Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ կարևոր է Հայոց ցեղասպանության հարցում ճանաչել պատմությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունական Kathimerini-ին ասել է Սպիտակ տան խոսնակը:
«Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը ոգեկոչել է 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր մահացել էին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Նա այն ժամանակ ասել էր, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք այս սարսափելի փաստի առթիվ: Այս վարչակազմը հանձնառու է առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, վստահեցնելու, որ նման կոտորածներ այլևս չեն կրկնվի: Այս ամենի կարևոր բաղադրիչն է պատմության ճանաչումը»,- նշել է խոսնակը՝ Kathimerini-ի խնդրանքով արձագանքելով ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից նախաձեռնված նամակին, որը ստորագրել էին 36 այլ դեմոկրատ և հանրապետական սենատորներ:
Մենենդեսը նամակում Բայդենին հիեցրել էր, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում:
Սպիտակ տան խոսնակի մեկնաբանությունից հետո քաղաքագետ, քաղաքական խորհրդատվություն տրամադրող առաջատար Eurasia Group-ի և համաշխարհային հարաբերությունների լուսաբանումն իրականացնող GZERO Media-ի նախագահ Յան Բրեմերը հայտարարել է, որ Սպիտակ տան իր աղբյուրը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն: