հուշանվերներ, թելերից պատրաստված տիկնիկներ, մազակալներ, փայտյա խաչեր և այլ իրեր, որոնք ներկայացնում էին Արցախի հարուստ մշակույթն ու կոլորիտն իրենց ամենավառ երանգներով:

Տաղավարներից մեկում «Մեր տուն» ռեստորոնային համալիրի աշխատակազմի անդամ Լիանա Սարգսյան էր, ում դիմաց դրված էին տարբեր տեսակի պահածոներ, որոնց վրա գրված էր «Արցախցու աղ դրածը»: Պահածոների կողքին դրված էր գաթան ու փախլավան: Լիանա Սարգսյանը «Journalist.am»-ի հետ զրույցում ասաց, որ Տերյան Մշակութային կետրոնի և «Մեր տուն» ռեստորանային համալիրի համատեղ ուժերով Արցախի կանանց տրամադրել են աշխատանք, որպեսզի գումար վաստակեն: Աշխատանքն էլ պահածոներ ու մի շարք Արցախի ուտեստներ պատրաստելն է և պատրաստածը Դալմա Գարդեն մոլում վաճառելը: Տաղավարում Արցախի կանանց պատրաստած մուրաբաներն են, թթուները, փախլավան և իհարկե՝ ժենգյալով հացը: Լիանան հավելեց. «Հասույթի մի մասը տրամադրում ենք «Մեր տուն» ռեստորանային համալիրում իրենց ձեռքերով այս ամենը պատրաստած արցախցի կանանց, իսկ մնացած մասով այցելում ենք զոհված զինծառայողների ընտանիքներին»:

Տաղավարներից մեկում ստեփանակերտցի Նախշուն Ավագյանը վաճառում էր վառ գույներով իր ձեռագործ իրերը: Նախշունը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության մասին իմացել է համանցացից և որոշել է միանալ ու ներկայացնել իր ձեռագործ իրերը, որոնք նաև ներկայացրել է Արցախում: Նախշունը ժպտալով նշեց. «Անունս Նախշուն է, բռենդիս անունը՝ Նախշ»։ Նախշունը նաև հավելեց, որ 4 օր առաջ է միացել նախաձեռնությանը և մի փոքր էլ խոսեց տաղավարում տիրող մթնոլորտից. «Բոլորս իրար հետ շփվում ենք, կիսվում մեր գաղափարներով, և յուրաքանչյուրս սովորում ենք իրարից»։

Արցախցիները տարածքում ստեղծել էին ջերմ մթնոլորտ: Բոլորը միմյանց հետ զրուցում էին, հետաքրքրված նայում մյուս տաղավարների նորություներին: Ստեփանակերտ քաղաքից եկած Գայանե Սարգսյանը, ուսումնասիրելով բոլոր տաղավարները, գնեց հուշանվեր, որի վրա Արցախի խորհրդանինշներն են՝ Պապիկն ու Տատիկը։ Գայանեն «Journalits.am»-ի հետ զրույցում նշեց, որ տեսնելով իր հայրենակիցների ձեռագործ իրերը՝ չի կարողացել անտարբեր անցնել: Նրան հիմնականում հետաքրքել են տաղավարներում ձեռագործ աշխատանքները և հայկականի առկայությունը յուրաքանչյուր իրում:

Արցախցի Մերի Կիսիբեկյանը իր տաղավարը զարդարել էր փայտյա հուշանվերներով և ականջօղերով: «Մարդիկ հետաքրքրված են իմ ձեռագործ աշխատանքով և շատ հաճախ հարցնում են՝ ինչ նյութերով եմ պատրաստում դրանք»,- «Journalist.am»-ի հետ զրույցում ասաց Մերին՝ հավելելով, որ իր վաճառած իրերի հասույթի մի մասը կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ «Զինծառայողների ապահովագրության»  հիմնադրամին:

Տոնավաճառ այցելած Աննա Հարութունյանին հետաքրքրել էին տաղավարի գույները: Նրան հատկապես դուր էին եկել ձեռագործ իրերը, պայուսակները, որոնց վրա գրված է «Ե՛կ Արցախ»: Տաղավարներից մեկում գերակշռում էին ՀՀ դրոշի գույները, քանի որ վաճառվող տիկնիկները այդ գույների թելերով էին պատրաստված: Արցախցի Լիլիթ Գասպարյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ տիկնիկները բերված են Գանձասարից, իր տիկնիկների մի մասը, ցավոք, մնացել է Շուշիում:

Տոնավաճառը կազմակերպող նախաձեռնության անդամներից Մարիաննա Գալստյանը, ով Դալմա Գարդեն Մոլի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն է, «Journalist.am»-ին հայտնեց, որ բազում այլ նախաձեռնություններին զուգահեռ որոշել են կյանքի կոչել նաև «Արցախի գույները» ձեռագործ իրերի տոնավաճառը: «Սոց. ցանցերում հայտարարությունը տարածելուց հետո բազում հայտեր ենք ստացել և սկսել նախաձեռնությունը:Արցախը միշտ եղել է և կլինի ստեղծագործ մարդկանց բնօրրան՝լուսավոր, պայծառ, գունագեղ վայր: Եվ այժմ, երբ արցախահայերից շատերը դեռ Հայաստանում են, այդ ստեղծագործ մարդկանց անպայմանորեն պետք էր ոգեշնչել, իսկ Արցախի գույները՝ պահել վառ»,- ասաց Գալստյանը։

Ստեֆանի Օհանջանյան

2-րդ կուրս

Կիսվել