Հիմա վեցով ողջ ենք, քանի որ վեցը մեկ էր, մեկը վեց. 70...

Հիմա վեցով ողջ ենք, քանի որ վեցը մեկ էր, մեկը վեց. 70 օր անհայտության մեջ գտնված զինվոր

1137

70 օր անհայտության մեջ մնալուց հետո, թունելի վերջում լույսի է նման մի զանգը, որը փրկեց 6 տղաների կյանքը։ Սեպտեմբերի 27-ին Արթուրը ստացավ բոթը,թե պատերազմ է սկսվել ու արագ, առանց հատուկ պատրաստության՝ զինվորները գնացին ռազմի դաշտ։

Մինչև հոկտեմբերի 12-ը տղաները կռվել են առանց ջանք խնայելու, բայց այդ օրը նրանք հասկացել են, որ հայկական հողում այլ դրոշ է ծածանվում և իրենք շրջափակման մեջ են հայտնվել։

Երբ իմացա, որ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ 6 զինծառայողներ գտնվել են, հուզմունքիս չափ չկար: Տանը բոլորին փաթաթվում ու աչքալուսանք էի տալիս։

Այսօր, երբ պետք է զրուցեի հերոսներից Արթուր Հարությունյանի հետ, մի պահ տարակուսել էի, մտածում էի ինչպե՞ս հարցերը տամ, որ իրեն հանկարծ վատ չզգա: Անհավանական էր լսել նրա ձայնը լսափողից այն կողմ։

Արթուրը շատ հանգիստ և սիրալիր պատասխանեց հարցերիս: Իմացա, որ արցախցի է՝ Մարտակերտ քաղաքից։ Նա այս տարվա հունիսին անցել է ծառայության  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասում:

Զինվորը հիշելով անցած 70 օրերը՝ ինքն էլ է զարմանում, որ դա իր հետ է պատահել.

«Երբեք չէի մտածի, որ ես այդպիսի իրավիճակում կհայտնվեմ: Նման բան միայն ֆիլմերում էի տեսել։ Եթե ինձ մեկը ասեր, որ պատերազմի ժամամակ 70 օր լուր չունեն զինվորից, կմտածեի, որ անիմաստ է սպասել, քանի որ ողջ չէր լինի»։

Այժմ Արթուրը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում ու այն մտքին է, որ իրենք հիմա այնտեղ  են քանի որ մարդիկ իր նման չեն մտածել. «Հիմա լավ ենք, հանգիստ պառկած ենք ու անհանգստանալու ոչինչ չկա»։

Երբ տղաները հասկացել են, որ շրջափակման մեջ են, սկզբում սպասել են օգնության, հետո զգացել, որ դա չի լինելու ու որոշել են, որ իրենք իրենց գլխի ճարը պիտի տեսնեն.

«Դրսում էինք մնում, քանի որ տներում մնալը վտանգաոր էր. թշնամու զինվորները ներսուդուրս էին անում։ Սովը հագեցնելու համար տների նկուղներից պահածոներ, մուրաբաներ էինք հանում, հետո, երբ հասկացանք, որ ապրելու համար միայն սնունդը բավարար չէ և այդ ցրտին կարող ենք ցրտահարվել՝ ծածկոցներ ու բուշլատներ ենք վերցրել»։

Սկզբում զինվորները 6 հոգով չեն եղել, բայց քանի որ մյուսները այլ ձև են տեսել շրջափակումից դուրս գալու ճանապարհներն ու փրկվելու ելքերը՝ խումբը բաժանվել է.

«Հիմա 6-ով ողջ ենք, քանի որ վեցը մեկ էր, մեկը վեց: Մեր մեջ ոչ ոք հրամաններ չէր տալիս, յուրաքանչյուրի առաջարկը բոլորով քննարկում էինք, բոլոր վտանգները հաշվի առնում ու նոր միայն որոշում կայացնում»,- նշում է Արթուրը։

Չնայած նրան, որ հերոսը քաղաք Մարտակերտից է, նա Ջրականում (Ջաբրայիլ) առաջին անգամ եղել է պատերազմի ժամանակ և տարածքին ծանոթ չի եղել։ Այդ դրության մեջ են եղել մյուս 5 տղաները ևս։ Դա իհարկե դժվարացրել է իրենց գործը, սակայն տեղանքում կողմնորոշվելու ունակությունը շատ է օգնել իրենց։

Արթուրը պատմում է, որ այդ 70 օրերը շատ բան փոխեցին՝ իրեն փոխեցին.

«Երբեք չէի մտածի, որ մենք նման օրեր ենք ապրելու, բայց ողջ ենք, որովհետև հարմարվել ենք ստեղծված իրավիճակին»,- պատմում է նա։

Անկախ այն փաստից, որ տղաները երկուսուկես ամիս անհայտության մեջ, անորոշ ճակատագրով, երբեմն հուսահատ՝ սարեր ձորերում են եղել, միևնույն է պայքարել են: Այդ ամբողջ ընթացքում Արթուրը ընտանիքի մասին է մտածել և դա իրեն ուժ է տվել, հիմա էլ ասում է, որ պետք է ապրեն.

«Եթե չենք զոհվել, ուրեմն ավելի ուժեղ ենք դարձել»։

Նա մինչև բանակ գնալը որոշել էր, որ երբ վերադառնա Հայ-ամերիկյան համալսարան է ընդունվելու: Տղան  հիմա ավելի քան առաջ համոզված է՝ գիտելիքով կարող է հաղթել: Դրա համար Արթուրն անպայման կընդունվի համալսարան։

Սերինե Աղաբեկյան

3-րդ կուրս

Կիսվել