Լոս Անջելեսում հայտարարել են «Էմմի» հեռուստատեսային մրցանակի դափնեկիրներին

Լոս Անջելեսում հայտարարել են «Էմմի» հեռուստատեսային մրցանակի դափնեկիրներին

518

Սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 20։00-ին, տեղի ունեցավ 73-րդ «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությունը, որի ժամանակ մրցանակները տրվեցին հեռուստատեսության բնագավառում հաջողակ շոուներին, սերիալներին և դերասաններին։ Մրցանակաբաշխության հաղորդավարն էր ամերիկացի դերասան և կատակերգու Սեդրիկ դի Էնթերթեյները։

Հաղթանակների քանակով առաջատարը ամերիկյան Netflix հեռուստաընկերությունն է, որին շնորհվել է 44 մրցանակ։ Հաջորդ տեղում է «HBO» հեռուստաընկերությունը՝ 19 մրցանակներով։ Այս մասին նշված է «Էմմի» մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։ Netflix-ի արտադրած «The Quuens Gambit» մինիսերիալը ստացել է 11 արձանիկ՝ գերազանցելով մյուսներին։ Այս սերիալը ճանաչվել է լավագույն մինիսերիալ, ինչպես նաև մրցանակ է ստացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։

Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել Netflix-ի նկարահանած «The crown» սերիալը, որի կազմում լավագույն դերասան և լավագույն դերասանուհի անվանակարգերում հաղթել են համապատասխանաբար Ջոշ Օքոննորը և Օլիվիա Քոլմանը։

«HBO» հեռուստաընկերության նկարահանած «Mare of Easttown» մինիսերիալի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը «Էմմի» մրցանակին արժանացավ մինիսերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում, իսկ սերիալի դերասաններից Էյվան Փիթերսը մրցանակին արժանացավ լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում։ Իր ելույթում դերասանը նշեց, որ արարողությունից հետո պատրաստվում է խմել իր ծնողների հետ։

Լավագույն կատակերգական սերիալ ճանաչվեց «Apple TV»-ի նկարահանած «Ted Lasso» սերիալը, որի գլխավոր հերոսին մարմնավորած Ջեյսոն Սուդեյկիսը ճանաչվեց կատակերգական սերիալներում լավագույն դերասան, իսկ կատակերգական սերիալներում լավագույն դերասանուհի է ճանաչվել «Hacks» սերիալից Ջին Սմարթը։

Առաջին եւ երկրորդ պլանի արտիստների համար բոլոր 12 կատեգորիաներում հաղթել են հեռուստաէկրանների սպիտակամորթ դերասանները, իսկ տարբեր դերասանական պարգեւների անվանակարգորդների թվում 44 տոկոսը կազմում էին էթնիկ փոքրամասնություններին պատկանող մարդիկ։ Այս ամենի պատճառով համացանցում մրցանակաբաշխության կազմակերպիչներին մեղադրում են ռասիզմի մեջ։ Այս մասին գրում է Variety-ն։

Արուսյակ Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել