Հայաստանում բացվել է անվաչմուշկների առաջին սրահը

Հայաստանում բացվել է անվաչմուշկների առաջին սրահը

929

Նոյեմբերի 29-ին Նոր Նորքի Գայի պողոտա 16-ում բացված Հայաստանում առաջին «Roller Skates» անվաչմուշկների սպասասրահում հերթ էր գոյացել: Մեգամոլի 2-րդ հարկի փակ տարածքում սահել ցանկացող մարդիկ շատ էին, և չմուշկները նրանց չէր բավարարում: Երեխաներն ու երիտասարդները ոգևորված ու անհամբերությամբ սպասում էին իրենց սահելու հնարավորությանը: Մեր այցելության ժամանակ սրահում հնչող բարձր երաժշտությանը զուգահեռ լսվում էր նաև երեխաների աղմուկն ու ծիծաղը: Նրանք լավ տրամադրությամբ և մեծ էնեգիայով լցված սահում լուսանկարվում ու զրուցում էին:

Նրանցից  շատերը հիմնականում սոցցանցերից էին տեղեկացել բացման մասին և շտապել էին օգտվել սահելու այս հնարավորությունից: «Ինստագրամը թերթելուց հանդիպեցի Մեգամոլի հայտարարությանը, հաջորդ օրը որոշեցի գալ, բայց տեղ չկար, իսկ այսօր արդեն կար: Սպասումներս շատ մեծ են, քանի որ արտերկրում ժամանցային վայրերը ավելի շատ են և հույս ունեմ, որ այստեղ էլ կլինեն»,- «Journalist.am»-ի հետ զրույցում  ժպտալով նշեց Անդրանիկ Պողոսյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է անվաչմուշկով սահում և  ավելի լավ սովորելու համար  կրկին կհաճախի:

Գրեթե բոլոր սահողներին տպավորել էին 90-ականների ոճը հիշեցնող չորսականի անվաչմուշկերը և նրանց վառ գույները` վարդագույն, դեղին, մանուշակագույն, երկնագույն: Առկա էին նաև գլխի և ծնկների պաշտպանիչ աքսեսուարներ, որոնք շատ օգտակար են հատկապես անփորձների համար:

Երիտասարդները հիմնականում եկել էին իրենց ընկերների և ընկերուհիերի հետ: Երեխաներին էլ ուղեկցում էին իրենց ծնողները, նաև օգնում խորհուրդներով և քաջալերում: Ճիշտ է՝  բոլորը չէ, որ վարժ սահում էին, շատերը  ընկում էին, բայց բարձրանում էին և շարունակում վստահորեն առաջ ընթանալ:

«Ես վախեցած եմ, իսկ երեխաները սիրով սահում են: Մթնոլորտը դրական է, դիզայնը և վայրն էլ  շատ լավ է ընտրված»,- «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց երկու երեխաների մայր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ մտադրություն կա կրկին հաճախելու, բայց արդեն երեխաների ընկերների հետ միասին:

Այնպիսի տպավորություն էր, թե կարծես մարդիկ սպասում էին նման մի բանի, որ ոչ միայն ձմռանը գնային սահադաշտ, այլև ցանկացած եղանակի կարողանային սահել, իրանց ժամանակը և հանգիստը անցկացնեին՝ ունենալով անմոռանալի ակնթարթներ:

«Միշտ փնտրել ենք, նայել ենք և ցանկացել ենք մի նոր բան ստեղծել մեր քաղաքում երիտասարդության և միջինից բարձր մարդկանց համար: Ընկերոջս հետ ուսումնասիրելով  տարբեր երկրներում զվարճանքի կենտրոնները՝  որոշեցինք բացել «Roller Skates»-ը, քանի որ անվաչմուշկներով սահելու վայր չկար մեր քաղաքում»,-մեզ հետ զրույցում նշեց  «Roller Skates» -ի հիմնադիր Սարգիս Մարգարյանը։ Նրա խոսքով՝ եթե մարդկանց կողմից հետաքրքրասիրություն նկատեն, կբացեն նաև երկրորդ մասնաճյուղը,  որը նախատեսված կլինի ավելի լավ սահողների և էքստրիմի սիրահարների համար:

Նշենք, որ սրահի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել նոյեմբերի 27-ին: Այն  նախատեսված է 6 տարեկանից բարձր անձանց համար:


Արևիկ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել