Նոյեմբերի 13-ին մայրաքաղաքում հոբելյանական միջոցառումներ էին կազմակերպվել քաղաքական, պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի 75-ամյակի կապակցությամբ:
Միջոցառումներից մեկը տեղի ունեցավ «Loft» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում՝ «Վանո Սիրադեղյանի արձակն ու մարգարեությունը» խորագրով:
«Չնայած մահվան հանգամանքին՝ այսօր Վանոյի ծնունդն է, և այսօր միմյանց շնորհավորելու առիթ է, որովհետև գրողի և հրապարակախոսի դեպքում ֆիզիկական մահը բացարձակ չի նշանակում մոռացություն, կամ չի նշանակում նրա հանճարի խավարում»,- այսպես բացեց երեկոն Հայաստանի մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Մանուկ Նիգոյանը:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ Վանո Սիրադեղյանի գեղարվեստական ստեղծագործությունների և, ինչպես երեկոյի կազմակերպիչները նշեցին, մարգարեական հրապարակախոսական հոդվածների ընթերցում-քննարկումը: Գրողի գեղարվեստական ստեղծագործություններն ընթերցեց ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը, իսկ հրապարակախոսական հոդվածները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը: Ամբողջ ընթացքում քննարկումները համակարգեց և մեկնաբանություններով հանդես եկավ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Գրականագետը հանդիպման սկզբում հույս հայտնեց, որ միջոցառմանը ներկա են լավագույն ընթերցողները, ինչպես նաև խոսեց Վանո Սիրադեղյանի գրական ժառանգության արժեքավորության մասին. «Նրանք, ովքեր ծանոթ են Վանոյի գրականությանը, կփաստեն, որ ապրումներից, թեմաներից, հիշվող և մեջբերվող հատվածներից զատ Վանոյի արձակի մեջ կա մի տեսակ ռիթմ: Սա և՛ գրականության պարագայում, և՛ հրապրակախոսության դեպքում: Կարծում եմ՝ դա նրա գրի հմայքի մեծագույն գաղտնիքներից մեկն է»:
«Սուրճի դառնությունը պետք չի, որ շեղի…»,- «Անանձրև հուլիս» ստեղծագործությամբ սկսեց ընթերցումը Բաբկեն Չոբանյանը: Ամբողջ ընթացքում ներկաները խորին ուշադրությամբ լսում էին ՀՀ վաստակավոր արտիստին: Նույնսիկ ընթերցման ժամանակ Բաբկենը հարցրեց՝ արդյո՞ք դադար տա, բայց ներկաները միահամուռ պատասխանեցին, որ շարունակի ընթերցումը:
Իսկ Դավիթ Հակոբյանը, հրաժարվելով բարձրախոսից, կանգնեց ոտքի և սկսեց ոգևորված կարդալ հրապարակախոսական գրվածքները: Նա խոստովանեց, որ իր կարդացածի մեջ կան բաներ, որոնց հետ ինքը համաձայն չի եղել և տարիներ առաջ բանավիճել է Վանոյի հետ:
Ընթերցումից հետո Արքմենիկ Նիկողոսյանը քննարկում սկսեց ներկաների հետ: Շատերը պատմեցին, թե ինչպես են սկսել կարդալ և ուսումնասիրել Սիրադեղյանի գրականությունը: Ներկաներից մեկը պատմեց, որ հրապարակախոսի գրականությանը ծանոթացել է հինգ-վեց տարեկանում, երբ իր պապը կարդում էր:
Ներկաների շարքում էր արձակագիր Դավիթ Սամվելյանը։ «Իրականում Վանոյին ավելի հեշտ է կարդալ հատվածաբար, քան ամբողջությամբ: Վանոյի ստեղծած իրականությունը և իրականության մատուցումն ավելի խորը իմանալու համար պետք է անցնես մեկ-երկու տողով մեջբերումներից»,- ասաց արձակագիրը:
Երեկոյի վերջում տեղի ունեցավ նոր լույս տեսած «ԴՈՒՌԸ» ժողովածուի շնորհանդեսը: ժողովածուն ներառում է անվանի արձակագրի նախորդ բոլոր գրքերի պատմվածքները:
Անահիտ Նահապետյան
2-րդ կուրս