03.07.2025
Կատեգորիա
Դիմանկար
Լիլիանա Ափրոյան

Կյանքով լեցուն և չհանձնվող. այսպես են նրան նկարագրում հարազատները: Լիլիանա Ափրոյանը դեռ մանկուց երազում էր արտիստ դառնալու մասին: Սակայն ճակատագիրն այլ ուղի էր կանխորոշել. երգից բացի, 

Լիլիանան զբաղվում է պայուսակաների և այլ աքսեսուարների արտադրությամբ, բայց ոչ սովորական, դրանք կարվում են գորգերից:

«Սկզբում, երբ հիմնում էի բիզնեսը, բոլորովին նպատակ չունեի գումար աշխատելու, ցանկանում էի հայկական գորգերը ներկայացնել աշխարհին և հենց սկզբից բացառապես ընտրում էի հայկական գորգեր, սակայն, երբ բիզնեսս աստիճանաբար զարգացավ, և բոլոր հարազատներս ու ընկերներս առիթներին ինձ գորգեր սկսեցին նվիրել, պարսկական և այլ ազգերի գորգեր ևս սկսեցինք օգտագործել»,- պատմուոմ է Լիլիանան։

Նա անկեղծանում է, որ բիզնեսը հիմնելու հարցում իրեն շատ է օգնել տատիկը: Մեր հերոսուհին, որն այդ ժամանակ բնակվում էր Ռուսաստանում, զանգահարում է Գավառում ապրող տատիկին և պատմում մտադրության մասին։

«Ասացի, որ ուզում եմ գորգերից պայուսակներ կարել։ Մինչև իմ Հայաստան գալը նա չէր ափսոսացել իր գորգը և կտրտել ու պայուսակ էր կարել: Իրականում տատիկս կար ու ձև անող չէ, և կարել պայուսակ` այն էլ գորգից, բնականաբար, բարդ աշխատանք է ու այնպես, ինչպես ես էի ուզում, չէր ստացվել: Ես որոշեցի հրաժարվել այս մտքից՝ կարծելով, որ հնարավոր չէ գորգից ինչ-որ բան կարելը, սակայն տատիկիս խորհրդով պայուսակը տարա Ռուսաստան, այն ցույց տվեցի հարազատներիս, նրանք էլ խորհուրդ տվեցին՝ ցույց տալ արհեստավարժ կարողի: Այսպես ստեղծվեցին առաջին պայուսակները»,-վերհիշում է նա:

Լիլիանայի բրենդը հայտնի է Sovushkas bags անունով: Անվան ծագումնաբանությունը հետևյալն է. նա մանկուց շատ է սիրել բուերին, և որպես բեմական կեղծանուն ընտրել է Sovushka muz անունը, (ռուսերեն բու-сова բառից) այսպես նույն անվանումն էլ ստացել է իր արտադրանքը: Զրույցի ընթացքում նա նշեց, որ դժվար ընթացք է գորգեր ձեռք բերելը, քանի որ առաջին հերթին պիտի լինեն նոր, որակյալ և ինքը մի փոքր դժվարանում է ծանր գորգեր գնելն ու տեղափոխելը:

Քսանչորսամյա Լիլիանան այժմ բնակվում է Մոսկվայում՝ փորձելով համատեղել և՛ իր բիզնեսը, և՛ երգչուհու կարիերան:  

«Ծնողներս ապրում են Սարատովում, իսկ ես տեղափոխվել եմ Մոսկվա՝ սովորելու, նպատակներս իրագործելու: Հիմա նոր երգեր եմ ձայնագրում, որոնց հեղինակը ես եմ: Շոու բիզնեսին մոտ լինելու համար աշխատել եմ նաև երգիչ Դավայի օգնականի օգնական: Մանկուց երազում էի Ֆիլիպ Կիրկորովի համերգին երեգել, նրան գրում էի, տարբեր հետաքրքիր միջոցներ էի մտածում. ինչ անել, որ իրականանա երազանքս, ու ես էլ չգիտեմ թե ինչպես, այն ինձ հաջողվեց. ես երգեցի նրա հետ նույն բեմում: Անկեղծ՝ չեմ կարող նկարագրել. էմոցիաներս վերերկրային էին, իսկ այս ամենին հաջորդեց այն, որ հրավեր ստացա ներկա գտնվելու իր ծննդյան տոնակատարությանը: Այսպես փորձում եմ երբեք չհիասթավել, եթե չի ստացվում, նորից եմ փորձում»,-ժպտալով պատմում է նա:

Լիլիանան անկեղծացավ իր հետագա պլանների մասին. ցանկանում է ընդլայնել իր բիզնեսը, բայց մեծ ոգևորվածությամբ է խոսում նաև երգչի կարիերայի մասին: Պատրաստվում է Ռուսաստանում մասնակցել նորաձևության ցուցադրությանը, և ամբողջ աշխարհին ցույց տալ հայկական գորգերով պայուսակներն ու այլ ակսեսուարները:

 

Վարդուհի Մազմանյան