
Այսօր դերասանների համար թատրոնը պարզապես բեմական խաղ չէ։ Այն մի աշխարհ է, որտեղ ծնվում են կերպարներ, պատմություններ, և մարդկային զգացմունքները վերարտադրվում են հանդիսատեսի աչքի առաջ։ Թատրոնը մտածողություն է, ապրելակերպ, փորձառություն։
Այս անգամ զրուցել ենք մի երիտասարդի հետ, ով վաղուց հստակ որոշել է իր մասնագիտական ուղին՝ թատրոնն ու բեմն են նրա ապագան։
-Մոնթե, ե՞րբ հասկացար, որ թատրոնն այն վայրն է, որտեղ տեսնում ես քո ապագան։
-Հատուկ որոշելու կամ հասկանալու պահ չի եղել։ Դա իմ ներսում էր՝ որպես հստակ զգացողություն։ Մանկուց սիրել եմ հետևել դերասանական խաղին, սակայն երբ ընդունվեցի ինստիտուտ, հասկացա, որ ինձ ավելի շատ գրավում է ներկայացում բեմադրելը, և հենց այդ պատճառով էլ ընտրեցի ռեժիսուրան։
-Հիշու՞մ ես առաջին դերը և որտե՞ղ այն խաղացիր:
-Այո՛, իհարկե։ Իմ առաջին դերն ունեցել եմ Մեղրու «Նռանե» թատրոնում։ Դա ինքնագործ խմբակ էր, որը ստեղծվել էր Մեղրու մշակույթի տան նախկին տնօրենի և Կապանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Գայանե Վարդիկյանի ջանքերով։ Առաջին անգամ հանդես եմ եկել «Ուժի դեղը» ներկայացման մեջ՝ մարմնավորելով հայ «քյարթու» տղայի։ Հետաքրքիրն այն էր, որ ներկայացումից հետո շատերը կարծում էին, թե իրական կյանքում նույնպես այդպիսին եմ։ Կարծում եմ՝ եթե նման տպավորություն էր ձևավորվել, ուրեմն Լևոնի կերպարը կարողացել եմ ճիշտ մատուցել։
-Ձեր կարծիքով՝ մերօրյա երիտասարդությունը հետաքրքրվա՞ծ է թատրոնով։
-Վերջին տարիներին երիտասարդների շրջանում փոփոխություն եմ նկատում։ Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են հաճախում թատրոն, և դա շատ ուրախալի է։ Հաճախ հանդիպում եմ նաև դպրոցական խմբերի, որոնք հավաքվում են և գալիս թատրոն՝ ներկայացում դիտելու։
- Ի՞նչ նշանակություն ունի թատրոնը քո կյանքում։
-Թատրոնն ինձ համար պարզապես մասնագիտություն չէ, այլ տուն, որտեղ ինձ ապահով եմ զգում։ Կարող եմ վստահ ասել, որ իմ ապագան անբաժանելի է բեմից։
- Գիտեմ, որ լուսանկարչությունը քո հոբբին է։ Այժմ ևս զբաղվո՞ւմ ես դրանով։
-Այո՛, լուսանկարչությունն ինձ համար կյանքի անընդհատ շարժման մեջ չնկատվող գեղեցկության արվեստն է։ Հաճախ չենք հասցնում նկատել մեզ շրջապատող գեղեցկությունը, որն իրականում մանրուքների մեջ է թաքնված։ Իսկ լուսանկարչության միջոցով այդ մանրուքները դառնում են տեսանելի ու հիշարժան։
-Ծնվել ես լեռնային գոտում, և գիտեմ, որ սիրում ես լեռնագնացությունը։ Ո՞րն էր վերջին հաղթահարածդ բարձունքը։
-Բնությունն ու լեռները էներգիայի և ուժի աղբյուր են ինձ համար։ Վերջին հաղթահարածս բարձունքը Ծակքարի լիճն էր։
-Եվ վերջում, ինչո՞վ է, ըստ քեզ, ավարտվում յուրաքանչյուր նոր բան։
-Իմ կարծիքով՝ ամեն նոր բան ավարտվում է դասերով ու նոր փորձառությամբ։ Խոչընդոտներն ու փորձությունները հաղթահարելով՝ մարդն ընդլայնում է իր ուժերի սահմանները և բացում նոր հորիզոններ։