Սյունիքը՝ ժուռֆակցի սյունեցու աչքերով

Սյունիքը՝ ժուռֆակցի սյունեցու աչքերով

1032

Լեռնահայաստան հռչակված  Սյունիքն  իր պատմական՝ երկրի հարավային դարպասը լինելու նշանակությունն ամուր պահում է 1921թ.-ին: Զրուցել եմ  սյունեցի Իզայի հետ, որը ստորև ներկայացվող լուսանկարների հեղինակն է։ Իզան Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի է:

Չնայած ես Երևանում եմ, իսկ Իզան՝ Սյունիքում, անցնում ենք Սյունիքի՝ Իզայի սիրած անկյուններով: Մեր շրջայցը սկսում ենք Տաթևից:

«Սյունիք այցելելով՝ կհամոզվեք, որ տարբերվող ու յուրահատուկ վայրեր կան, որոնք նաև իրենց ապշեցնող պատմություններն ունեն: Ես Տաթևին մոտ եմ ապրում, ուստի առաջին հերթին կառանձնացնեմ հենց Տաթևի վանական համալիրը: Վանքի հետ կապված պատմություններից ամենաառանձնահատուկն ինձ համար այնտեղ կայացած համագումարի արդյունքում Սյունիքը Լեռնահայաստան հռչակելու որոշումն է: Վանքի  անունն էլ իր հետաքրքիր բացատրությունն ունի։ Ապշեցնող է Ճոճվող սյան՝ Գավազանի պատմությունը: Տաթևից ինձ խաղաղություն է փոխանցվում,  իսկ Հալիձորը, որը մյուս հրաշք վայրն է ինձ համար, անկրկնելի  բնություն ունի»,- ասում է Իզան:

Նա լավ տեղյակ է իր աշխարհի պատմությունից, ավանդույթներից: Ասում է՝ Սյունիքի ամեն մի անկյուն իր լեգենդներն ունի։ Առանձնացնում է Հարսնաձորը. «Հարսնաձորը Հալիձորի անտառի դիմացի բարձր, գահավեժ քարափներից մեկն է: Ղևոնդ Ալիշանն այն անվանել է Հարսնավազ, այսինքն՝ հարսի վազելու տեղ: Ըստ ավանդույթի՝ հին ժամանակներում մի տղա ու մի աղջիկ քայլել են կիրճի եզրով, երբ նրանց վրա պարսիկ զինվորներ են հարձակվել: Տղային սպանել են, իսկ աղջիկը՝ հարսնացուն, խաչակնքել ու նետվել է ձորը, բայց նրա շորի փեշն ինչ-որ ուժով օդապարիկի նման նրան պահել է և օգնել, որ վայրէջքը փափուկ լինի: Այդպես էլ Որոտանի կիրճի այդ հատվածը կոչվել է Հարսնաձոր»:

Հարևանների տան կողքով  «անցնելիս» Իզան պատմում է նաև նրանց աշխատասիրության մասին: Ամռան ամիսներին սյունեցիների ավանդական աշխատանքներից մեկը  թթի օղի թորելն է. «Հալիձորում, օրինակ, շատ քիչ ընտանիքներ կան, որ ամռանը թթի օղի չեն թորում: Սա հատուկ ժամանակ է, երբ բոլորի գործը մեկն է՝ նախ թութը հավաքել, հետո այն հատուկ եղանակով պահել և թորել: Ընտանիքներ կան, որոնք վաճառում են օղին, ընտանիքներ էլ կան, որ իրենց օգտագործման համար են պատրաստում: Բացի սրանից, նաև դոշաբ են պատրաստում, որն իր բուժիչ նշանակությամբ է հայտնի»:

Երիտասարդ սյունեցու համար հաջորդ հրաշալիքը Գորիս քաղաքն է։ Երբ հասնում ենք այնտեղ, նա նշում է. «Գորիսը գույների ու տրամադրության քաղաք է: Այնտեղ խաղաղություն կա: Ինձ թվում է՝ աշխարհի խաղաղությունն այնտեղից է սկսվում: Դե, Գորիսի հայտնի  մեղրի մասին էլ լսած կլինեք, կարելի է ասել՝ Գորիսը օգտակար քաղաք է»:

Ակսել Բակունցի մասին հայ գրողները շատ առիթներով են ասել, որ Սյունյաց աշխարհը տեսնելով՝ հասկացել են, թե ինչպես է նա գրում իր գործերը: Սյունեցիները ստեղծագործ են նաև: Ճանապարհին նորից Իզայի տեսախցիկը Սյունիքի գողտրիկ անկյուններն է ֆիքսում. «Ես արմատներով կապված եմ Սյունիքին: Երբ Երևան եմ գալիս, օդն ինձ այնպիսին չի թվում, ինչպիսին պիտի լինի: Օրերն եմ հաշվում, թե երբ եմ հետ վերադառնալու: Իսկ երբ Սյունիքում եմ լինում, սյունեցի այն ընկերներիս, որոնք Երևանում են,  ուղարկում եմ մեր աշխարհի սիրուն լուսանկարները, որ մի քիչ էլ նրանց կարոտն ամոքեմ: Երբ լուսանկարում եմ Սյունիքում, ամեն կադրս սիրուն է լինում, խոսուն ու սեր պարունակող: Սյունիքից դուրս լավ օրեր ունենում եմ, բայց դե Սյունիքի մառախլապատ օրերն անգամ ինձ համար ամենաջերմն են»:

Սյունիքի լեզուն իր առանձնահատկություններն ունի: Մարզի ամեն մի բնակավայր իր բարբառն ունի. մի վայրում գրական հայերենից շեղումները շատ չեն, մյուսում տարբերությունն էական է:

«Սյունիքում եղած ժամանակ մեծ մասամբ բարբառով  եմ խոսում: Երևանում էլ, երբ իմ բարբառը հասկացող մարդկանց հետ եմ լինում, խոսում եմ այդպես: Այսինքն՝ Երևան գալով՝ իմ բարբառը չեմ մոռանում: Արտասանական  յուրահատկություններ ունենք, օրինակ՝ «ա» տառը մենք մի քիչ այլ ձևով ենք արտասանում: Հա, ի դեպ, երբ այլ մարզերի կամ Երևանի ընկերներս ինձ գրում են «լավ», ես կարդում եմ այնպես, ինչպես գրական հայերենում է, բայց երբ նույն տառերով քույրս է գրում, ես դա կարդում եմ բարբառի յուրահատկությամբ, որովհետև սովոր եմ նրա հետ բարբառով խոսել, կապ չունի, որ այդ պահին տեքստ է ուղարկված: Մեր բարբառն ինձ նաև անգլերենի արտասանության մեջ է օգնում, օրինակ՝ անգլերենի «w» տառը մեր «ու» տառի հնչողությամբ է հնչում»,- պատմում է զրուցակիցս:

Սյունիքն աշխարհի կենտրոնը համարող Իզան  մտադիր է զարգացնել հենց իր մարզը։ Նրա կարծիքով՝ ամեն հայ պարտավոր է իր ծննդավայրը հզորացնել: Նրա մտքում մի քանի գաղափար կա, որոնք դեռևս չի բարձրաձայնում։ Միայն ասում է՝ «Մհեկվա Սյունիքը  ավելի լավը պիտի դարձնենք»։

Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի անձնական արխիվից

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել