«Նոր ապրանքներ ստեղծելիս ուսումնասիրենք՝ ինչով կարող ենք համաշխարհային շուկա մտնել»․ Ֆլորա Աթոյան

«Նոր ապրանքներ ստեղծելիս ուսումնասիրենք՝ ինչով կարող ենք համաշխարհային շուկա մտնել»․ Ֆլորա Աթոյան

1017

Հարցազրույցների շարքի նպատակն է պարզել, թե կրթական, արտադրական ոլորտներում, ներդրումներ անելիս, համագործակցելիս ինչ փոփոխություններ ու զարգացումներ պիտի լինեն, որ կաջակցեն պետության, տնտեսության զարգացմանը։ Հյուրերը խոսում են իրենց ոլորտների առաջ ծառացած նոր խնդիրների, մարտահրավերների ու անելիքների մասին։

Զրուցել ենք մարքեթինգի և սպասարկման մասնագետ Ֆլորա Աթոյանի հետ։

-Պատերազմից հետո գալիս է հետևություններ անելու շրջան։ Ի՞նչ փոփոխություններ են պետք հետագայի համար Ձեր ոլորտում, որ կաջակցեն բիզնեսին, պետությանը և տնտեսությանը։

-Հայաստանում մարքեթինգը բավական լավ զարգացման ուղի է բռնել։ Մենք այժմ օգտագործում ենք աշխարհում կիրառվող գրեթե բոլոր դիջիթըլ հնարավորությունները՝ ուսումնասիրություններ անելու, շուկան թիրախավորելու, հաճախորդամետ սիստեմներ ստեղծելու, արդյունքների վերահսկում իրականացնելու համար:  

Անհրաժեշտ է ստրատեգիա, հետո նոր մարտավարական քայլեր: Նոր ապրանքներ ստեղծելիս ուսումնասիրել ու հասկանալ՝ ինչով կարող ենք համաշխարհային շուկա մտնել, ինչ ընկերությունների կարող ենք հրավիրել այստեղ՝ բացելու իրենց արտադրությունները, ինչպիսի արտոնյալ պայմաններ կարող ենք տալ նրանց՝ ներդրումներ անելու համար: Կարևորում եմ IT պրոդուկտների մարքեթինգը, քանի որ դրանք այժմ ամենահեռանկարայինն են: WCIT-ի մասշտաբի կոնֆերանսները կարող են բարձրացնել Հայաստանի վարկանիշը` որպես տեխնոլոգիաների զարգացման համար պոտենցիալ ունեցող երկիր, և հրավիրել այնպիսի ընկերությունների ուշադրությունը, ինչպիսիք են՝ Microsoft, Intel, Apple, Google:

-Ի՞նչ պիտի անի, ինչպիսի՞ն պիտի լինի յուրաքանչյուր ուսանող, սկսնակ մասնագետ՝ այս ոլորտը զարգացնելու և իր գործով պետությանն աջակցելու համար։

-Պետությունը մարդիկ են, և որքան լավ են ապրում նրանք, որքան կիրթ ու խելացի են, որքան բարձր է նրանց կենսամակարդակը, որքան մեդիագրագետ են, որքան պաշտպանված են օրենքով, այնքան հզոր է պետությունը:

Մենք պետք է ամեն օր, ամեն ժամ կատարելագործենք մեզ, դուրս գանք զոհի կարգավիճակից, հասկանանք, որ ոչ ոք աշխարհում մեզ ոչինչ պարտք չէ։ Հիմա առավել քան երբևէ պետք է միասնական լինենք, միմյանց հանդեպ հանդուրժող, մեկ ընդհանուր նպատակի շուրջ հավաքվենք ու հասանելի ամեն բան անենք, որպեսզի ուժեղ լինենք, իսկ ուժեղ պետությունների հետ հաշվի են նստում բոլորը:

Մենք ունենք հրաշք երիտասարդություն, որ աջակցության, մոտիվացիայի, աշխարհը ավելի լայն տեսնելու և հնարավորությունները գիտակցելու անհրաժեշտություն ունի:

-Դուք նաև դասընթացներ եք անցկացնում։ Ի՞նչ պիտի անեն, ինպիսի՞ հմտություններ պիտի փոխանցեն դասավանդողները, որպեսզի ապագա մասնագետները իրենց գործն ավելի լավ անեն։

Life long learning-ն արդեն իրականություն է, անցել է մեկ մասնագիտություն ամբողջ կյանքի համար ժամանակը։ Կրթությունը պիտի հենվի ժամանակակից առարկաների և ժամանակակից մեթոդաբանության վրա: Այն հանդիսանում է soft power (փափուկ ուժ), որի շնորհիվ կարելի է առաջ տանել ազգային շահերը աշխարհում:

Ինտերակտիվ կրթություն, գեյմինգ, ռոբոտագիտություն, 3D մոդելավորում, լոգիստիկա, IT, AI, նեյրոբիոլոգիա։ Այս նոր տենդենցները փոխելու են կրթությունը՝ բացելով նոր հնարավորություններ վերլուծողական մտածելակերպի համար։

Ե՛վ մարքեթինգի, և՛ սպասարկման իմ դասընթացները ներառում են տեսական և գործնական մաս, քանի որ առանց գործնական մասի չկա փորձ, իսկ առանց փորձի նորեկին շուկայում շատ բարդ է աշխատանք գտնել: Յուրաքանչյուր մասնակից դառնում է իր պրոդուկտի մարքեթրը և սկսում լուծել մարքեթինգային առաջադրանքները հենց իր պրոդուկտի վրա: Փորձը լավագույն տարբերակն է որևէ բան սովորելու համար:

– Ինչպիսի՞ն պիտի լինի ուսանող-աշխատավայր համագործակցությունը՝ ոլորտի բացերը, խնդիրները լուծելու, հետագա անելիքներն իրականացնելու համար։

– Երիտասարդ մասնագետը ունի ամենավառ գաղափարները, նա դեռևս չի տեսել որևէ ձախողում, ուստի երևակայությունն անսպառ է, էնտուզիազմը մեծ է։ Պետք է հնարավորություն տալ երիտասարդներին աշխատելու 1-3 ամիս՝ թեկուզ մինիմալ աշխատավարձով, սովորեցնելով, աջակցելով, վստահությունը իրենց ուժերի հանդեպ բարձրացնելով, իսկ հետո արդեն տալ լիարժեք ռեալիզացվելու հնարավորություն: Նրանց կապն ավելի ուժեղ է դրսի աշխարհի հետ: Այսօր ուսանողությունը հակված է միջազգային համալսարանների կուրսեր անցնել, և սա արդեն մի քայլ առաջ է մղում նրանց հայկական շուկայում:

-Դուք նաև շատ եք ճամփորդել։ Ըստ Ձեր ունեցած փորձի՝ ինչպե՞ս կարելի է զբոսաշրջիկների հոսք ապահովել Հայաստան համավարակի ավարտից հետո։

Երկրի փիարով զբաղվող մասնագետները հարկ է՝ ցույց տան աշխարհին, որ պատերազմն ավարտված է, սահմանները խաղաղ են։ Հուսանք՝ այս խաղաղությունը անկախ զանազան գուշակություններից, հարատև կլինի, հակառակ դեպքում տուրիզմի մասին կարող ենք մոռանալ:

Հաջորդը պետք է հետևել, թե ինչ տենդենցներ կան տուրիզմում։ Մարդիկ ձգտում են էկոտուրիզմի կամ առողջարարական տուրիզմի, ընտրում են վայրեր, որտեղ խրախուսվում է առողջ ապրելակերպը: Մյուս մասը սիրահար է մշակութային տուրիզմի։ Նախորդ տարի արվեստի ոլորտում շատ հետաքրքիր մտքեր կային, հուսամ` համավարակից հետո կյանքի կկոչվեն։ Ցուցահանդեսներ` նաև IR, VR տեխնոլոգիաների կիրառմամբ:

Մեր խոհանոցը շատ է սիրվում հյուրերի կողմից: Գերմանիայում շատ հայտնի փառատոն կա Oktoberfest։ Մեզ մոտ ևս կարիք կա բոլոր սեզոնների համար հետաքրքրիր իվենթներ ունենալ, օրինակ՝ ֆոլկ ոճի մեջ, որտեղ կարող ենք ներկայացնել մեր ավանդույթները, լեզուն, երգերը, պարերը, տարազները:

Վերջերս նկատել եմ, որ հարսանեկան տուրերը, բնությունը և գողտրիկ հյուրանոցները տալիս են այդ հնարավորությունը այստեղ մինիմալ բյուջեով հարսանիքներ անել։ Եվրոպացիների համար գներն իսկապես ցածր են, պայմանները՝ շատ ոգևորիչ:

Burning man-ը իր տեսակի մեջ բացառիկ ֆեստ է։ Եթե մեզ հաջողվի նման մի ֆանտաստիկ բան կազմակերպել և հենց այդ նույն թիրախի վրա այն առաջ մղել, ապա Հայաստանը իսկապես կարող է լրիվ նոր սեգմենտի վրա զարգացնել տուրիզմը, որը կբերի տուրիստների նոր հոսք և երկրի հեղինակության բարձրացումը արդեն ոչ միայն պատմամշակութային, այլև ժամանցային տուրիզմի ուղղությամբ:

Միլենա Մովսեսյան

4-րդ կուրս

Կիսվել