03.07.2025
Կատեգորիա
Առողջապահություն
ատամնաբույժ

Ատամների ճիշտ խնամքը կարևոր է ոչ միայն գեղեցիկ ժպիտի, այլև ընդհանուր առողջության համար։ Շատերը, կարծում են, որ պարզապես խոզանակելը բավարար է, սակայն ճիշտ խնամքը պահանջում է ավելի մանրակրկիտ մոտեցում։  Ի՞նչ անել, որ ատամները մնան առողջ․ այս և այլ հարցերի պատասխաններ ստանալու համար զրուցել ենք ատամնաբույժ Մարիամ Ալեքյանի հետ։ 

-Որքա՞ն հաճախ պետք է լվանալ ատամները և ինչպե՞ս անել դա ճիշտ։

-Ատամները պետք է լվանալ օրը 2 անգամ՝ առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ։ Ճիշտ լվանալու համար պետք է վերին ծնոտը խոզանակել լնդեզրից ներքև ուղղահայաց շարժումներով, իսկ ստորին ծնոտը՝ լնդեզրից վերև ուղղահայաց շարժումներով։ Ճիշտ խոզանակելու դեպքում ատամների մաքրումը մեզնից խլում է ընդամենը 2/3 րոպե։

-Ատամի խոզանակի ո՞ր տեսակն է նախընտրելի՝ փափու՞կ, միջի՞ն, թե՞ կոշտ մազիկներով։ 

-Խոզանակի ընտրությունը կախված է բուժառուի կլինիկական դեպքից. լնդի վիճակով պայմանավորված՝ նշանակում է բժիշկը։

-Իսկ որքա՞ն հաճախ է պետք խոզանակը փոխել։

-Ատամի խոզանակը ցանկալի է փոխել ամիսը մեկ անգամ, քանի որ այդպես ավելի էֆեկտիվ է դառնում տնային հիգիենան, բայց եթե ամիսը մեկ հնարավոր չէ, ապա պետք է փոխել 2 կամ 3 ամիսը մեկ պարտադիր։

-Ատամի մածուկ ընտրելիս ի՞նչ գործոնների է պետք ուշադրություն դարձնել։

-Ատամի մածուկները տարբեր են լինում՝ ամենօրյա, սպիտակեցնող, բուժիչ։ Եթե բժշկի կողմից հատուկ նշանակում չկա, ապա պետք է ընտրել ամենօրյա օգտագործման ատամի մածուկ, որը պարունակում է կալցի, ֆտոր, որոնք օգտակար են ատամների զգայնության համար։

- Հաճախ մարդիկ մածուկի փոխարեն ատամները լվանում են սոդայով, արդյոք վնասակար չէ։ 

-Անխոս վնասակար է, որովհետև սոդայի մասնիկները ատամի էմալի վրա առաջացնում են մաշվածություն կամ անհարթ մակերևույթ, ինչը կարող է ատամների գերզգայնության պատճառ դառնալ։

ատամ

-Արդյոք բերանի  ողողման համար նախատեսված հեղուկներն իսկապես օգտակար են։ 

-Այո, օգտակար են, քանի որ ինչպես ատամներին, այնպես էլ ամբողջ բերանի խոռոչում առկա են բակտերիաներ, միկրոբներ, որոնք ամեն րոպե մեր բերանում են, օրինակ՝ լեզվի կամ քիմքի վրա, և նշված ողողման հեղուկները մաքրում են բերանի խոռոչի միկրոֆլորան, օգնում կարգավորել շնչառությունը և ազատվել բակտերիաներից։

-Ո՞րն է ատամների մաքրման ամենատարածված սխալը։ 

-Ամենատարածված սխալը արագ-արագ մեկ րոպեում խառը շարժումներով խոզանակելն է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, ատամները պետք է խոզանակել վերին և ստորին ծնոտի լնդեզրերից ուղղահայաց վերև կամ ներքև շարժումներով։

-Արդյոք  պարտադիր է ատամնաթելի օգտագործումը։ 

-Այո, պարտադիր է, քանի որ այն հանդիսանում է բուժիչ և կանգարգելիչ միջոց կարիեսի առաջացման համար։ Այն մաքրում է միջատամնային տարածությունները, որի արդյունքում սննդային մնացորդներ չեն կուտակվում, ինչը շատ կարևոր է։ 

-Իսկ արդյոք հնարավոր է կանխարգելել կարիեսի առաջացումը. եթե այո, ապա ինչպե՞ս։

-Կարիեսի առաջացման պատճառները տարբեր են,  բայց հիմնականում առաջանում է տնային հիգիենայի թերացման արդյունքում, քանի որ ատամնափառը կուտակվում է միջատամնային տարածություններում, ատամի մակերեսին, որից առաջանում են կարիես, լնդերի բորբոքում և այլն։ Ուստի պետք է խստորեն հետևել տնային հիգիենային՝ դրանց առաջացումը կանխարգելելու համար։

-Քաղցր ուտեստները իսկապե՞ս վնասում են ատամները։ 

- Քաղցրի չարաշահումը միանշանակ կարող է վնասել, սակայն եթե պահպանենք տնային հիգիենան, ապա քիչ հավանական է։ 

- Իսկ սուրճը և թեյը։ 

-Թեյը կարող է, որովհետև շատ օգտագործելու դեպքում կարող է նստվածք առաջացնել ատամի մակերեսին, բայց սուրճը՝ ոչ։ 

-Արդյոք ատամների սպիտակեցման տնային մեթոդներն անվտանգ են։

-Միանշանակ խորհուրդ չի տրվում ատամները սպիտակեցնել նման մեթոներով։ 

-Եվ վերջին հարցը, որքա՞ն հաճախ է պետք այցելել ատամնաբույժի։

-Ստանդարտ դեպքերում ատամնաբույժի պետք է այցելել 6 ամիսը մեկ անգամ, սակայն էլի կախված բուժառուի կլինիկական դեպքից՝  միգուցե անհրաժեշտ լինի ավելի հաճախ այցելել։

Արևիկ Քոլունց