03.17.2025
Կատեգորիա
Մշակույթ
1

«Աստղաթափ գիշերվա թափվող աստղերի պես ընկան տղերքը». հենց այս տողերով էլ սկսվում է Լենա Ղազարյանի «Երկնային կյանքեր» գիրքը, որտեղ գրված յուրաքանչյուր պատմություն ապրումների, զգացմունքների, հայրենիքի կարևորության ու հերոս տղաների մասին է: 

«Երկնային կյանքեր» գիրքը 20 ամյա աղջնակի առաջին գիրքն է: Այն բանաստեղծությունների, պատմվածքների ու մտորումների ժողովածու է, որի հիմքում ընկած են պատերազմի ծանր ու անդառնալի հետևանքները: Գրքում ներկայացվում են 44-օրյա պատերազմի ժամանակ մարդկային ապրումները: Գրքում խոսվում է Մեղրիի քաջ ու անվախ հերոսների մասին, ովքեր առանց վարանելու պատերազմի առաջին օրվանից դուրս են եկել  թշնամուն ընդառաջ ու մինչև իրենց կյանքի վերջին րոպեները պայքարել ու արյուն թափել հանուն հայրենիքի:

«Ստեղծագործել սկսել եմ պատերազմի ընթացքում: Հենց այդ ժամանակ էր, որ բացահայտեցի ստեղծագործելու տաղանդն իմ մեջ, որը ժառանգել եմ հորական տատիկիցս, ում անունն էլ կրում եմ։ Առաջին բնաստեղծությունս ծնվել է այն ժամանակ, երբ ականջներիս էին հասնում թնդանոթի ծանր ձայները, ու տեսնում էի, թե ինչպես է հայրենքիս կտոր-կտոր լինում: Սկզբնական շրջանում գրածներս գաղտնի էի պահում` մտածելով, որ դրանք լավը չեն և ոչ մեկին չեն հետաքրքրի: Այնուհետև ամեն օր, երբ մի նոր վատ լուր էի լսում, և հոգիս տակնուվրա էր լինում՝ մտքերս հանձնում էի թղթին: Օրերից մի օր, երբ համարձակություն գտա ու դրանք սկսեցի կարդալ ինձ հարազատ մարդկանց մոտ, տեսնելով նրանց արցունքները, որոշեցի մտորումներս սոցիալական կայքերում ևս տեղադրել: Շուրջբոլորս քաջալերում և ասում էին, որ գրքիս են սպասում: Հենց այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ: Գիրքը գրել եմ մաս-մաս, այնուհետև հատվածները  միացրել իրար և ստացել 19 մասերից բաղկացած գիրք»,-պատմում է երիտասարդ գրողը:

 Գիրքն ամենասկզբում նախատեսված էր անվանել «Չսպիացող պատերազմ» անվամբ, սակայն հետագայում Լենան նոր անվանում ընտրեց՝ «Երկնային կյանքեր», քանի որ այն ավելի լավ էր արտացոլում երկու տարբեր իրականությունների միջև եղած սահմանը: Լենայի համար նաև շատ կարևոր էր գրքի կազմի, տեսքի ընտրությունը, քանի որ դա նույնպես իր խորհուրդն ու ուղերձը պետք է ունենար և ավելի ընդգծեր գրքի գաղափարը: Կազմի վրա պատկերված լեռները Մեղրիի թիկունքում ամուր կանգնած լեռներն են, որոնք նույնպես խոսում են մեր ժողովրդի ամուր կամքի ու հզորության մասին: Ավելի մուգ գույնով պատկերված ժայռը խորհրդանշում է մեր սահմանները, որտեղից սկսվում և ավարտվում է մեր հայրենիքը: Ժայռի վրայի սաղավարտը խորհրդանշում է մեր զոհված տղաներին, ովքեր, թողնելով իրենցից հուշեր, հեռացան: Վերևից ընկնող թուղթը, որը ևս պատկերված է գրքի վրա, խորհրդանշում է այն նամակները, որոնք ներառված են գրքում, սակայն որոնք այդպես էլ տեղ չհասան, իսկ գրքի կապույտ գունավորումը խաղաղության խորհրդանիշ է: 

1

«Գրքի հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուրս գիտակցենք մեր հերոսների կարևորությունը մեր կյանքում: Գիտակցենք, թե ինչքան կարևոր է կյանքը ապրել արժանավայել: Գիտակցենք, որ նրանք այն տղաներն են, ովքեր դարձան մեր գոյության վկաները: Գիտակցենք, որ պետք է մնանք Հայաստանում, ամուր կանգնենք մեր հերոսների կյանքի գնով պահված հողի վրա, ստեղծենք ու ստեղծագործենք, քանի որ հայրենիքը ապրում է մեր մեջ և մենք ենք նրան ապրեցնողը»,-նշում է Լենան:

Մարտի 17-ին տեղի ունեցավ «Երկնային կյանքեր» գրքի շնորհանդեսը: Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի մշակույթի տան համերգասրահը մարդաշատ էր: Բոլորը եկել էին քաջալերելու ու իրենց հպարտության խոսքն ուղղելու երիտասարդ գրողին, որի մտքով անգամ չէր անցնում, որ իր նվիրական երազանքը մի օր իրականություն կդառնա: 

4

«Գրելու ընթացքում դժվարությունն այն էր, որ երբեմն արցունքները խեղդում էին կոկորդս, ու ուղեղս այդժամ մթագնում էր, և մոռանում էի մտածածս թղթին հանձնել: Հիմնական դժվարությունը կապված էր հովանավոր գտնելու հետ: Բազում մերժումներ ստանալուց հետո որոշեցի դիմել մեր համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին, ով խոստացավ օգնել, ու այսօր ունեմ իմ հրատարակված գիրքը: Իսկ ինչ վերաբերում է հույզերիս, դրանք աննկարագրելի էին, քանի որ գիրքը անկատար երազանք էր թվում, բայց օրերից մի օր, երբ գիտակցեցի, որ շուտով դրանք ձեռքս եմ առնելու, ուրախությանս չափ ու սահման չկար. գիտակցում էի, որ արժեքավոր գործ եմ անում,- նշում է Լենան ու ավելացնում,- Արդեն քանի օր է շատ լավ ու քաջալերող կարծիքներ եմ ստանում: Բոլորը նշում են, որ երբ կարդում են առաջին էջերը, նրանց թվում է, որ հեշտ կարդացվող ու հասարակ գիրք է, սակայն մի քանի էջ հետո նրանց հյուր են գալիս արցունքները, որոնք խեղդելու չափ կանգնում են կոկորդներին: Բայց բոլորը վերջում հավելում են, որ հաջորդ գիրքը, որի հեղինակը կլինեմ ես, պետք է ուրախ բովանդակություն ունենա»:

Չնայած իր երիտասարդ տարիքին, Լենան իր հայրենասիրությամբ ապշեցնում է բոլորին: Նա ունի մեկ ցանկանություն՝ մնալ հայրենիքում ու արժանավայել ապրել հայրենիքի համար:

«Մենք`յուրաքանչյուրս, ներկայացնում ենք մեր հայրենիքը թե՛ լավ, թեշ վատ կողմերով: Հայաստանը մենք ենք՝  ես և դու: Մեր հայրենիքը մեզանով է կանգուն, քանի որ մենք նրա անցյալի պատկերն ենք, ներկայիս ցավը մեր մեջ կրողը ու ապագայի վառ ու լուսավոր հայրենիք ստեղծողը: Բայց երբեմն հայրենիքը ինքն է խաչվում մեր ոտքերին ու խնդրում չլքել իրեն: Մնացեք Հայաստանում, ապրեք արժանավայել, ստեղծեք ու ստեղծագործեք, ամուր կանգնեք հայոց հողի վրա, որովհետև տղերքը երբեմն գոչում են` «Հայրենիքը պինդ պահե՛ք»: Հայրենիքը սեր է, իսկ սերը դեպի հայրենիք ազգի պահպանման միակ գրավականը»:

Երիտասարդ գրողը խոստանում է չկանգնել ու շարունակել ստեղծագործել։ «Նոր գիրք գրելու միտք հաստատ կա, բայց դեռ չեմ ուզում մանրամասներ բացել. մի օր դուք բոլորդ կիմանաք»,- ասում է նա՝ ընդգծելով, որ ստեղծագործական ուղին շարունակելու հարցում հստակ նպատակներ ունի: 

Լենայի գրական գործունեությունն արդեն ընդգծվել է իր առանձնահատուկ ոճով և խորությամբ։ Նրա ստեղծագործությունները նկատելի են և գնահատված: Սակայն ամեն ինչ դեռ նոր է սկսում: Նա իր խոսքն ավելի լսելի ու արժեքավոր կդարձնի, և, անշուշտ, կգրավի ստեղծագործական հորիզոններ՝ հարստացնելով հայ գրականությունը նոր ու արժեքավոր գործերով: 

3
Անի Ստեփանյան