03.13.2025
Կատեգորիա
Դիմանկար
Սաթիկ Սուքիասյան

Երկարամյա մանկավարժ Սաթիկ Սուքիասյանի հետ հանդիպումը սպասվածներից էր: Երկար տևած զրույցն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում: Նրա խորհուն հայացքում տարիների փորձն ու իմաստությունն էին զետեղված, իսկ համակրելի արտաքինը լրացնում էր մեղմ ու հանդարտ խոսքը: 

91 ամյա մանկավարժի յուրաքանչյուր պատմություն լեցուն էր հոգատարությամբ, նրբությամբ, անկեղծությամբ: Նրա բարի աչքերում խաղաղություն կար, խոսքում՝ խորություն, իսկ ապրած երկարատև կյանքի վերհուշում՝ կարոտ ու սեր: 

Ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 1-ին, Ստեփանավան քաղաքում, աշխատավորների համեստ ու հյուրընկալ ընտանիքում: Հայրը մասնագիտությամբ հյուսն էր, իսկ մայրը` տնային տնտեսուհի: 

1937 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կիրովական քաղաք, որտեղ և անցել են  Սաթիկ Սուքիասյանի մանկության ու պատանեկության տարիները։ Այնտեղ ձևավորվել են նրա առաջին մեծ երազանքները, բնավորության հիմնական գծերը և ապագա մասնագիտական ձգտումները։ 

Սաթիկ Սուքիասյանը դպրոց է հաճախել երկու տարի ուշացումով: Նախ սովորել է Վրաստանում՝ Ախալցխայում:  Շուտով սկսված Հայրենական պատերազմի պատճառով ութամյա աղջնակը վերադարձել է Կիրովական, ուսումը շարունակել տեղի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3-րդ դպրոցում, որտեղ սովորել է չորս տարի։ Սակայն դպրոցը դարձրին արական դպրոց, իսկ իրեն տեղափոխեցին Կիրովի անվան առաջին օրինակելի իգական դպրոց։ Նա  դպրոցն ավարտել է 1955 թվականին։

Սուքիասյանների ընտանիքը ապահովվածներից չէր: Պատերազմից հետո ծանր տարիներ էին, երեխաները հագուստ չունեին: Զրույցի ընթացքում մանկության օրերի  հիշողությունները պատել էին տիկին Սուքիասյանին: Նա խորը ափսոսանքով, արցունքներն աչքերին, սակայն մեծ հպարտությամբ էր պատմում այդ օրերի ու պահերի մասին. «Հիշում եմ, որ ձմռան մի օր, երբ Կիրովական քաղաքում ձյուն էր եկել, բակի երեխաները դրսին ձնագնդի էին խաղում ու սահնակ քշում: Ես էլ երեխա էի և շատ էի ցանկանում միանալ նրանց, սակայն տաք կոշիկներ չունեի: Հագնում եմ տատիս գործած բրդյա գուլապները և դուրս գալիս բակ իրենց հետ խաղալու: Ոտքերս սառել էին ու չէի զգում: Հանկարծ մի տղամարդ եկավ, բռնեց ձեռքս ու տարավ իր հետ: Թումանյանի անվան դպրոցը մեր բակում էր գտնվում, այդ դպրոցի ուսուցիչներից էր: Ինձ տանում, նստեցնում է բուխարու կողքին ու ասում, որ ոտքերս բուխարու մոտ տաքացնեմ ու սպասեմ իրեն: Մի քանի րոպե հետո վերադառնում է ու ինձ նվիրում մեկ զույգ տաք կոշիկներ: Կոշիներս հագում եմ ու ուրախ դուրս գալիս խաղս շարունակելու: Ամեն օր ես ու քույրս իրար փոխանցելով էինք հագնում այդ կոշիկները: Ես հագնում էի առավոտյան դպրոց գնում, վերադառնում էի տուն ու տալիս քրոջս: Իսկ հետո քույրս էր հագնում ու արագ դպրոց վազում: Ծանր տարիներ էին, սակայն անհոգ ու երջանիկ էինք»:

Մանկավարժ դառնալու ուղին կարծես կանխորոշված էր դեռ իր ծնունդից։ Երբ նա ծնվեց, նրա հայրն ասաց. «Իմ աղջիկը պետք է վարժուհի դառնա»։ Փոքրիկ Սաթիկի ճակատագիրը նախանշված էր դեռ ծննդյան պահին՝ դառնալ այն լուսավորողը, ով իր գիտելիքով ու նվիրումով կկերտի սերունդների ապագան։

1955 թվականին Սաթիկ Սուքիասյանն ընդունվեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետ։ Ուսման երրորդ տարում ամուսնացավ և ամուսնու հետ տեղափոխվեց Յակուտիա, որտեղ ապրեց երկու տարի։ Վերադառնալով հայրենիք՝ նրանք հաստատվեցին Ստեփանավանում, այնուհետև` Կիրովականում:  1961 թվականին ամուսնուն գործուղեցին Ագարակ քաղաք՝ որպես լեռնահետախուզական բրիգադայի բանվոր։ 1962 թվականին Սաթիկ Սուքիասյանն ավարտեց համալսարանը և անմիջապես մեկնեց Ագարակ՝ ամուսնու մոտ, որտեղ էլ  մշտապես բնակություն հաստատեցին։

Ագարակ տեղափոխվելու տարի սկսեց մանկավարժական գործունեության իր առաջին քայլերը: 1962 թվականին, երբ դպրոցի տնօրենը Իշխան Մանուչարյանն էր, նա ընդունվեց Ագարակի միջնակարգ դպրոց՝ որպես պատմության ուսուցչուհի։ Նա եկավ՝ իր գիտելիքը փոխանցելու, սերն ու նվիրվածությունը սերմանելու և նոր սերունդների ապագան կերտելու՝ հավատարիմ մնալով մանկուց ձևավորված իր առաքելությանը։ 

1962-1977 թվականներին աշխատել է Ագարակի միջնակարգ դպրոցում: 

1977 թվականին Ագարակի միջնակարգ դպրոցից իրեն տեղափոխեցին Ագարակի ութամյա դպրոց: Դպրոցը կառուցված էր Ագարակ քաղաքի ներկայիս զորամասի տարածքում: Աշակերտների շատ լինելու հետևանքով  որոշում կայացվեց կառուցել ութամյա դպրոցը, որը մի քանի տարի հետո նույնպես դարձավ միջնակարգ դպրոց: Դպրոցը համախմբում էր տարբեր ազգություն ունեցող աշակերտների: Սակայն 1992 թվականին ութամյա դպրոցը փակվեց, իսկ աշակերտներին և ուսուցչական կազմին կրկին տեղափոխեցին Ագարակի միջնակարգ դպրոց: 

Ագարակի ութամյա դպրոցում աշխատել է 1977-1992 թվականներին: 1992-2004 թվականներին շարունակել է դասավանդել Ագարակի միջնակարգ դպրոցում: 

Սաթիկ Սուքիասյանն իր մանկավարժական առաքելությանը վերաբերվում էր մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ։ Նրա համար ուսուցչի գործը պարզապես մասնագիտություն չէր, այլ կոչում, որը պահանջում էր հոգատարություն, համբերություն և անսահման սեր դեպի աշակերտները։ Նրա ջանքերն ու նվիրվածությունը բարձր գնահատվեցին, ինչի վկայությունը նրա ստացած շքանշաններն ու պարգևատրումները դարձան։ Պարգևատրվել է «Սոցիալական մրցույթների հաղթող» և «Աշխատանքի վետերան» շքանշաններով, և 1983 թվականին արժանացել է «Ավագ ուսուցիչ» պատվո շքանշանին: 

Տասնամյակներ շարունակ տիկին Սուքիասյանը ոչ միայն կրթում էր, այլև իր աշակերտների համար բացում էր գիտելիքի, ինքնաճանաչման և հայրենիքի դռները։ Տասնամյակներ շարունակ նա ոչ միայն դասավանդում էր, այլև ձևավորում իր աշակերտների աշխարհայացքն ու բնավորությունը՝ նրանց փոխանցելով ազնվություն, աշխատասիրություն և մարդկայնություն։ Նա այն մանկավարժներից էր, որի շնորհիվ իր աշակերտները ոչ միայն ստանում էին կրթություն, այլև հոգևոր ու մշակութային ժառանգություն՝ ծանոթանալով իրենց երկրի ամեն սարին ու ձորին, դրա պատմությանն ու արժեքներին։ Եվ երբ 2004 թվականին, 71-ամյա հասակում, նա փակեց իր մանկավարժական ուղու վերջին էջը, նրա թողած ժառանգությունը շարունակեց ապրել սերունդների հիշողություններում ու գործերում։ 

Սաթիկ Սուքիասյանի անցած ուղին միայն դասավանդման տարիներ չէր: Դա մի անխոնջ նվիրում էր, որից սերունդներ սնվեցին՝ դառնալով գիտելիքի ջահակիրներ։ Նրա աշակերտներից շատերը տարիներ անց ընտրեցին նույն ճանապարհը՝ փոխանցելով այն լույսը, որը տարիներ շարունակ վառել էր նրանց ուսուցչուհին։ Այսօր էլ, երբ նրանք իրենց հերթին կրթում ու դաստիարակում են նոր սերունդներ, այդ դասասենյակներում շարունակում է ապրել նրա գործն ու պատգամը։ 

Բայց նրա թողած ժառանգությունը միայն աշակերտներով չի սահմանափակվում։ Սաթիկ Սուքիասյանը նաև իր ընտանիքում սերմանեց աշխատասիրության, ազնվության և նվիրումի արժեքները։ Նրա որդիները, հետևելով իրենց ծնողների օրինակին, դարձան Ագարակի ակտիվ մասնակիցները՝ աշխատելով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։  Տիկին Սուքիասյանի մեծ որդին՝ Կարեն Խալաթյանը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատել է 1983 թվականից՝ որպես մարկշեյդեր: Սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել է եղբայրների մոտ: 1994 թվականին Արցախյան հակամարտության ժամանակ տիկին Սուքիասյանն իր որդիներին հայրենիք բերեց՝ իրենց հայրենի հողը պաշտպանելու: 1995 թվականին եկել են Ագարակ ու բնակություն են հաստատել այնտեղ: 

1995 թվականից երեք որդիներն էլ սկսել են աշխատել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Մեծ որդին՝ Կարեն Խալաթյանը մինչև օրս աշխատում է լեռնային արտադրամասում՝ որպես էլեկրոնափականագործ: Միջնեկ որդին՝ Արայիկ Խալաթյանը 1995-2006 թվականներին աշխատել է որպես հորատապայթեցման աշխատանքների ղեկավար, 2006-2010 թվականներին՝ որպես լեռնային արտադրամասի պետ, 2010-2012 թվականներին՝ որպես լեռնային արտադրության պետ: 2012 թվականից Ագարակ քաղաքից տեղափոխվել է Ալավերդի քաղաք: Փոքր որդին՝ Նաիրի Խալաթյանը 1995 թվականից աշխատում է որպես հորատապայթեցման աշխատանքների վարպետ: 

Սաթիկ Սուքիասյանի ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր հնարավորության սահմաններում ներդրում է ունեցել քաղաքի զարգացման և հզորացման գործում՝ աշխատասիրությամբ, նվիրումով ու պատասխանատվությամբ: 

Ահա և ավարտին մոտեցավ աննկատելիորեն անցած ու ժամեր տևած հետաքրքիր զրույցը: Կրկին հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ տվեցինք մանկավարժին, ում ջանքերով կրթվել ու դաստիարակվել են բազմաթիվ երեխաներ, դարձել են գրագետ և հասարակությանը պիտանի մարդիկ և մինչև օրս երախտագիտությամբ են հիշում իրենց ուսուցչուհուն՝ երկարամյա մանկավարժ ընկեր Սաթիկ Սուքիասյանին: 

Սաթիկ Սուքիասյան
Անի Ստեփանյան