
Համալսարանական կյանքի սկիզբը շատերի համար նոր էջ է՝ լի ինքնաբացահայտման հնարավորություններով։ Բայց ոչ բոլորն են մտնում այդ դռնից սեփական ցանկությամբ։ Ոմանց համար մասնագիտության ընտրությունը պայմանավորված է ոչ թե իրենց երազանքներով, այլ՝ ծնողների պահանջներով։
«Երբևէ չեմ պատկերացրել ինձ այս ոլորտում»
Անին դպրոցն ավարտելուց հետո ուզում էր ընտրել գրաֆիկական դիզայնը, սակայն ծնողները վստահ էին, որ տնտեսագիտությունը նրա համար ավելի կայուն ապագա կապահովի։
-Ես դպրոցից հետաքրքրված էի արվեստով, սիրում էի նկարել, բայց ծնողներս ասում էին, որ դա «լուրջ» մասնագիտություն չէ։ Հիմա սովորում եմ տնտեսագիտություն, բայց երբեք ինձ չեմ տեսել այս ոլորտում։ Ինքնուրույն ուսումնասիրում եմ դիզայն, բայց ամբողջ օրը լսարաններում անցկացնելը, որտեղ ինձ չի հետաքրքրում ասվածը, շատ ծանր է,- պատմում է Անի Ավետիսյանը։
Նրա նման շատ ուսանողներ են բախվում մի իրավիճակի, երբ ծնողների խոսքը վճռորոշ է մասնագիտական կողմնորոշման հարցում:
Ծնողների դիրքորոշումը՝ լավագույնի ցանկությու՞ն, թե՞ վերահսկողություն
Հարցը միանշանակ չէ։ Շատ ծնողներ առաջնորդվում են այն մտահոգությամբ, որ իրենց երեխաների համար ապահովեն կայուն աշխատանք և հաջող կարիերա։
Լուսինե Խաչատրյանի որդին սովորում է Բժշկական համալսարանում.
-Նա դեռ մանկուց չի սիրել այս ոլորտը, բայց ես միշտ հավատացել եմ, որ բժիշկ լինելը հիանալի ապագա կապահովի նրան։ Ավելին, բժշկությունը մեր ընտանիքում ավանդույթ է, և չէի ուզում, որ որդիս հեռանար այդ ճանապարհից։ Համոզված եմ, որ տարիների ընթացքում նա կհասկանա, որ ճիշտ ընտրություն ենք արել իր համար։
Արդյոք այս մոտեցումը միշտ արդարացված է։
Հոգեբանները նշում են, որ ծնողների պարտադրանքով մասնագիտություն ընտրած ուսանողները հաճախ բախվում են ինքնության հարցին։ Նրանք կարող են չունենալ ներքին մոտիվացիա, ինչը հանգեցնում է ուսման նկատմամբ անտարբերության կամ նույնիսկ դեպրեսիայի։
-Երբ երիտասարդը զգում է, որ իր ձայնը լսված չէ, նա կարող է տարիներով ապրել ուրիշի երազանքով՝ կորցնելով սեփական ուղին,- նշում է հոգեբան Նառա Ղազարյանը։- Որոշ դեպքերում դա բերում է մասնագիտությունից վաղ հրաժարման, իսկ երբեմն էլ՝ հիասթափության կյանքից։
Շատ ուսանողներ տարիներ անց հասկանում են, որ ընտրած մասնագիտությունն իրենցը չէ, բայց այն փոխելն արդեն բարդ է։ Ոմանք փորձում են զարգացնել իրենց հետաքրքրությունները զուգահեռ՝ ինքնուրույն սովորելով նոր հմտություններ։ Ոմանք էլ համակերպվում են ծնողների ընտրության հետ՝ գտնելով դրական կողմեր, նույնիսկ եթե դա նրանց նախընտրած ճանապարհը չէ։
-Չնայած համալսարանում տնտեսագիտություն եմ սովորում, սակայն երեկոյան կուրսերի եմ հաճախում՝ դիզայն սովորելու համար,- ասում է Անին։-Գուցե հետագայում անցնեմ այդ ոլորտ։