03.26.2025
Կատեգորիա
Հասարակություն
բռնություն

-Սկզբում աննշան վիրավորանքներ էին, հետո ամեն ինչ վերաճեց ֆիզիկական բռնության։  Ամեն օր վախենում էի տուն վերադառնալ՝ չիմանալով, թե ինչ է ինձ սպասվում։ Մտածեցի, որ եթե երեխա ունենաք, ամեն ինչ կանցնի, և կդառնանք բոլոր ընտանիքներ պես, բայց սխալվում էի։ Աղջիկ ծնվեց, ու տառապանքները ավելի շատացան։ Սկսեց խմել ու ինձ հետ երեխայիս էլ էր ծեծում։ Վերադարձա հայրական տուն, հայրս առողջական խնդիրներ ուներ և չէր հասկանում` ինչ է կատարվում, իսկ մայրս ասում էր, որ վերադառնամ ամուսնուս մոտ, համակերպվեմ և շարունակեմ նրա հետ ապրել մեկ հարկի տակ։ Որոշ ժամանակ հետո ամուսինս գտավ մեզ ու ամեն օր հարբած գալիս էր, կանգնում պատուհանի մոտ և սկսում հայհոյել։ Հայրական տունս գյուղում է, և հարևանները այլ կերպ էին մեզ նայում, անգամ սկսեցին արհամարհել տանեցիներիս։ Երեխայիս գյուղի մանկապարտեզ չէին ընդունում, իսկ մայրս հանդիմանում էր «ընտանիքի անվան» հետ խաղալու համար։ Չդիմացա, ընկերուհիներիցս պարտքով գումար վերցրի, թողեցի բոլորին ու երեխայիս հետ մեկնեցի Ռուսաստանի Դաշնություն։ Ոչ ոք չգիտի` այստեղ եմ։ Երեխաս գնում է մանկապարտեզ, կյանքում առաջին անգամ տեսնում եմ, թե ինչ երջանիկ է երեխաս, իսկ ես աշխատում եմ և տեղաբնակ հայերի աջակցությամբ պահում ընտանիքս։

Բռնության ենթարկված Ժ. Ս.-ն Ռուսաստանի Դաշնությունում է արդե 4 տարի։  Մի քանի տարի վախերից ու նվաստացումներից հետո նա որոշեց դիմել վտանգավոր քայլի՝ փախավ Ռուսաստան՝ թողնելով ամեն ինչ։  «Ես գիտեի, որ դա ինձ և երեխայիս փրկելու միակ միջոցն է», - ասում է նա: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում ամեն 3 կնոջից 1-ն իր կյանքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության։  ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում միայն 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ, որոնցից 183-ը՝ ծեծի, 51-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 8-ը՝ սպանության հոդվածներով։ 391 քրեական գործերից մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 53-ը։ 2023 թվականին Երևանում և Հայաստանի այլ մարզերում արձանագրվել է ընտանեկան բռնության 1769 դեպք։  2024 թվականի վերջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության հինգ դեպք։

Կանանց նկատմամբ բռնության հետեւանքները ավելի լավ հասկանալու համար դիմեցինք հոգեբան Քնարիկ Ղազարյանին։  Նա պնդում է, որ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը խոր հետքեր է թողնում զոհի հոգեկան աշխարհի վրա: 

-Հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական:  Բռնության ենթարկված կանայք հաճախ ունենում են տագնապային խանգարումներ, դեպրեսիա, հետտրավմատիկ սթրեսային բարդություններ և նույնիսկ ինքնասպանության մտքեր։ Երեխաները ամեն ինչ ավելի խորն են ընկալում, քանի որ նրանց հոգեբանական աշխարհը դեռ ձևավորված չէ։ Դեռ մանուկ տարիներից տեսնելով բռնության ենթարկվող մորը` երեխան կարող է համարել, որ ճիշտը դա է, կամ ողջ կյանքում ատել հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Նկարագրված հետևանքները շատ մակերեսային են, և խորությունը հասկանալու համար յուրաքանչյուրի հետ պետք է անհատապես աշխատել։

 

Հոգեբանն ընդգծում է, որ բռնությունից հետո ապաքինումը երկար և բարդ գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն բժշկական օգնություն, այլև հարազատների և հասարակության աջակցություն։

Հազարավոր կանայք ամեն օր ենթարկվում են բռնության։ Մեր հարցմանը մասնակցածների 60%-ը  նշում է, որ ճանաչում է մի քանի բռնության ենթարկված կանանց։ 80%-ը նշում է, որ բռնության ենթարկված կանայք կաշկանդվում են բարձրաձայնել խնդրի մասին, իսկ 65%-ը նշում է, որ հանրային իրազեկվածության մակարդակը ցածր է։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք աջակցում են բռնության ենթարկված կանանց։

«Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ

+374 (77) 57-08-70

Կանանց իրավունքների կենտրոն 

+374 (10) 54-28-28

+374 (43) 01-02-92

Կանանց Իրավունքների Տուն ՀԿ

+374  (60) 37-05-70

Կանանց աջակցման կենտրոն 

+374 (99) 88-78-08

Կանանց ռեսուրսային կենտրոն

+374  (94) 56-56-26

Հեղինե Սարգսյան