03.11.2025
Կատեգորիա
Սպորտ
ֆուտբոլիստ

Ֆոտբոլը հասարակության մեջ մեծ հետաքրքրություն վայելող սպորտաձևերից մեկն է: Հայաստանում ֆուտբոլն անցնում է զարգացման իր ուղին: Հայաստանի ֆուտբոլային ակումբներից՝ Նոա ակումբի կենտրոնական հարձակվող, 17-ամյա Սերոբ Մկրտչյանի հետ զրուցել ենք իր ուղու, հաղթանակների ու դժվարությունների, հայաստանյան ֆուտբոլի ապագայի և առկա խնդիրների մասին։ 

-Սերոբ, դեռ մանկուց հետաքրքրված ես եղել ֆուտբոլով։ Ինչպե՞ս սկսեցիր  ոլորտով զբաղվել ավելի խորացված:

-Այո, Ֆուտբոլը սիրել եմ դեռ 4-5 տարեկանից, երբ բակում օր ու գիշեր խաղում էի ընկերներիս հետ: Ծնողներիս պատմելով՝ մի օր մեր թաղամասի բնակիչներից մի մարդ, ում անունն Ալիկ էր, նկատել էր ինձ խաղալիս և ծնողներիս խորհուրդ էր տվել ինձ տանել պրոֆեսիոնալ ֆուտբոլի: Գնացինք Միկա ակումբ, բայց այնտեղ ինձ համար համապատասխան տարիքային խումբ չկար, ուստի ասացին, որ սպասենք՝ մինչև 6 տարեկանս լրանա։ 6 տարեկանում արդեն ինձ կանչեցին, և այդ տարիքից սկսեցի ֆուտբոլային ճանապարհս:

-Դու խաղում ես Նոա ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան խմբում: Կնշե՞ս՝ մինչ այս քեզ համար հիշարժան հաղթանակները:

-Վերջերս թիմով հասել էինք Հայաստանի գավաթի եզրափակիչ: Կիսաեզրափակչում հաղթեցինք Ուրարտու ակումբին, ինչը մեծ ուրախություն պարգևեց մեր թիմին, քանի որ դա առաջին դեպքն էր, երբ Նոայի մանկապատանեկան թիմը հասնում էր եզրափակիչ: Ցավոք, եզրափակչում պարտվեցինք Փյունիկ ակումբին, բայց դա մեծ փորձ էր մեզ համար։ 

-Վնասվածքները գրեթե միշտ ուղեկցում են մարզիկներին և թողնում իրենց ազդեցությունը։ Ինչպե՞ս ես հաղթահարում դրանք:

-15 տարեկանում մարզումներից մեկի ժամանակ կոտրեցի ոտքս։ Ստիպված եղա 2 ամիս բաց թողնել մարզումներն ու հանդիպումները: Թվում էր, թե այդ տարիքում վնասվածք ստանալուց հետո հարազատներիցս տարբեր կարծիքներ կլսեմ ֆուտբոլը դադարացնելու կամ թողնելու մասին, բայց՝ հակառակը։ Հիշում եմ՝ պապիկս ասում էր «արհեստը մտել է մեջդ»։ Իսկապես, վերականգնվելուց հետո վերադարձա ավելի վստահ և կոփված, ավելին՝ հրավիրվեցի առաջին լիգայում խաղալու։ 

ֆուտբոլիստ

-Ինչպե՞ս ես տեսնում Հայաստանում ֆուտբոլի և քո ապագան:

-Ըստ իս՝ եթե մարզիկը ոլորտում կարողանում է իրեն դրսևորել և ընտրում է ճիշտ ակումբ, աշխարհի ցանկացած կետից կարողանում է հաջողության հասնել: Հայաստանում կան ակումբներ, որոնք զարգացնում են տարբեր ֆուտբոլիստների, օրինակ՝ Փյունիկը, Ուրարտուն, Նոան և այլն: Եթե խոսեմ իմ պլանների մասին, փորձիցս ելնելով, կասեմ, որ տարիներ հետո միայն ժամանակը ցույց կտա, թե որտեղ կշարունակեմ կարիերաս։ Սակայն, Հայաստանում խաղալու դեպքում, կփորձեմ լավագույնս հանդես գալ, քանի որ խաղում եմ հայրենի երկրում։

-Սերոբ, կա՞ն փոփոխություններ, որոնք կառաջարկես հայկական ֆուտբոլի զարգացման համար:

-Առաջին հերթին, անհրաժեշտ է փորձել այնպես անել, որ հայկական ֆուտբոլը ճանաչելի դառնա Եվրոպայում, քանի որ այնտեղ Հայաստանն իր ֆուտբոլով այդքան էլ հայտնի չէ։ Սա գալիս է նաև ֆինանսական և ներդրումների պակասից, ինչն իր հերթին նաև առաջացնում է ֆուտբոլիստների՝ այստեղ մարզական կարիերան չտեսնելը։ Անհրաժեշտ է նաև արտերկրից մասնագետների հրավիրել, որպեսզի այստեղ զարգացնեն ոլորտը՝ իրենց փորձի հիման վրա։ Օրինակ՝ մեր ակումբում կան պորտուգալացի մասնագետներ, ովքեր իրենց փորձով փորձում են զարգացնել ֆուտբոլը։ Սա կբարձրացնի նաև թիմերի միջև մրցակցությունը, ինչը կարևոր է մարզիկների մասնագիտական առաջընթացի համար:

ֆուտբոլիստ

 

Անի Սայադյան