
Մարտի 18-ին Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ «Ճանապարհ» ցուցահանդեսը, որը գեղանկարչության շուրջ էր համախմբել արվեստագետների, նկարիչների և ուսանողների։ Միջոցառմանը ներկա էին ինչպես փորձառու արվեստագետներ, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողներ, որոնք հնարավորություն ունեցան կիսվելու իրենց փորձով և նկարներով։
Ցուցասրահի համակարգող արվեստաբան Լիանա Խաչատրյանը, որը երկար տարիների փորձ ունի այս ոլորտում, ընդգծում է նման միջոցառումների կարևորությունը․ «Ցուցասրահում հաճախ կազմակերպվում են ցուցահանդեսներ՝ հատուկ ուսանողների և դասախոսների համար՝ նրանց ստեղծագործական ներուժը խթանելու և արվեստի միջավայրում ներգրավելու նպատակով»։
Ցուցահանդեսում ներկայացված էին Էդուարդ Իսաբեկյանի արվեստանոցի ուսանողների աշխատանքները։ Ցուցադրության կազմակերպման գործում իրենց ներդրումն էին ունեցել դասախոսներ Սուրեն Սաֆարյանը և Մեխակ Էլբակյանը, որոնք մշտապես աջակցում են ուսանողներին իրենց մասնագիտական աճի ճանապարհին։
Ցուցահանդեսի համադրող Եվգենիա Քալանթարյանը փաստում է, որ ուսանողների հետ աշխատանքն իր մարտահրավերներն ունի, սակայն նաև նոր հնարավորություններ է բացում․ «Ուսանողների հետ աշխատելու ընթացքում միակ դժվարությունն այն է, որ տարբեր մտածելակերպերի բախումներ են լինում։ Բայց հենց այդ տարբերություններն էլ ավելի հետաքրքիր են դարձնում աշխատանքը։ Դասախոսներն արդեն կայացած են, ու բարդություն առաջանում է միայն այն ժամանակ, երբ ներկայացնում են իրենց սեփական մոտեցումները, բայց դրանց յուրահատկությունն էլ ցուցահանդեսի ժամանակ է տեսանելի դառնում»։


Ցուցահանդեսի մասնակիցներից Անահիտ Խանզադյանը, որը Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող է, ներկայացրել էր իր ստեղծագործությունը՝ նվիրված իր տատիկին։

«Նախքան այս նկարը սկսելը երկար մտածում էի, քանի որ չէի ցանկանում ստանալ պարզապես մի պատկեր, որտեղ պատկերված կլինի տատիկս՝ ծաղկավաճառի կողքին։ Ես հասկացա, որ պետք է պահպանեմ տատիկիս և ծաղիկների կապը», – պատմում է նա։
Անահիտի համար այս նկարը ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական կարևորություն ուներ․ «Նկարի ստեղծման ընթացքում ապրում էի ծանր շրջան․ տատիկս մահացավ։ Այդ դժվար էմոցիաները ինձ նաև օգնեցին՝ ավարտին հասցնելու նկարը»։
Ցուցահանդեսը մեծ տպավորություն գործեց ինչպես մասնակիցների, այնպես էլ այցելուների վրա։ Կար հնարավորություն՝ ծանոթանալու միմյանց աշխատանքներին, փոխանակվելու գաղափարներով և ոգեշնչվելու արվեստի բազմազանությունից։
Հ․ Գ․- Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահը հիմնադրվել է 2001 թվականին բարերարներ Ալբերտ և Թով Բոյաջյանների կողմից։ Արդեն երկու տասնամյակ է, ինչ այն ծառայում է որպես ստեղծագործական հարթակ՝ ներկայացնելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների և դասախոսների աշխատանքները։


