03.26.2025
Կատեգորիա
Կրոն
ՀԵՀԵՄ

Բոլոր ժամանակներում եկեղեցին կարևոր դեր է խաղացել երիտասարդների հոգևոր ու բարոյական դաստիարակության մեջ։ Այն ոչ միայն հավատքի վայր է, այլև միջավայր, որտեղ ձևավորվում են արժեքներ։

Այս հարցազրույցում կփորձենք հասկանալ, թե որքանով են երիտասարդները հետաքրքրված եկեղեցական կյանքով, ինչ խոչընդոտներ կան, և ինչ մեթոդներով է եկեղեցին փորձում ավելի հասանելի դառնալ նրանց համար։ Իսկ մեր հյուրը ՀԵՀԵՄ (Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում)  կենտրոնական գրասենյակի Տեսչի օգնական Դավիթ սարկավագ Ազարյանն է։ 

-Ի՞նչ դեր ունի եկեղեցին երիտասարդների հոգևոր և բարոյական դաստիարակության մեջ։ 

-Եկեղեցին կարևոր դեր է խաղում այս գորընթացում՝ առաջարկելով ոչ միայն հավատքի հիմքեր, այլև կյանքի արժեքներ՝ հիմնված սիրո, արդարության և համերաշխության վրա: Այն երիտասարդներին օգնում է հասկանալ իրենց կոչումը և նպաստում է նրանց անձնային ու ազգային ինքնության ձևավորմանը։

-Ըստ Ձեր դիտարկումների՝ որքանո՞վ են երիտասարդները հետաքրքրված եկեղեցական կյանքով և ազգային արժեքներով։

-Երիտասարդների հետաքրքրությունը տարբեր է՝ կախված իրենց ընտանիքներից, միջավայրից, կրթական մակարդակից, ժամանակակից մշակույթի ազդեցությունից և շատ այլ հանգամանքներից: Այնուամենայնիվ, նկատելի է, որ  շատերը հետաքրքրված են իրենց արմատներով, հոգևոր կյանքով, Հայ Եկեղեցու հոգևոր ժառանգությամբ, ինչը գովելի է և մեզ համար պարտավորեցնող։ 

-Իսկ ինչպե՞ս է ՀԵՀԵՄ-ը արձագանքում հետաքրքրության նվազման հնարավոր միտումներին։

-ՀԵՀԵՄ-ը զարգացնում է նոր մոտեցումներ, մշակում գրավիչ բովանդակություն և ակտիվորեն համագործակցում է երիտասարդական կազմակերպությունների և տարբեր համալսարանների ուսանողական խորհուրդների հետ։

-Ինչպե՞ս է ՀԵՀԵՄ-ը աշխատում, որպեսզի եկեղեցին դառնա ավելի հասանելի ու ընկալելի երիտասարդների համար։

 -Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը զբաղվում է Հայաստանի և աշխարհասփյուռ եկեղեցասեր երիտասարդների համախմբմամբ,  կատարում է երիտասարդական աշխատանք, կազմում և իրականացնում է ուսուցողական և հոգևոր ծրագրեր։ Ունենում ենք նաև տարածաշրջանային ֆորումներ, որոնց հրավիրվում են տվյալ տարածաշրջանի երիտասարդաց միության ներկայացուցիչները։ Վերջին տարիներին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ շեշտը դրվել է հոգևոր կրթության վրա, և մենք փորձում ենք օգնել երիտասարդներին հասկանալ եկեղեցու դերը իրենց կյանքում։ 

-Իսկ որո՞նք են այդ հիմնական ծրագրերը։

-ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակը մշակել է մի շարք ծրագրային փաթեթներ, որոնք իրենց տեսանելի արդյունքն են բերել երիտասարդության շրջանում։ Ունենք մոտ  20 ծրագիր՝   թե՛ հոգևոր , թե՛ երիտասարդին զարգացնող։ Հոգևոր ծրագրերից են «Աստծո Կամքը», «Աստվածաշնչյան բանալիներ», «Բարի կիրակի» ծրագրերը, իսկ երիտասարդին զարգացնող՝ « World Café», «Երիտմոտիվացիա. Մտքի Տրասֆորմացիա», «Թվային քրիստոնեական երիտասարդական աշխատանք» և այլն։  Հարկ է նշել նաև, որ նոր ծրագրերը, նախքան աշխարհասփյուռ թեմերին ուղարկելը, շատ ժամանակ փորձարկում ենք երիտասարդների հետ, որպեսզի լսենք նրանց դիտարկումներն ու ապահովենք  ծրագրերի արդյունավետությունը։

-Ի՞նչ խոչընդոտներ կան այսօր եկեղեցու և երիտասարդության կապն ամրապնդելու հարցում։

-Այսօր եկեղեցու և   երիտասարդության կապն ամրապնդելու հիմնական խոչընդոտներից են ժամանակի սղությունը, երբ երիտասարդները ծանրաբեռնված են ուսումնական կամ աշխատանքային պարտականություններով, նյութական շահերի գերակայությունը, երբ հոգևոր արժեքները երկրորդական են դառնում նյութական հաջողությունների նկատմամբ, և հավատքի վերաբերյալ թյուրընկալումները, որոնք ձևավորվում են ժամանակակից հասարակության մեջ: Այս ամենը բարդացնում է երիտասարդների մոտ եկեղեցու իրական դերի ընկալումը: Սակայն եկեղեցին ոչ միայն չի խանգարում, այլև առաջարկում է լուծումներ՝ դառնալով աջակցող ուժ, որը նպաստում է հոգևոր աճին, արժեքների վերագնահատմանը և դժվարությունների հաղթահարմանը՝ ներառելով կրթական և հոգևոր ծրագրեր, որոնք համատեղում են հավատքը և առօրյա կյանքը:

-Իսկ ինչպիսի՞ մեթոդներով է եկեղեցին փորձում  ներգրավել երիտասարդներին՝ հաշվի առնելով ժամանակակից երիտասարդական մշակույթի ազդեցությունը։

-Եկեղեցին կարող է օգտագործել և այժմ էլ օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաները, սոցիալական մեդիան և ինտերակտիվ միջոցառումները՝ իբրև երիտասարդների հետ կապ հաստատելու և պահպանելու միջոց: Կարևոր է  նաև ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդին տալ նոր գիտելիքներ և այդ գիտելիքների միջոցով վերջիններիս համար հասանելի դարձնել նոր հնարավորություններ։

-Արդյոք սոցիալական մեդիայի օգտագործումը մարտահրավերներ չի բերում ։

-Սոցիալական մեդիան կարող է ինչպես բացասաբար, այնպես էլ դրականորեն ազդել, ուստի կարևոր է մշակել համապատասխան բովանդակություն և ճիշտ օգտագործել մեդիայի հնարավորությունները։ Մեր բոլոր երիտասարդաց միությունները, ինչպես նաև ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակը ունեն իրենց կայքէջերը,  և օրինակ կենտորանական գրասենյակի կայքէջում առկա է օնլայն հոգևոր գրադարան, ինչը մեդիայի ճիշտ օգտագործման  տարբերակներից մեկն է հանդիսանում։ 

Հղումը՝ https://hehem.am/

-Իսկ ինչպե՞ս կարող են ուսանողները ներգրավել եկեղեցական կրթական ծրագրերում։

-Ուսանողները կարող են մասնակցել եկեղեցական հանդիպումներին, խոկումներին, կիրակնօրյա դպրոցներին, ինչպես նաև ՀԵՀԵՄ-ի կողմից կազմակերպած ծրագրերին, որոնք մշտապես ներկացվում են ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի օնլայն կայքէջերում։ Ինչպես նաև կարող են կամավորագրվել և իրենց ներուժը օգտագործել եկեղեցու շրջանակներում, քանի որ երիտասարդ տարիքում ջերմեռանդությունը շատ ավելի շատ է, և կարևոր է այն ճիշտ տեղում և ճիշտ ձևով օգտագործել։ 

-Իսկ ի՞նչ առավելություններ ունեն կամավորագրված ուսանողները։ 

-Կամավորագրված ուսանողները  ձեռք են բերում հոգևոր աճ, կարողանում են օգտվել թեմերի  կողմից տրված հնարավորություններից, մասնակցել իրականացվող ծրագրերին ու փոխայցերին, ինչպես նաև շատ հաճախ ունենում ենք կրթաթոշակներ, որոնք Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տրամադրվում են ուսանող երիտասարդներին։

-Կա՞ն ծրագրեր Սփյուռքի  այն երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված  են Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությամբ։

-Սփյուռքի երիտասարդները մեծապես հետաքրքրված են ազգային ինքնությունը պահպանելու հարցերով, և նրանց համար կազմակերպվում են համահայկական ուխտագնացություններ, մշակութային և հոգևոր միջոցառումներ։ Ինչպես նաև տեղի ՀԵՀԵՄ պատասխանատու Հոգևոր Հայրերի միջոցով իրականացվում են վերոնշյալ մշակված ծրագրերը` հնարավորություն տալով Հայ Եկեղեցու զավակին իր արմատներից չհեռանալ, քանի որ եկեղեցին Սփյուռքում ոչ միայն հոգևոր դերակատարում ունի, այլև  ինքնության պահպանման։

-Եվ վերջում, որո՞նք են այն արժեքները, որ ՀԵՀԵՄ-ը փորձում է փոխանցել սերունդներին։ 

-ՀԵՀԵՄ-ը փոխանցում է հավատք, հայրենասիրություն, սեր, համերաշխություն․․․ արժեքներ, որոնք հոգին մաքուր պահելու և արժանի լինելու մասին են, քանի որ ինչպես մարմինը ժամանակ առ ժամանակ կարիք ունի  բժշկվելու, այնպես էլ՝ հոգին։ 

Արևիկ Քոլունց