Դասը վարում էր Աելիտա Չիլինգարյանը

Դասը վարում էր Աելիտա Չիլինգարյանը

603

Մարտի 16-ը դարձավ հետաքրքիր ու հիշվող օր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար։ Ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամներն օրը բովանդակալից էին դարձրել՝ հանդիպում կազմակերպելով Առաջին ալիքի հաղորդավար-լրագրող Աելիտա Չիլինգարյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները։ Հանդիպման և ուսանողների տպավորությունների մասին է պատմում 2-րդ կուրսի ուսանողուհի, ուսանողական խորհրդի սոցիալական հարցերի հանձնաժողովի ֆակուլտետային պատասխանատու Դանիելա Զանազանյանը, որի շնորհիվ էլ կազմակերպվել էր հանդիպումը։

-Դանիելա´, ինչպե՞ս ծագեց հանդիպումը կազմակերպելու գաղափարը։

-Ուսանողական խորհրդի անդամներով հավաքվեցինք և որոշեցինք շարունակել մեր սկսած  «Դասը վարում է լրագրողը» շարքը։ Շարքի շրջանակներում ֆակուլտետ էինք հրավիրում որևէ հայտնի լրագրողի, որը մեզ հետ կիսվում էր իր փորձով։ Անցյալ տարի ունեցել ենք նմանատիպ հանդիպումներ Քրիստինե Ալագուլյանի և Շուշան Դոյդոյանի հետ։ Այս անգամ էլ որոշեցինք հրավիրել Աելիտային, որպեսզի մեկ ժամ հենց նա դասավանդի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

-Ինչպե՞ս  կբնութագրես հանդիպումը։

-Հանդիպումը շատ հագեցած էր դրական էներգիայով։ Մեր հյուրը խոսեց այսօրվա հայաստանյան մեդիայի մասին, խոսեց իր անցած ճանապարհի մասին՝ ինչպես հայտնվեց եթերում և ինչպես դարձավ լրագրող, պատասխանեց ուսանողների կողմից հնչեցված բոլոր հարցերին, նաև համեմատականներ անցկացրեց տարբեր երկրների լրագրողական դպրոցների միջև։ Սակայն կար մի արտահայտություն, որն ամենից ավելի էր տպավորվել ուսանողների մոտ. «Լրագրությունն իրավիճակային մասնագիտություն է»։

-Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն էր հանդիպումը հյուրի տեսանկյունից։

-Աելիտա Չիլինգարյանը շատ գոհ հեռացավ ֆակուլտետից, քանի որ ուսանողների փոխանցած դրական լիցքերը շատ-շատ էին։

Վերջում մեր զրուցակիցը հավելեց, որ իրենց կազմակերպած «Դասը վարում է լրագրողը» շարքը լինելու է շարունակական, և նմանատիպ հանդիպումներ կրկին լինելու են։

Էլեն Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել