Նորարար տեխնոլոգիաներով ու ժամանակակից դիզայնով հեռուստաստուդիա և համակարգչային սրահ ժուռնալիստիկայի ֆակուլտետում

Նորարար տեխնոլոգիաներով ու ժամանակակից դիզայնով հեռուստաստուդիա և համակարգչային սրահ ժուռնալիստիկայի ֆակուլտետում

737

Մայիսի 6-ը նշանակալից էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համար: Ֆակուլտետում բացվեց 2 նոր լսարան՝ նորարար տեխնոլոգիաներով հագեցած հեռուստաստուդիա և ժամանակակից դիզայնով համակարգչային սրահ։ Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Արեգ Գևորգյանը, մեծաթիվ հյուրեր:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Արեգ Գևորգյանն առաջարկել է համատեղ ծրագրերի իրականացման համար տեխնիկապես հագեցած լսարան կահավորել. «Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո մեկնարկելու է «Թվային հաղորդակցություն» եռակողմ մագիստրոսական ծրագիրը՝ ներառելով Ժուռնալիստիկայի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների ու «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» կողմից ներկայացված փորձնական (պիլոտային) ծրագիրը, որի տևողությունը մեկ տարի է լինելու»:

Գեղամ Գևորգյանը, շնորհավորելով ֆակուլտետին, նշեց, որ համալսարանի համագործակցությունը տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ վերջին ժամանակներում նոր թափ է ստացել. «Այս համագործակցությունը ոչ միայն փոխշահավետ է, այլև նպաստում է տարածքի արդյունավետ օգտագործմանը, ինչն ուսանողներին հնարավորություն է տալիս, ուսումնական միջավայրից զատ, շփվելու նաև ապագա գործատուների հետ, ձեռք բերելու նոր հմտություններ և գիտելիքներ»:

Խոսքով հանդես եկավ նաև Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Արեգ Գևորգյանը: Նա նշեց, որ բոլորի նպատակն այս դեպքում համընկել է՝ ստեղծել հարմարավետ միջավայր ուսանողների արդյունավետ կրթության և զարգացման համար:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ում աջակցությամբ է կահավորվել նորաբաց հեռուստաստուդիան, ևս ողջունեց նախաձեռնությունը: Վերջինս հիշատակեց հեռուստաընկերության և ԵՊՀ-ի միջև կնքված ռազմավարական համագործակցության մասին հուշագիրը, որը համատեղ աշխատելու նոր հնարավորություններ է ընձեռել: Նա նշեց, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նորովի է ներկայանում ուսանողներին և որ վերաբացված հեռուստաստուդիան կնպաստի ուսանողների գործնական գիտելիքների ավելացմանը:

Միջոցառումն ավարտվեց ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում: Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին և տնօրենին այստեղ սպասում էին ֆակուլտետի ուսանողները: Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով:

Էլեն Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել