
2024 թվականից սկսվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակը ընդլայնվել է, և այժմ այն ներառում է նաև 2024 թվականին վարձու աշխատող ՀՀ քաղաքացիներին, քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ ստացած անձանց, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողներին, հանրային պաշտոններ զբաղեցնողներին, 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակիցներին (բաժնետեր, փայատեր, անդամ), «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիներին և 2024 թվականին 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիներին։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանի հետ, ով չի հերքում այս համակարգի ներդրման անհրաժեշտությունը, սակայն նշում է, որ պետությունը այս պահին պատրաստ չէ իրականացնել նման մասշտաբային նախաձեռնություն։
-Նախ եկեք հասկանանք, թե ի՞նչ է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրումը, և ինչու՞ է այն ներդրվում Հայաստանում։
-Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը նախատեսում է, որ ֆիզիկական անձինք իրենց եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնեն պետությանը ոչ թե միջնորդավորված (օրինակ՝ գործատուի կամ հարկային գործակալի միջոցով), այլ անմիջապես։ Դա պետությանը հնարավորություն կտա ավելի թիրախավորված և բարձր արդյունավետությամբ սոցիալական ծրագրեր իրականացնել:
Մյուս կողմից եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը նաև լավ գործիքակազմ է փողերի լվացման դեմ պայքարի, ահաբեկչության ֆինանսավորման և տարատեսակ զեղծարարությունների դեմ պայքարի տեսանկյունից:
Այնուամենայնիվ, թե ինչու է ներդրվում Հայաստանում հարցից կփորձեմ զերծ մնալ:
-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս համակարգը Հայաստանի տնտեսության և հարկային համակարգի վրա։
-Պետության տեսանկյունից կարևոր է տեխնիկական և տնտեսական պատրաստվածությունը: Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, (օրինակ՝ ԱՄՆ-ն, որը ամենակայացած հայտարարագրման ինստիտուտ ունեցող երկրներից է) որ միևնույն է, հայտարարագրման ժամկետներին մոտ շրջանում առաջանում են տեխնիկական խնդիրներ, բայց դրանց լուծման համար շատ լուրջ մեխանիզմներ են մշակված և ամեն տարի դրանք կրկնվում են. տարեկան 100-ից ավել անուն բրոշյուրներ են թողարկվում եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի վերաբերյալ՝ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն պարունակող բրոշյուրներ:
Հայաստանում, քանի որ այն նորություն է և շփոթություն է առաջացնում քաղաքացիների համար, չկա հստակ ըմբռնում, թե ինչ է համարվում եկամուտ, որն է հարկման ենթակա, որը՝ ոչ, ինչպես են հաշվարկվում նվիրատվությունները, ժառանգությունները և այլ ֆինանսական գործարքներ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է համակարգված մոտեցում՝ հասկանալի և արդյունավետ գործիքակազմի ներդրման համար։
Պետությունը խնդիրներ ունի նաև տեխնիկական պատրաստվածության տեսանկյունից:
Մեզ մոտ եկամուտների, նվիրատվության և այլ ինստիտուտները լիարժեք և ամբողջությամբ կայացած չեն, մյուս կողմից հանրության մոտ չկա դրանց վերաբերյալ պատշաճ ընկալում և պատկերացումներ:
-Կա՞ն արդյոք հայտարարագրման գործընթացում արտոնություններ կամ բացառություններ որոշակի խմբերի համար։
-2024-ի համար 2025 թվականին հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր տեսակի վարձու աշխատողները: Իրավապայմանագրային հիմքի տարբերություններ կան, բայց ընդհանուր առմամբ վարձու աշխատողները և նաև նախորդ տարի արդեն 2024-ի հայտարարագիր ներկայացնելու պահանջ/պարտավորություն ունեցող քաղաքացիները, ինչպես նաև սեփականատերերը, այսինքն 20 մլն և ավել դրամ փոխառություն ստացած քաղաքացիները և այլն: Ներկայումս այս խմբերն են պարտավոր ներկայացնել հայտարարագիր: 2026 թվականին 2025-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ չափահաս համարվող քաղաքացիները:
-Ինչպե՞ս է պաշտպանվում քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը հայտարարագրման գործընթացում։
-Հայտարարագրման գործընթացի տրամաբանությամբ, հայտարարատուն ներկայացնում է այնպիսի տվյալներ, որոնք իրենց բնույթով պետք է լինեն հանրային, ուստի գաղտնիության խախտման խնդիր սկզբունքորեն չի առաջանում։
Ինչ վերաբերում է բանկերի տրամադրած տվյալներին, ապա եթե դրանք առնչվում են անձնական հաշվին, այդ դեպքում ֆիքսվում են ֆինանսական տարվա սկզբի և վերջի մնացորդները, ինչը թույլ է տալիս պատկերացնել հաշվի շարժերը։ Հարկ է նշել, որ օրինական դաշտում բանկերն արդեն իսկ ունեն պարտավորություն ցանկացած պահի այս տեղեկատվությունը տրամադրելու ՊԵԿ-ին։
Այնուամենայնիվ, մտահոգություններ կարող են առաջանալ՝ կապված բանկային կամ գաղտնի համարվող որոշ տվյալների հետ։ Համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ իրավասու են տիրապետել այդ տեղեկատվությունը, ինչը կարող է որոշակի անհանգստության տեղիք տալ։
-Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հայտարարագիր չներկայացնելու կամ սխալ տվյալներ տրամադրելու դեպքում։
-Հայտարարագիր չներկայացնելու կամ սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում կիրառվող հակազդող միջոցները տարբեր շահառուների խմբերի համար կարող են տարբերվել։ Սակայն, եթե հարցին մոտենանք ընդհանուր տեսանկյունից, ապա հիմնականում վարձու աշխատողների դեպքում առաջին հայտնաբերման ժամանակ տրվում է զգուշացում։ Եթե տվյալ անձը չի կատարում անհրաժեշտ ուղղումները, սահմանվում է 5000 դրամի տուգանք։ Եթե տուգանքի կիրառման պահից 30 օրվա ընթացքում հայտարարագիր չի ներկայացվում կամ խնդիրները չեն շտկվում, ապա տուգանքի չափը կրկնապատկվում է, և այդ գործընթացը շարունակվում է հետագա չկատարումների դեպքում։
-Ի՞նչ խորհուրդներ կտաք քաղաքացիներին, ովքեր առաջին անգամ են ներկայացնելու իրենց եկամուտների հայտարարագիրը։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա մի համակարգ է, որը սխալ կատարելու, թերի կատարելու կամ չկատարելու պարագայում ենթադրում է տույժ-տուգանք, հետևաբար զգուշության կոչն է առաջինը: Սակայն դժվար է այլ խորհուրդ տալ, որոշակի գործողությունների կամ քայլերի համար այնպիսի մի ինստիտուտի պարագայում, որի համակարգը նոր է և դրա խորհրդատուները պետք է հանդիսանան ներդրողները, այս դեպքում պետությունը, որը պատշաճ կերպով չի անում:
-Պետությունը ինչպե՞ս կարող է աջակցել քաղաքացիներին հայտարարագրման գործընթացում
-Պատկան մարմինները պետք է ակտիվորեն պատշաճ կերպով իրազեկեն, անվճար տարատեսակ խորհրդատվություններ տրամադրեն քաղաքացիներին: Այժմ մեզ մոտ ստեղծվել է իրավիճակ, երբ անգամ հաշվապահական վճարովի ծառայություններ են մատուցվում հայտարարագիր ներկայացնելու: Այս ամենը դիտարկելով քաղաքացու սոցիալական կյանքի տեսանկյունից՝ որքանո՞վ է արդար լրացուցիչ ֆինանսական բեռ դնել քաղաքացու ուսերին:
-Միջազգային ի՞նչ փորձ կա եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի վերաբերյալ:
-Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի արդյունավետ ներդրումը կախված է ոչ միայն վերահսկողությունից, այլև հանրային իրազեկվածությունից: Հարուստ փորձ ունեցող երկրներում կիրառվում են տարբեր մոտեցումներ հայտարարագրման գործընթացը պարզեցնելու համար։
Օրինակ՝ որոշ երկրներում համակարգը քաղաքացիներին հնարավորություն է տալիս նվազեցնել հարկերը որոշակի ծախսերի հաշվին կամ ստանալ որոշակի արտոնություններ։ Բացի այդ, եվրոպական երկրներում հայտարարագրման գործընթացը հաճախ ավտոմատացված է, և քաղաքացիները լրացնում են միայն անհրաժեշտ տեղեկատվությունը։
-Ինչպիսի՞ խրախուսական մեխանիզմներ են կիրառվում այլ երկրներում հայտարարագրման համակարգի արդյունավետությունն ապահովելու համար:
-Շատ երկրներում, այդ թվում Գերմանիայում, հնարավոր է որոշակի մասնագիտական գործունեության հետ կապված ծախսեր ներառել հարկային նվազեցման համակարգում։ Օրինակ՝ եթե քաղաքացու աշխատանքային գործունեության համար համակարգիչը կամ այլ անհրաժեշտ միջոցները ծախս են ներկայացնում, ապա դրանց որոշակի մասը կարող է վերադարձվել։
Հայաստանում նման խրախուսման մեխանիզմները շատ սահմանափակ են։ Օրինակ՝ կրթական ծախսերի համար վերադարձը սահմանափակվում է 100,000 դրամով, իսկ առողջապահական ծախսերի դեպքում՝ մինչև 50,000 դրամ, այն էլ միայն պարտադիր ապահովագրություն ունեցող քաղաքացիների համար։
-Ինչպիսի՞ տեխնիկական և իրավական մարտահրավերներ կան այս համակարգի ներդրման և կիրառման ընթացքում:
-Համակարգի ներդրումից ի վեր մենք խնդիրների ենք բախվում: Օրինակ՝ 2024 թվականին ID քարտերի հետ կապված պահանջը, երբ առաջին հայտարարագրողները պետք է արդեն ներկայացնեին իրենց հայտարարագրերը, բավական լուրջ հերթեր առաջացան, ժամկետները հետաձգվեցին, այսինքն արդեն իսկ համակարգի մուտքը ուղեկցվեց տեխնիկական հագեցվածության հետ կապված խնդիրների առկայության պայմաններում և դա շարունակվում է առ այսօր:
Իրավական տեսանկյունից՝ քաղաքացիների մոտ հաճախ չկա հստակ ըմբռնում, թե ինչ եկամուտներ պետք է հայտարարագրվեն, ինչպես հաշվարկել նվիրատվությունները կամ ժառանգությունները, ինչը կարող է սխալներ առաջացնել։ Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է պետական մարմինների պատրաստվածության բարձրացում, թափանցիկ տեղեկատվության տրամադրում և քաղաքացիների իրազեկման համակարգված գործընթաց։