
Մեր շրջապատում կան մարդիկ, որոնք համարում են, որ իրենց կյանքը կարող է միանգամայն լիարժեք լինել առանց երեխաների և որոշում են երեխաներ չունենալ: Տարածվող այս մշակույթը կոչվում է childfree։ Այն ոչ միայն անհատական ընտրություն է, այլև՝ սոցիալական երևույթ, որը գնալով մեծ տարածում է ստանում։ Ինչո՞վ է պայմանավորված այն, և ինչ ազդեցություն է ունենում այս ընտրությունը անհատի և հասարակության վրա։
Childfree գաղափարախոսությունը տարածվեց 20-րդ դարի վերջին, երբ մարդիկ սկսեցին վերանայել ավանդական սոցիալական նորմերը, որոնք խրախուսում էին երեխա ունենալ ցանկացող ծնողներին։ Կյանքը փոխվել է, և շատերը սկսել են կարծել, որ ծնողական պարտականությունները կարող են զգալիորեն ծանրաբեռնել իրենց։ Ուստի նախընտրում են կյանքն առանց երեխաների։ Այս ընտրությունը չի նշանակում, որ նրանք մերժում են ծննդաբերությունը, այլ որ իրենց կյանքը լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ չէ երեխաներ ունենալ։
Մենք զրուցել ենք Childfree լինելու որոշում ընդունած մարդկանց հետ։ Նրանց կարծիքները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչպես է այս ընտրությունը ձևավորում իրենց անձնական կյանքը, ինչպես են նրանք վերաբերվում հասարակության ակնկալիքներին․
Ա․Մ․
«Ես միշտ էլ չեմ ուզել երեխա ունենալ, ուղղակի երիտասարդ տարիքում էդքան վստահ չէի իմ վրա ու ավելի շատ ուրիշների ասածով էի շարժվում։ Երկու երեխա ունենալուց հետո ես դեռ էն կարծիքին եմ, որ կյանքը շատ ավելի հրաշալի է էն կանանց համար, ովքեր գիտակցված երեխա չեն ուզում ունենալ, ու ինձ ոչ մի բան հակառակում չի համոզի։ Հստակ փաստ է, որ կնոջ կյանքի որակը երեխա ունենալուց հետո ընկնում է թե՛ առողջական, թե՛ հոգեբանական, թե՛ կարիերայի տեսանկյունից։ Ես իմ երեխեքին սիրում եմ, չէ, չէի ուզի՝ իրենք չլինեին, արդեն կան»:
Զ․ Ս․
«Ես 10 ձեռքով կողմ եմ, որ երեխա չսիրողները կամ չցանկացողները երբեք երեխա չունենան։ Անգամ խոհանոցում, երբ չսիրելով ես կերակուր պատրաստում, ուտել չի լինում սարքածդ, ուր մնաց՝ չսիրելով երեխա ունենաս ու մի ամբողջ կյանք էդ երեխուն դիմանաս։ Բացառություններ միշտ էլ կան, բայց խեղաթյուրված ճակատագրերն ավելի շատ են»:
Վ․ Դ․
«Ընկերուհիս ա չայլդֆրի, ու ի սկզբանե գիտեր դեռ դեռահասությունից, որ երեխա չի ցանկանում ունենալ: Մտածում էի՝ կմտափոխվի, բայց ոչ, շատ երջանիկ է։ Ես նույնպես մեկ-մեկ մտածում եմ էդ ուղղությամբ (ամուսինս էլ է համակարծիք), որ, եթե սոցիումի ճնշումը չլիներ, հնարավոր ա, որ մենք նույնպես չայլդֆրի լինեինք։ Երկուսս էլ շատ երջանիկ մանկություն ենք ունեցել, որ չասեն՝ տրավմաներից են էդ մտքերը»:
Լ․ Մ․
«Դեռ շատ փոքր տարիքից հստակ գիտեի, որ չեմ ուզում ապագայում երեխա ունենալ։ Անընդհատ ասում էին` կմեծանաս, կհասկանաս, կփոխես կարծիքդ, կսիրես տղամարդու ու հանուն իրեն կունենաս։ Հիմա 30 տարեկան եմ, ունեմ սիրելի տղամարդ, ով նաև ինձ է շատ-շատ սիրում։ Հիանալի կետում եմ կյանքի, երբ ունեմ հաջող կարիերա, ընկերներ, ֆինանս, բայց երեխա չեմ ուզում, ոչ մի պահ չեմ կասկածել էս որոշմանս վրա»:
Մ․ Ն․
«Ամեն կին չէ, ում կյանքի միակ նպատակը և երջանկության ամենաբարձր կետը երեխա ունենալն է։ Յուրաքանչյուր մարդ տարբեր առաքելությամբ և երջանկության այլ պատկերացմամբ է ծնվում՝ անկախ սեռից։ Ամեն օր շուրջս եմ նայում ու համոզվում, որ կյանքումս կայացրած ամենաճիշտ որոշումն է։ Մարդիկ վստահ են, որ չայլդֆրի կանայք կարիերիստ են ու եսասեր, բայց էն դոգմատիզմը, որ կանանց առաքելությունը միայն երեխա ունենալն է, աշխարհը կանգնեցրել է աղետի առջև։ Մարդիկ սեփական շահից դրդված են երեխա ունենում, հետո նրանց վզին փաթաթում իրենց չկայացած կյանքն ու երազանքները։ Ոչ մի երեխա չի խնդրում իրեն լույս աշխարհ բերել, մանավանդ, երբ ծնողները սոցիալական ոչ մի պատասխանատվություն կրելու հույս չեն ներշնչում, իսկ այդպես պատահում է 90% դեպքերում։ Եթե ես լինեի խնամակալ մարմին, ինձ հանդիպած ընտանիքների 60-ից ավելի դեպքերում ծնողներին կզրկեի ոչ միայն արդեն իսկ ծնված երեխաներին մոտ գնալու իրավունքից, այլև առհասարակ երեխա ունենալու իրավունքից։ Մեղքի, տգիտության, թերարժեքության, արժեքային համակարգի բացակայության էս աշխարհում լավագույն որոշումը երեխա չունենալն է, որի հետ ես հաշտ ապրում եմ։ Մարդը բանական էակ է, բայց այսօր կենդանիներն ավելի բանական են մոտենում այդ հարցին, քան մարդիկ։ Բնազդով ապրող ու երեխա ունեցող մարդիկ սթափ մտածող մարդկանց անուն են կպցնում ու դատապարտում, որպեսզի իրենց սխալները քննելու հերթը չհասնի»:
Լ․ Ս․
«Ես էլ երբեք երեխա չեմ ուզել։ Ով Հայաստանի դեմոգրաֆիայի մասին մտածելով է երեխա ունենում, թող իմ փոխարեն մի երեխա էլ ունենա, պահի։ Բայց իմ հետ գործ չունեն»:

«Հոգեբանորեն, կանանց childfree լինելը կարող է պայմանավորված լինել տարբեր անձնական և սոցիալական գործոններով։ Շատ կանայք ընտրում են այս ճանապարհը՝ նախընտրելով ազատություն և անկախություն, որը թույլ է տալիս կենտրոնանալ իրենց անձնական նպատակների վրա՝ կարիերա, կրթություն կամ ինքնազարգացում։ Միևնույն ժամանակ, այդ ընտրությունը նաև խուսափում է սոցիալական ճնշումներից ու ավանդական ծնողական պարտականություններից, որոնք կարող են առաջացնել սթրես ու անհանգստություն։ Հոգեբանորեն, կանայք, ովքեր childfree են, հաճախ գտնում են, որ իրենց կյանքը լիարժեք է առանց երեխաների, քանի որ նրանք չեն զգում այդ անհրաժեշտությունը, իսկ դա նրանց հնարավորություն է տալիս ապրել իրենց ընտրած կյանքով, առանց արտաքին պարտավորությունների կամ հասարակական սպասելիքների»,- ասում է հոգեբան Մերի Գևորգյանը։
Հասարակության մեջ քննադատական վերաբերմունք կա childfree որոշում կայացրած մարդկանց նկատմամբ, քանի որ երեխաները համարվում են հասարակության ապագան։ Հարցադրում է արվում՝ արդյոք մենք՝ որպես անհատներ, իրավունք ունենք մեր կյանքը տնօրինել այնպես, ինչպես մենք ցանկանում ենք։
«Ընտանիքի ինստիտուտը, որի Հիմնադիրը և Արարիչը Աստված է, ամենակարևոր պրոյեկտն է արարչագործությունից հետո: Իսկ կինը ստեղծվել է այս համատեքստի մեջ՝ որպես վերարտադրության հիմնական դերակատար: Այդ նույն ինստիտուտը դարեր շարունակ՝ առաջին իսկ ստեղծման պահից, միշտ եղել է հարձակման տակ: Առաջին ողբերգությունը կատարվեց ընտանիքի մեջ, երբ եղբայրը սպանեց եղբորը: Եվ շարունակվում է մինչ այսօր՝ ավելի ու ավելի խտացնելով գույները: Տպավորություն է, որ մարդիկ փորձում են մերժել Աստծո արժեքային համակարգը:
Սատանայի հիմնական թիրախն ընտանիքն է: Այսօր համաշխարհային մակարդակով շատ երևույթներ նորմալիզացվում են՝ պրոպագանդելով այն ամենը, ինչը դեմ է Աստծո կարգուկանոնին: Կարելի է ասել՝ հեղինակային իրավունքներ են խախտվում, չէ՞ որ ընտանիքի Հիմնադիրն ու Արարիչը նույն Աստվածն է, ում դեմ է դուրս գալիս ներկա աշխարհի մասսայական պրոպագանդան:
Օրինակ՝ համասեռամոլության գաղափարը, ընտանիք չկազմելու, կամ այժմ արդեն՝ երեխա չունենալու միտումը: Այս ամենը դեմ է Աստծո ծրագրին, կամքին և նպատակին:
Աստված թե՛ մարդուն, թե՛ բուսական և կենդանական աշխարհը ստեղծելուց հետո, երբ տեսավ, որ դրանք բարի են, օրհնեց և ասաց. «Աճեք ու բազմացեք, լցրեք երկիրը» (Ծննդոց 1:28):
Անգամ աշխարհը ջրհեղեղով վերացնելուց հետո Աստված 2-րդ շանս է տալիս մարդկությանը՝ հենց նույն հրահանգով ու օրհնությունով. «Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց՝ աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը (Ծննդոց 9:1):
Այդ բոլոր դրսևորումների հիմքում գիտակցված կամ չգիտակցված պայքար է ընթանում աստվածային կարգերի դեմ, որը նա ներդրել է ընտանիքի համակարգի մեջ:
Ցավալի է, որ այսօր նույնպես որպես գործիք օգտագործվում է կինը, ինչպես դա տեղի ունեցավ եդեմական պարտեզում: Տպավորություն է, որ նրանք պահպանում են իրենց առողջությունը, երջանկությունը, տնօրինում են իրենց ժամանակն ու ռեսուրսները, իրենց մարմինը, բայց հենց այդ ամենով էլ նրանք փչացնում են իրենց, քանի որ աստվածային օրհնությունը գործում է միայն աստվածային կարգի մեջ»,- նշում է աստվածաբան Արմեն Գասպարյանը։
Childfree մշակույթը բացասական է գնահատվում նաև ժողովրդագրության տեսանկյունից. «Երբ ուսումնասիրում ենք childfree ընտրության ազդեցությունը հասարակության վրա, պետք է նշենք, որ այն կարող է ունենալ որոշ բացասական հետևանքներ։ Մասնավորապես, երեխաներ չունենալը կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացման, քանի որ շատ ընտանիքներ կազմակերպվում են հենց երեխաների շուրջ։ Այս երևույթը կարող է դիտվել որպես սպառնալիք ավանդական ընտանիքի մոդելին ու հասարակական զարգացմանը։ Բացի այդ, երկարաժամկետ հեռանկարում, եթե ծնելիության ցուցանիշը գնալով պակասի, սա կարող է ազդել երկրի բնակչության աճի և տնտեսական կայունության վրա», - նշում է ազգագրագետ Վահե Ապրեսյանը։
Childfree երեւույթը շարունակում է քննարկումների առարկա լինել՝ ինչպես անհատական, այնպես էլ հասարակական մակարդակով։ Կյանք առանց ծնողական պարտավորությունների՞, թե ծնողական արժեքների փոխանցում, պատասխանատվություն և սոցիալական կայունություն։ Քանի որ յուրաքանչյուր մարդ ունի ազատ ընտրության իրավունք, այս երևույթը չպետք է դատապարտվի, բայց կարևոր է, որ սոցիալական, կրոնական ու ժողովրդագրական տեսանկյուններից դիտարկվեն դրա հնարավոր հետևանքները։