ԱԴԱԹՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ

ԱԴԱԹՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ

569

Քաղաքը 1924թ-ից կոչվում էր Լենինական, բայց բոլորն ասում էին Լեննագան` բարբառային արտասանությամբ՝ շեշտադրելով լենությունը, միգուցե նկատի ունենալով հյուրասեր գյումրեցիների լայն սիրտը։ Ցանկացած օտարական, ով բացում է գյումրեցու տան դուռը, առանց սեղան նստելու չի կարող այնտեղից դուրս գալ (հեշտ չի պրծնի էր էլի): Դե ծանոթների, հարազատների ու բարեկամների մասին խոսելն անգամ ավելորդ է… Գյումրիում գլուխ գովելն էլ արդեն սովորույթ ու ադաթ է. դե, ով ունենար գյումրեցու պես գլուխ ու չգովեր։ Գյումրեցին և’ լավի, և’ վատի շատն է սիրում. «մարդու հոգեառն էլ բդի մեծ էղնի» – հաճախ են կրկնում գյումրեցիները։ Մեր ավանդապաշտ քաղաքի որոշ ավանդույթներ մնացել են  որպես քաղցր հիշողություններ։ Գյումրեցի տղամարդու գլխարկը ՝ «շափխան», իր պատիվն էր։ Հարբած կամ բարկացած ժամանակ տան տղամարդը տուն գնալիս երկու ֆայտոն էր կանգնեցնում. առաջինով պատիվը՝ գլխարկն էր ճանապարհում տուն, երկրորդով ինքն էր գնում։

Ավելի հետաքրքիր են ամուսնության հետ կապված ավանդույթները։

Աղջկան տեսնելու էին գնում տղայի բոլոր բարեկամները`  առանց որևէ բացառության, և ամեն մեկն իր հերթին չափում էր աղջկա խելքն ու տնտղում արտաքինը։ Տղայի հայրը ապագա հարսնացուից ջուր էր խնդրում` ասելով. «Աղջիկ ջան, տար էս կռուշկեն զարգե վեդռոյի գլխին, ջուրըմ բեր խմեմ»։ Դրանից հետո բոլորը սպասում էին, թե աղջիկն ինչ պետք է անի. բաժակով կհարվածի դույլին, թե՞ ուղղակի դույլից ջուր կբերի։ Դա աղջկա կողմնորոշվելու ունակությունը ստուգելու համար էր արվում։ Ջուրն ապագա սկեսրայրին հասցնելն իսկական փորձություն էր, մի սխալ հայացք, ավելորդ քայլ և ամեն ինչ ջուրը կընկներ։ Եթե փեսացուն հանում էր գրպանի շախմատաձև թաշկինակը և քիթը սրբում, դա հավանության նշան էր. այսինքն՝  պետք էր հարսանիքի պատրաստություն տեսնել։ Հարսանիքի տերն ու տիրակալը քավորն էր, ցանկացած կենաց միայն նրա թույլտվությամբ էին խմում։ Հարսանիքը պարտադիր շարունակվում էր մինչև լույս, քանի որ մոմերով պար պետք է պարեին, որը կոչվում էր «Առավոտ լուսուն»։ Այն պարում էին մոմերը ձեռքներին՝ բաց երկնքի տակ շրջան կազմած։ Այնուհետև հարսանիքը շարունակվում էր մինչև ուշ գիշեր։

Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք գյումրվա բարբառով կոչվում են «մուշուրբա»։ Սովորույթները մեր երկրորդ բնավորությունն են․առանց դրանք պահպանելու մենք կորցնում ենք մեր քաղաքի իրական դեմքը, համն ու հոտը։ Գյումրին հարատև է իր ամենաառանձնահատուկ ու տարբերվող ավանդույթներով։

 

 

Վիոլետա Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել