03.11.2025
Կատեգորիա
Հասարակություն
Աննա Կոստանյան

Այսօր սոցիալական մեդիան դարձել է ոչ միայն տեղեկատվության տարածման հզոր գործիք, այլև հասարակական կարծիքի ձևավորման հարթակ։ Այն կարող է նպաստել իրազեկվածության բարձրացմանը, բայց նաև վտանգավոր լինել ապատեղեկատվության և մանիպուլացիաների տեսանկյունից:

Lրագող Աննա Կոստանյանի հետ քննարկել ենք, թե ինչ ազդեցություն ունի սոցիալական մեդիան հասարակության վրա և ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնում լրագրողները թվային դարաշրջանում:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է սոցիալական մեդիայի ազդեցությունը հասարակության վրա, և ինչպե՞ս է սոցիալական մեդիան ձևավորում հասարակական կարծիք:

-Սոցիալական մեդիայի ազդեցությունը թե՛ հասարակության վրա և թե՛ հասարակական կարծիքի վրա շատ բազմաշերտ է: Մենք գիտենք, որ ինֆորմացիոն աղբյուրները գնալով շատանում են, մարդիկ ամեն տեղից կարող են ինֆորմացիա ստանալ, նաև իրենք կարող են ստեղծել այդ ինֆորմացիան՝ դառնալով դրա հիմնական աղբյուրը. միաժամանակ այս ամենը ունի նաև իր բացասական, ինչու չէ, նաև հարցական կողմերը: Այն կարող է ազդել մարդու ապրելակերպի, գործողությունների, մտածելակերպի, հոգեկան առողջության վրա, անգամ անձնական ընտրության վրա: Սոցիալական հարթակներում կա ամբոխային մի մտածելակերպ, որը ինքնիրեն քաշում և տանում է մարդուն իր հոսքի ուղղությամբ: Սոց հարթակներից, օրինակ, ինստագրամը, հիմնականում ստեղծում է իդեալական կյանքի պատրանք, որ մենք ամեն ինչ ունենք, շատ հաջողակ ենք, որ  գոյություն ունի իդեալական, հաջողակ մարդու կյանք, որին բոլորս ձգտում ենք: Հերիք է այս պատրանքը ստեղծենք թեկուզ մեր էջերում, և մեզ մոտ էլ գուցե տպավորություն ստեղծվի, որ մենք էլ ունենք այդ կյանքը: Այսպես արդեն ինչ-որ առումով մենք սկսում ենք ինստագրամյան կյանքով ապրել, իսկ իրական կյանքը ամբողջովին այլ բանի մասին է: Մյուս կողմից Ֆեյսբուքում ամբողջ տեղեկատվական հոսքը, մարդկանց ամեն մի հարցի շուրջ կարծիք գրելը, ստեղծում է պատրանք, որ մենք ամեն հարցի շուրջ ունենք բավարար չափով գիտելիք, որ մենք ինչ-որ առումով մեզ կարող ենք համարել խելացի, ինքնակրթված, բայց դա կարող է լինել թվացյալ տպավորություն: 

-Այսօր սոցիալական մեդիան դարձել է ոչ միայն տեղեկատվության տարածման, այլև հասարակական կարծիքի ձևավորման հզոր գործիք։ Ձեր կարծիքով, այն նպաստու՞մ է ավելի տեղեկացված հասարակություն ունենալուն, թե՞ հակառակը՝ խթանում է ապատեղեկատվության և մանիպուլյացիաների տարածմանը։

-Այն կարող է ձևավորել ու դարձնել  հասարակությանը  տեղեկացված, բայց միաժամանակ ստեղծել կեղծ տեղեկություններ և մանիպուլացնել մարդկանց: Այստեղ շատ կարևոր է լինել մեդիագրագետ, որպեսզի տարբերենք ճիշտը ստից: Սոցիալական մեդիան աշխատում է ամենատարբեր շերտերի վրա, այսինքն և՛ տեղեկացնում է, և՛ իրազեկում է, և՛ միաժամանակ ապատեղեկացնում ու մոլորեցնում հասարակությանը:  Որքան մարդը մեդիագրագետ է, այնքան լավ է ֆիլտրում այդ տեղեկատվության իրական և կեղծ լինելը, և միաժամանակ որքան մեդիագրագետ է, այնքան ապատեղեկատվությունը քիչ է, այսինքն ամեն ինչ գալիս է անհատից կամ օգտատիրոջից: 

-Ինչպե՞ս կարող են լրագրողները պայքարել սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվության դեմ:

-Մեդիագրագետ պետք է լինեն բոլորը, բայց լրագրողներն՝ առաջին հերթին, քանի որ նրանք մեդիայում աշխատող, մեդիայի հետ առնչություն ունեցող մարդիկ են: Լրագրողները պետք է կրեն պատասխանատվություն յուրաքանչյուր նյութի, յուրաքանչյուր տեղեկատվության համար, որոնք իրենք տարածաում են: Դրանք պետք է լինեն փաստերի վրա հիմնված, ունենան հստակ, պաշտոնական աղբյուր: Հենց այս ամենի բացից է գալիս ֆեյք լուրերի տարածումը:

-Ինչպե՞ս եք Դուք օգտագործում սոցիալական մեդիան Ձեր մասնագիտական գործունեության մեջ։

-Սոցիալական մեդիան ամենատարբեր ձևով եմ օգտագործում, օրինակ, մասնագիտական դաշտում, ենթադրենք պետք է պատրաստեմ ռեպորտաժ, և ինձ հերոսներ են պետք, այսինքն մարդ, ով տվյալ թեմայի կրողն է: Այստեղ կարևոր է մարդկանց հետ կապ հաստատելը, մարդկային շփումները, որոնց միջոցով ես գտնում եմ այդ հերոսներին: Մյուս կողմից օգտագործում եմ անձնային բրենդի զարգացման համար:

-Կան արդյոք դեպքեր, երբ սոցիալական մեդիան օգնել է, կամ խոչընդոտել Ձեր աշխատանքին։

-Սոցիալական մեդիան օգնել է բնականաբար, խոչընդոտելու առումով այնպիսի դեպք չեմ հիշի, քանի որ ես ինքս լրագրող եմ, հստակ գիտեմ, թե ինչպես օգվել սոցիալական մեդիայից, որ ինձ չխանգարի, նաև, կարելի է ասել, ինչ-որ տեղ չմանիպուլացնի:

-Ի վերջո, սոցիալական մեդիան դարձել է լրագրության անբաժանելի մասը։ Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անի ժամանակակից լրագրողը, որպեսզի այս թվային միջավայրում պահպանվի լրագրության որակն ու վստահությունը։

-Լրագրողները պետք է լինեն մեդիագրագետ, հասկանան, թե ինչ նյութեր են կարդում ու տարածում, ինչ կայքերից են օգտվում, որոնք են այն աղբյուրները, որ դառնում են իրենց նյութերի հիմքը: Շատ կարևոր է, որ խուսափեն ապատեղեկատվությունը տարածելուց կամ դրա կրողը լինելուց, հետևաբար պետք է շատ կարդալ, կրթվել, և այդ գիտելիքները կիսել շրջապատի հետ:

Սոնա Ռուբենյան