
Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանի հետ զրուցել ենք առաջնագծում աշխատելու վտանգների, նախապատրաստության կարևորության և իր փորձառության մասին։
-Ինչպե՞ս եք պատրաստվում ռազմական գոտի մեկնելուց առաջ։
-Սա մեր գործում ամենակարևոր հարցերից մեկն է, դիտարկվում է ընդհանուր գործի հաջողությունը, ողջ մնալը, լավ նյութ պատրաստելը։ Եթե փորձանքի չհանդիպես, դա արդեն կլինի ամենաերջանիկ պատահականությունը։
Մեր իրականության մեջ սահման-ոչ սահմանը տարանջատելը դժվար է։ Սեյրան Օհանյանը լավ միտք է ասել` մեր երկիրն այնքան փոքր է, որ մենք թիկունք չունենք, մերը միանգամից առաջնագիծ է։ Այս տրամաբանությամբ միշտ պատրաստվում եմ վատագույնին, որ ինչ էլ լինի՝ տանելի լինի։ Հասկանում եմ՝ ուր եմ գնալու, արդյոք տեղանքը ծանոթ է, հաշվի եմ առնում տեխնիկական միջոցները և դրանց պահուստների առկայությունը հստակեցնելուց հետո աշխատում եմ քարտեզի վրա։ Քանի որ շատ եմ լինում առաջնագծում, կամ մերձակա հատվածներում, հիմնականում տեղանքը ծանոթ է լինում ինձ, որոշակի կապեր և տեղանքում կողմնորոշվելու հատկություն եմ ունենում։ Եթե տեղանքը ծանոթ չէ, ֆիքսում եմ տարածքում առկա օբյեկտները, կոորդինատները, վտանգի հնարավոր ռիսկերը, նպաստավոր դիրքերը և այլն։ Կարևոր է երթուղու մշակումը, որի մասին տեղյակ է լինում, իմ դեպքում, մեկ կամ երկու հոգի։ Վեշավոյի՝ իրային մասը, մեզ անհրաժեշտ իրերն են, նաև՝ դեղորայքը։
Ռազմական լրագրողի՝ իրադարձության վայր ներկայանալը ինդիվիդուալ է։ Ավելի էական է, ոչ թե ինչ կհագնես, այլ ինչ որակի կլինի հագածդ։ Նույնը տեխնիկայի հարցում. կարևորը դիմացկունությունն ու երկարակեցությունն է։
-Որո՞նք են ռազմական լրագրության ամենամեծ վտանգները։
-Չնայած միջազգային կոնվենցիաներով, մասնավորապես Ժնևի կոնվենցիայով, ռազմական լրագրողները չպետք է թիրախավորվեն, բայց միշտ թիրախավորվել ենք։ Ամենամեծ վտանգը, որ կարող ես զոհվել, մանավանդ, որ ի տարբերություն զինվորականների, մեր ձեռքին զենք չկա։
-Եղե՞լ են իրավիճակներ, երբ ձեր կյանքը կամ առողջությունը վտանգի տակ է եղել։
-Շատ է եղել։ Եղել է, որ պայթյունից կոնտուզիա եմ ստացել, վիրավորվել գլխի շրջանում 2 արկի պայթյունից։ Չնայած լուրջ բան չի եղել, բայց ինչպես ասում են՝ այդ քաղցրության համն էլ եմ ճաշակել։
-Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում տեղեկատվություն հավաքելիս լրագրողական աշխատանքի ընթացքում։
-Ռազմական լրագրության մեջ մի ոտքով լրագրող ես, մի ոտքով՝ կիսազինվորական, մի ձեռքով նկարում ես, մյուսով՝ գլուխդ պահում։ Ռազմական լրագրության տեմպն է արագ։ Խոչընդոտներն էլ, բնականաբար, ռազմական բնույթի են. կրակոցներ, հարվածներ, պայթյուններ, դժվար հաղթահարելի, երկար ճանապարհներ, տեխնիկական խնդիրներ՝ մարտկոցները կարող են արագ նստել, չիպերը՝ արագ լցվել։
Խոչընդոտներից է նաև, երբ կա տեղեկություն, որը քեզ հասանելի չէ, և տեղեկություն, որը հասանելի է, բայց չես կարող հրապարակել։
-Ինչպե՞ս եք ապահովում օբյեկտիվությունը տեղեկություն հավաքելիս։
-Օբյեկտիվ լինելը անիրատեսական է, որովհետև պատերազմում կան գրված և չգրված կանոններ։ Բայց պետք է ստուգել նյութի աղբյուրները, հավաստիությունը, ճշտել տեղեկատվությունը off the record կամ recording տարբերակով։
-Ունե՞ք հատուկ մեթոդներ կամ տեխնիկա, որոնք օգնում են ձեզ հոգեբանորեն պատրաստվել և վերականգնվել։
-Չնայած ավարտել եմ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ինչ-որ հատուկ մասնագիտական հնարքներ կամ մեթոդներ չունեմ։ Ինձ հոգեբանորեն՝ թե՛ լավ, թե՛ վատ պահերին չակերտավոր մոտիվացնողը Եռաբլուրն է, որտեղ իմ ընկերներն են, իմ հարազատները, թեկուզ՝ անծանոթ, բայց՝ իմ ախպերները։ Եվ Արցախում՝ Եղբայրական գերեզման-հուշահամալիրը։
-Ո՞րն է ռազմական լրագրողի հիմնական առաքելությունը։
-Եթե լուսաբանում ես 3-րդ ու 4-րդ կողմերի ռազմական դրությունը՝ օբյեկտիվ, ողջամիտ լինելը։ Իսկ մեր պատերազմը լուսաբանելիս՝ ինձ համար սեփական երկրի հաղթանակին նպաստելը։
-Եթե պատերազմի մասնակիցը կամ խաղաղ բնակչությունը ունի օգնության կարիք, ինչպե՞ս պետք է լրագրողը արձագանքի դրան, պե՞տք է միջամտել։
-Եթե պատերազմ է, ենթադրաբար խաղաղ բնակչությունը պետք է արդեն տարհանված լինի, բայց եթե տարածքում կա բնակչություն, ես միշտ օգնում եմ։ Այդտեղ ինձ համար 2-րդ տարբերակ չկա։ Ես միշտ յուրային կողմից եմ աշխատել, 3-րդ երկրի պատերազմ չեմ լուսաբանել, չեմ կարող ասել ինչպես կլուսաբանեի այդ պայմաններում, բայց եթե թշնամի չէ, բոլոր դեպքերում կարելի է օգնել անգամ նեյտրալ երկրին։
-Ո՞ր հակամարտությունն է եղել ամենադժվարը ձեզ համար։
-Եթե մյուս բախումները 2-3 օր են տևել, 44-օրյա պատերազմի ծավալն ավելի մեծ է եղել, հետևաբար՝ ամենածանրն է եղել։
-Դուք նաև «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն եք, արդյոք ունեք ծրագրեր, որոնք ուղղված են պատերազմի հետևանքով վիրավորված մեր զինվորներին կամ նրանց ընտանիքներին։
-Այս պահին որևէ ծրագիր չենք իրականացնում։ Քանի որ չենք ունենում բավարար ռեսուրսներ, մեր մոտեցումը էսպիսինն է․ եթե պայմանական ունենք 1000 $, էմոցիոնալ առումով դժվար է որոշել, բայց ավելի տրամաբանական ենք համարում 1000 $–ը ուղղել մի ծրագրի (օրինակ ռմբապաստարանի պատրաստում), որը կնվազեցնի 10, գուցե 20 զինվորի վիրավորվելու հավանականությունը։

-Ձեր կարծիքով, ի՞նչ կարևոր հմտություններ պետք է ունենա ռազմական լրագրողը։
-Շատ հմտություններ են պետք, բայց կառանձնացնեմ երկուսը։ Առաջինը՝ իրավիճակը զգալու և ճիշտ կողմնորոշվելու հմտություն, հոտառություն։ Երկրորդը՝ խիզախություն, համարձակություն, որովհետև ռազմական լրագրողի աշխատանքը պակաս վտանգավոր չէ զինվորականի աշխատանքից, երբ գիտես, որ ողջ մնալու հավանականությունը 50։50 է։
-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են զբաղվել ռազմական լրագրությամբ։
-Նախ, որ զբաղվեն ռազմական լրագրությամբ, քանի որ մեզ դա պետք է՝ ելնելով, թե ինչ է կատարվում աշխարհում, տարածաշրջանում։ Խորհուրդ եմ տալիս զբաղվել լրջորեն, խորությամբ ուսումնասիրել, ունենալ բազմապրոֆիլ գիտելիքներ, որովհետև դու չգիտես դաշտում այդ պահին աշխատելիս քեզ ինչ պետք կգա՝ առաջին բուժօգնություն, ֆիզիկա, քիմիա, թե տեխնիկական հմտություններ։ Իսկ սեփական պատերազմը լուսաբանելիս պատրաստ լինել հոգեկան ծանր ապրումների և այդ ծանր հոգեբանական քեյսերից չկոտրվել, հակառակը` ոգեշնչվել ու սեփական ռեսուրսները ի սպաս դնել հայրենիքին։