
Երբ վերջին անգամ քայլել եք փողոցով, հիշո՞ւմ եք՝ քանի մարդ էր նայում դեպի երկինք, անցորդներին կամ ուղղակի իր շուրջը։ Հավանաբար՝ ոչ։ Ձեր ուշադրությունը գրավել է այլ պատկեր՝ մարդիկ գլխիկոր հեռախոսի էկրանին են նայում, կամ ականջակալներով կտրված են իրականությունից։ Եվ սա միայն փողոցներում չէ։ Մտեք որևէ սրճարան, ավտոբուս կամ այգի։ Ամենուր նույն տեսարանն է․մարդիկ, ֆիզիկապեսկողք կողքինստած, բայց մտովի մղոններով հեռու:
Սա պարզապես տեխնոլոգիայի դարաշրջան չէ։ Սա մարդկանց միջև կապի խզման նոր դարաշրջան է։ Սոցիալական մեդիան, որ ստեղծվել էր մեզ իրար ավելի մոտ բերելու համար, կարծես թե անում է ճիշտ հակառակը՝ մեզ դարձնելով կախված, մեկուսացված և հաճախ դժգոհ։
Սոցիալական մեդիայի ստեղծման նպատակը ի սկզբանե աշխարհն ավելի փոքրացնելն էր՝ մարդկանց միջև կապ հաստատելով աշխարհի մի ծայրից մյուսը վայրկյանների ընթացքում։ Եվ այո, դա այդպես էլ եղել է. մենք կարող ենք խոսել հարազատի հետ, ով ապրում է օվկիանոսի մյուս կողմում, տեսնել նրա ամենօրյա կյանքը առանց տեղից շարժվելու։ Բայց միևնույն ժամանակ մենք անուշադրության ենք մատնում հենց այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես մեզ հետ են, մեր կողքին։ Երբեմն թվում է, թե մենք այնքան զբաղված ենք թվային աշխարհով, որ իրական կյանքում հայտնված մարդիկ դառնում են երկրորդական։
Ի՞նչ կասեք, եթե պնդեմ, որ այս նոր «միավորման» տեխնոլոգիան միևնույն ժամանակ նաև բաժանման հիմք է դնում։
Թվեր, որոնք պետք է սթափեցնեն
Նախքան մարդկանց պատմություններին անցնելը՝ անդրադառնանք թվերին, որոնք ցույց են տալիս խնդրի մասշտաբները։ 150 մարդու մասնակցությամբ հարցումը պարզել է, որ հարցվածների 42%-ը օրական 3-5 ժամ է անցկացնում համացանցում, իսկ 28.7%-ը գրեթե միշտ օնլայն է։ Հավանաբար դուք արդեն սկսեցիք մտածել՝ իսկ ես ո՞ր խմբում եմ։
Օգտատերերի շրջանում ամենատարածված հարթակները, ըստ հարցման, Ինստագրամն է (73.3%), Տելեգրամը (38.7%) և Յութուբը (31.3%)։ Համացանցը 44.7%-ի համար դարձել է կախվածություն, 36%-ի համար՝ ազդել է քնի որակի վրա, իսկ 14.7%-ի մոտ առաջացրել տրամադրության անկում։
Ավելին՝ հարցվածների 59.3%-ը նշում է, որ առանց համացանցի կարող է դիմանալ, բայց դժվարությամբ։ Եվ միայն 13.3%-ն է խոստովանում, որ ընդհանրապես չի կարող պատկերացնել իր օրը առանց ինտերնետի։
Այս թվերը, գուցե, թվան չոր վիճակագրություն, բայց դրանց հետևում կանգնած են իրական մարդիկ՝ իրական խնդիրներով։
Լիլիթի ճանապարհը դեպի թվային կախվածություն
Լիլիթի հետ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ կախվածությունն իրական է, և դրա հետևանքները՝ կործանիչ։
«Սկզբում սոցիալական մեդիան իմ կյանքի փոքրիկ ուրախությունն էր։ Հետևում էի ընկերներիս, հայտնի ինֆլուենսերների, նոր բաներ սովորում, բայց հետո ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Ես սկսեցի համեմատել ինձ ուրիշների հետ։ Նրանք բոլորն այնքան գեղեցիկ էին, երջանիկ, հաջողակ։ Եվ ես հասկացա, որ իմ կյանքն անգույն է։ Դու գիտես, որ դա հորինված աշխարհ է, բայց հոգեբանորեն չես կարողանում դուրս գալ այդ թակարդից»։
19-ամյա ուսանողուհին խոստովանում է, որ իր անունը փոխված է, բայց դժվարությունները՝ իրական։
Նրա խոսքով՝ ամենադժվարը բուհի ընդունելության քննություններին պատրաստվելն էր.
«Տեսնում էի, թե ինչպես են շատերը հեշտությամբ ընդունվում օտարերկրյա համալսարաններ, իսկ ես մտածում էի՝ անգամ հայերենով քննություն հանձնել չեմ կարողանա։ Սոցցանցերը լրացուցիչ ճնշում էին։ Երբ պետք է դաս անեի, անընդհատ հեռախոս էի վերցնում։ Արդյունքում՝ օրեր էի կորցնում ոչինչ չանելով։ Ամեն ինչ ավելի բարդացավ, երբ սկսեցի համեմատել ինձ ուրիշների հետ։ Նրանք հաջողակ էին թվում, իսկ ես՝ ձախողակ։ Եվ այդ կեղծ պատկերն ուղղակի հյուծում էր ինձ»:
Աստիճանաբար իմ շուրջը ավելանում էին վեճերը, նյարդային էի: Ընկերներիս ու ընտանիքիս հետ շփումները գնալով քչանում էին, ինձ նոր վիրտուալ ընկերներ էի գտել, որոնց հետ կարող էի զրուցել»։
Վիրտուալ կյա՞նք, թե՞ ընտանիք
Կախվածությունը միայն երիտասարդներին չէ բնորոշ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող 45-ամյա Արամը օրվա մեծ մասը անցկացնում է համակարգչի առջև։ Սակայն աշխատանքից դուրս էլ նրան դժվար է տեսնել առանց հեռախոսի։
«Սկզբում դա ուղղակի զվարճանք էր։ Գտնում էի հետաքրքիր նյութեր, ուսումնասիրում նոր բաներ։ Բայց հետո դա դարձավ ամեն ինչ։ Օրվա մեծ մասն անցնում է՝ առանց նկատելու։ Եվ ամենացավալին այն է, որ դրա պատճառով ես կորցրել եմ իրական կյանքը։ Մի օր կինս ուղղակի ասաց՝ «կարծես տանն ես, բայց իրականում չկաս»։ Ես գիտակցեցի, որ ընտանիքս փլուզման եզրին է։ Իմ երեխաները հաճախ խաղում էին առանց ինձ, կինս՝ խուսափում խոսակցություններից։
Արամի պատմությունը ցույց է տալիս, որ մեծահասակների մոտ կախվածությունը հաճախ ավելի քողարկված է, բայց ոչ պակաս վտանգավոր։
Ինչ է ասում մասնագետը
Հոգեբան Մարիամ Մելքումյանը նշում է, սոցիալական մեդիան դարձել է հոգեբանական կախվածության հզոր աղբյուր։ «Մեր ուղեղը դոֆամին է արտադրում, երբ ստանում ենք նոր տեղեկություն կամ դրական զգացողություն։ Բայց այս հաճույքը կարճաժամկետ է։ Արդյունքում մենք ավելի ու ավելի շատ ժամանակ ենք ծախսում սոցցանցերում նույն հաճույքը ստանալու համար։ Սա կործանարար ցիկլ է, որն ազդում է թե՛ մեր հոգեբանության, թե՛ մեր ֆիզիկական վիճակի վրա»։
Ըստ մասնագետի՝ մեծահասակների մոտ կախվածությունն ավելի շատ կապ ունի տեղեկատվության գերծանրաբեռնման հետ, քանի որ նախկինում նրանք չեն ունեցել այդքան ինֆորմացիայի հասանելիություն, մինչդեռ երիտասարդների մոտ հիմնական խնդիրը ինքնագնահատականի անկումն է։
Կախվածությունը հաղթահարելը հեշտ չէ, բայց հնարավոր է։ Հոգեբանը խորհուրդ է տալիս.
- Սահմանեք օրական օգտագործման ժամանակի հստակ սահմանափակումներ. օրինակ՝ ոչ ավելի, քան 2 ժամ։
- Կենտրոնացեք իրական կյանքի հաճույքների վրա. գտեք հոբբի, զբաղվեք սպորտով, հանդիպեք ընկերների հետ։
- Հետևեք ձեր վարքին. եթե նկատում եք, որ առանց սոցցանցերի անհանգիստ եք, չեք կարողանում միայնակ հաղթահարել, ապա ավելի լավ է դիմեք մասնագետի։
- Փորձեք օգտագործել սոցցանցերը նպատակային․ օգտվեք դրանցից միայն ուսուցման կամ աշխատանքի համար, ոչ թե ազատ ժամանակը լրացնելու համար։
Լիլիթն ու Արամը ևս այժմ փորձում են գտնել իրենց ճանապարհը դեպի իրական աշխարհ:
Հիմա կանգ առեք մի պահ և հարց տվեք ինքներդ ձեզ. ի՞նչ կկորցնեք, եթե չնայեք ձեր հեռախոսին հաջորդ մի քանի ժամում։ Իսկ ի՞նչ կգտնեք։ Թերևս՝ իրական կյանքը, որի կողքով մենք հաճախ անցնում ենք՝ առանց նկատելու։ Հարցն միայն մեկն է՝ տեխնոլոգիաներին տե՞ր եք դառնում, թե՞ ծառա։