
Հայաստանում առկա են բազմաթիվ մշակութային նորմեր և կարծրատիպեր, որոնք սահմանափակում են կանանց և տղամարդկանց աշխատանքային հնարավորությունները։ Կարծրատիպերը կարող են արգելք հանդիսանալ մասնագիտությունների ընտրության հարցում. այն կարող է հանգեցնել քննադատությունների, թիրախավորման կամ նույնիսկ բուլինգի:
Հայաստանում խնդիրը նկատվում է ըստ ոլորտների։ Օրինակ՝ մասնագիտությունները, ինչպիսիք են վարսահարդարումը և մատնահարդարումը, ավանդաբար համարվում են «կանացի», դպրոցներում հիմնականում կանայք են աշխատում որպես ուսուցիչներ, մինչդեռ ՏՏ ոլորտում տղամարդիկ շատ ավելի հաճախ են ներգրավված։
Վեբ ծրագրավորող Ալլա Համազասպյանն այն կանանցից է, ով մինչ ոլորտ մուտք գործելը շատ է լսել կարծրատիպեր, որ ծրագրավորումը տղամարդու աշխատանք է, և կինը «գործ չունի» կոդեր գրելու հետ.
«Շարունակաբար, ինչքան աշխատավայր փոխել եմ, եղել եմ միակ աղջիկը՝ որպես ծրագրավորող, այդ առումով մի փոքր բարդ էր, քանի որ, երբ դու միակ աղջիկն ես, քո ձայնը ինչ-որ տեղ լսելի չէ, քանի որ հնարավոր է առաջարկես լուծումներ, որոնք տղաները կհամարեն ոչ այդքան խելացի»։
Ալլան՝ հակառակ սպասումների, աշխատանք դժվարությամբ չի գտել, քանի որ կազամակերպությունն ինքն էր ցանկանում, որ կանայք ևս ներգրավվեն, քանի որ աշխատավայրի մշակույթը դժվար է միայն մեկ սեռով պահելը.

«Շատ եմ բախվում այն կարծրատիպին, որ միշտ խնամված, շպարված, մազերը հարդարած աղջիկը խելացի լինել չի կարող, սակայն, այդ ամենին զուգահեռ ես նաև իմ գիտելիքներով և աշխատասիրությամբ ոչնչով չեմ զիջել տղա ծրագրավորողներին։ Կրկին կարծրատիպերի արդյունք է, սակայն, որ ես իմ գիտելիքներով այժմ թիմի ղեկավար (Team lead) չեմ»։
Ալլան նշում է, որ սեռային խտրականության տենդենցը արտաքին առումով թվում է, թե գնում է նվազման, սակայն, ոլորտի ներսում գտնվելով, տեսնելով ու հասկանալով շատ բաներ, ասում է` դեռ շատ տեղ կա, որպեսզի կանանց և աղջիկներին ավելի լուրջ վերաբերվեն։
Ընդունված է, որ տղամարդիկ պետք է լինեն ընտանիքի հիմնական կերակրողները, իսկ կանայք՝ հիմնական խնամողները։ Ինչպես կանանց, այդպես էլ տղամարդկանց դեպքում ևս կան «կանացի» համարվող մասնագիտություններ, որոնց ընդունելու համար ժամանակ է անհրաժեշտ։
Արման Գրիգորյանը ևս բախվել է կարծրատիպի, քանի որ Հայաստանում եղել է առաջին տղամարդը, ով զբաղվել է մատնահարդարմամբ.
«Արձագանքները սկզբնական ժամանակահատվածում միայն բացասական էին, հետո սկսեցի ինքս անել հարազատներիս մատնահարդարումը, վարել ինստագրամյան էջ, տեղադրել աշխատանքներս, որի արդյունքում սկսեցին աշխատանքիս նորմալ վերաբերվել».-նշում է Արմանը։
Այսօր Հայաստանում շատ են տղամարդ մատնահարդարները, և Արմանը ինքը սովորեցրել է շատերին:
«Այժմ կարող եմ ասել, որ լիովին փոխվել են մարդկանց մոտեցնումները, ես ունեմ արդեն ճանաչում, Հայաստանի լավագույն մատնահարդարներից եմ համարվում և ունեմ ինձ վստահող և ընդունող հաճախորդներ»:
Կինը՝ որպես ղեկավար
Կանայք Հայաստանում ավելի հազվադեպ են զբաղեցնում ղեկավար պաշտոններ, քան տղամարդիկ։ Հիմնական պատճառներից մեկը կնոջ՝ ընտանիքի և աշխատանքի անհամատեղելիությունն է: Հասարակության մեջ տարածված է այն կարծրատիպը, որ կինը կարող է և պետք է զբաղվի միայն տնային տնտեսուհու աշխատանքով, խնամի և հոգ տանի ընտանիքի մասին:
Լաուրա Շահվերդյանն, ով արդեն չորս տարի է զբաղեցնում է ղեկավար պաշտոն ՏՏ կազմակերպությունում, նշում է, որ ինքն այն կանանցից է, ով, կոտրելով կարծրատիպեր, հիմնել է կազմակերպություն.
«Կարծում եմ, որ աշխատանքային հաստիքներում սեռով պայմանավորված խտրականություն պետք չէ դնել, առավել կարևոր են անձի մասնագիտական փորձը, գիտելիքները և հմտությունները: Քանի որ մեր հասարակությունում ՏՏ ոլորտը կարծրատիպացված է որպես «տղամարդկանց» ոլորտ, ինքս իմ և իմ աշխատակիցների փորձով ցույց եմ տալիս, որ կինը կարող է լինել և՛ ղեկավար պաշտոնում, և՛ այլ հաստիքներում».-նշում է Լաուրան։
Առաջընթաց կարիերայում
Հայաստանում կանայք հաճախ հանդիպում են խոչընդոտների իրենց կարիերայի աճի ճանապարհին։ Շատ հաճախ նրանք, լսելով շրջապատի կարծիքը, ընտանիքի անդամների վերաբերմունքը, կարող են հետ կանգնել իրենց մասնագիտական ճանապարհից:
Մարիա Հակոբյանն, ով մանկուց սիրել է դերասանուհու մասնագիտությունը, ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ հակառակվելով ծնողների ցանկությանը, ավարտել է գերազանցությամբ, այժմ աշխատում է ոչ իր մասնագիտությամբ.
«Իմ ընտրած մասնագիտությունը երևի թե ամենաշատ կարծրատիպացվածներից է Հայաստանում։ Մեծ երազանքներով ու նպատակներով, ընդունվեցի ինստիտուտ, սովորեցի, ավարտեցի, ծնողներս արդեն համակերպվել էին մասնագիտությանս ընտրության հետ, սակայն ընտանիք կազմելուց հետո, կրկին բախվեցի արգելքների և այս անգամ վերջնական: Այժմ աշխատում եմ սպասարկման ոլորտում»։
Աշխատավարձերի տարբերություն
Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև աշխատավարձերի տարբերությունը զգալի է։ Կանայք հաճախ ավելի ցածր են վարձատրվում նույն աշխատանքը կատարելու համար, քան տղամարդիկ։
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշում է, որ աշխատաշուկայում կանանց ավելի քիչ ակտիվությունը բացատրվում է հասարակության մեջ ավանդույթների գերակայությամբ և ընտանիքում կնոջ դերով:
«Գործատուների կողմից հաշվի է առնվում այն հանգամանքը, որ կինը միշտ չէ, որ կարող է մինչև ուշ ժամ աշխատավայրում մնալ, կամ նա կարող է ուշանալ ընտանեկան հանգամանքների պատճառով և այլն, որն էլ արտացոլվում է աշխատավարձի վրա»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Գործունեության տարբեր ոլորտներն իրենց նրբություններն ունեն, մտավոր աշխատանքի ոլորտում դրույքաչափերն ավելի բարձր են։ Այսպես, ՏՏ ոլորտում կանայք միջինը վաստակում են շուրջ 360 հազար դրամ, իսկ տղամարդիկ՝ 530-560 հազար դրամ։ Ընդ որում, այս ոլորտում կանանց թիվն ավելացել է միայն վերջին տարիների ընթացքում։
«Ոչ վաղ անցյալում շատերը չէին էլ կարող ենթադրել, որ կանայք կաշխատեն այդ ոլորտում և կկարողանան փայլուն դրսևորվել, բայց փորձը հակառակն է ցույց տալիս»,-ասաց Գագիկ Մակարյանը:
Օրենքն՝ այս մասին
ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված է խտրականության արգելքը, որով մի շարք սյուբեկտիվ հատկանիշների հիման վրա բացառում է անձի նկատմամբ խտրական վերաբերմունքը, այդ թվում՝ սեռային պատկանելությամբ պայմանավորված:
Իրավաբան Դավիթ Թովմասյանը նշում է, որ չնայած Աշխատանքային օրենսգրքի 3-րդ կետի երրորդ մասով սահմանված է, որ գործատուն և աշխատակիցները ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց սեռերից, բայց պրակտիկայում տիրում է լրիվ այլ իրավիճակ, և այդ օրենքները մնում են ամրագրված միայն թղթով:
«ՀՀ-ում շատ գործատուներ աշխատանքի ընդունելիս առավել նախապատվություն են տալիս տղամարդկանց, այլ ոչ թե կանանց, ընդհուպ հաշվի առնելով նաև տղամարդու բանակում ծառայած լինելու փաստը, քանի որ գործատուի շահերից չի բխում վերցնել անձին աշխատանքի, պրակտիկ միջավայրում դարձնել մասնագետ և բաց թողնել նրան: Իսկ կանանց դեպքում հիմնականում մտածում են, որ աղջիկ է, կամուսնանա, բնակության վայրը կփոխվի, կմայրանա, երեխայի խնամք և այլն»։

ՀՀ սահմանադրության 57 հոդվածի 3-րդ մասով ամրագրված է, որ գործատուն իրավունք չունի աշխատակցին ազատել մայրանալու դեպքում. ըստ սահմանադրության կինը ունի հասանելի արձակուրդ:
Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, բացի խտրականության արգելքից նաև բխում է սահմանդրության 30-րդ հոդվածից, որտեղ ամրագրված է, որ տղամարդիկ և կանայք ունեն նույն իրավունքները:
«Պրակտիկայում հաճախ խախտվում են հենց այս օրենքները և՛ տղամարդկանց, և՛ կանանց դեպքում։ Սա լինում է այն պարագայում, երբ մարդկանց մեծամասնությունը չգիտի իր իրավունքների մասին, իսկ գործատուն շահագրգռված չէ բարձրաձայնել դրանց մասին»։
Նոր քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ սեռային խտրականություն համար։
Հայաստանյան աշխատաշուկայում այս խնդիրները դեռևս լիովին լուծված չեն։ Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր՝ մշակութային կարծրատիպերը հաղթահարելու, կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ ստեղծելու համար։