04.04.2025
Կատեգորիա
Հասարակություն
Այլ
Գեղամ Վարդանյան

Լրագրող, մեդիափորձագետ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը երկար տարիներ զբաղվում է մեդիայի վերլուծությամբ և Հայաստանում մեդիագրագիտության զարգացմամբ:

Մեր զրույցի ընթացքում կխոսենք Հայաստանում փաստերի ստուգման, մեդիայում ապատեղեկատվության տարածման մարտահրավերների և այդ խնդիրների հաղթահարման մեթոդների մասին։

-Ի՞նչ կանոններ և էթիկական չափանիշներ պետք է որդեգրեն լրագրողները, որպեսզի արդյունավետորեն ստուգեն իրենց հրապարակած տեղեկությունները։

-Լրագրողների համար էթիկական չափանիշներն ու կանոնները բազմաթիվ են, բայց եթե առանձնացնելու լինենք դրանցից ամենակարևորները, ես առաջինը կնշեմ սկզբնաղբյուրներով աշխատելը և հենց սկզբնաղբյուրները ներկայացնելն ու ցույց տալը, մի քանի աղբյուրից նույն տեղեկությունը ստուգելը, ունակությունը հասկանալու և որոշելու, թե որքանով է տվյալ տեղեկությունը հնարավոր ստուգել, աղբյուրները երբեք չկեղծելը։ Կարևոր է նաև լսարանին աշխատանքային մեթոդները և աղբյուրները ամբողջությամբ ներկայացնելը։

-Ի՞նչ փաստերի ստուգման գործիքներ են առավել արդյունավետ Հայաստանում, և ինչպե՞ս են դրանք կիրառվում լրատվամիջոցների կողմից։ Արդյոք կան գործիքներ, որոնք անհրաժեշտ են, բայց դեռևս լայնորեն չեն օգտագործվում։

-Դժվար է առանձնացնել, թե որ գործիքներն են ավելի արդյունավետ կիրառվում․ կարծում եմ՝ բոլոր գործիքներն էլ՝ լուսանկարների հետադարձ որոնումից մինչև արխիվներ։ Կարող եմ ասել, որ Հայաստանում փաստեր ստուգող մասնագետները արդյունավետորեն օգտագործում են հնարավոր գրեթե բոլոր գործիքները։ Իհարկե, կան գործիքներ, որոնք ավելի քիչ են օգտագործվում, գուցե պատճառն այն է, որ որոշները վճարովի են, և ոչ բոլորը հնարավորություն ունեն օգտվելու։

-Ինչպե՞ս եք գնահատում հասարակության վստահությունը փաստերի ստուգման աշխատանքներին՝ հատկապես հաշվի առնելով սոցիալական մեդիաներում տարածվող տեղեկությունների արագությունը։

-Հասարակության մեջ վստահության պակասը կապված է փաստերի ստուգման մասին անտեղյակության հետ։ Մարդկանց ավելի հեշտ հասնում է տարածվող ապատեղեկատվությունը, քան դրա հերքումը կամ պարզաբանումը։ Այս մասով աշխատանքներ պետք է տարվեն։ Իսկ կոնկրետ փաստեր ստուգող մասնագետների հանդեպ վստահությունը հայաստանյան հասարակության կողմից բարձր է, քանի որ մեդիայում նրանք համարվում են որակյալ և վստահելի։

-Ինչպիսի՞ ազդեցություն ունի ապատեղեկատվության տարածումը Հայաստանի հասարակության վրա, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս երևույթի դեմ պայքարելու համար։

-Եթե փորձեմ կարճ պատասխանել, ապատեղեկատվությունը խանգարում է մարդկանց ապրել, թույլ չի տալիս ընդունել ճիշտ որոշումներ, որոնք հիմնված են փաստերի վրա, և ընդհանրապես խոչընդոտում է հասարակության ժողովրդավարական զարգացմանը։

Լրագրողների համար հիմնական քայլերը ապատեղեկատվության դեմ պետք է լինեն ամենօրյա աշխատանքը, փաստերի ստուգումը և բացատրական լրագրությունը։

-Ձեր կարծիքով բոլոր խմբագրություններն անհրաժեշտություն ունե՞ն փաստերի ստուգման մասնագետների։ Որքանո՞վ է դա կարևոր առանձին լրատվամիջոցների համար։

-Կարծում եմ, որ խմբագրություններին միանշանակ պետք են փաստեր ստուգող մասնագետներ, անգամ եթե տվյալ լրատվամիջոցը փաստերի ստուգմամբ որպես ժանր առանձին չի զբաղվում։

Մասնագետները անհրաժեշտ են հոդվածները փաստերի ստուգման տեսանկյունից կարդալու և վերլուծելու համար։ Դա մի քանի անգամ կբարձրացնի մեդիայում տարածվող տեղեկատվության ճշգրտությունը․ թե՛ հոդվածները, թե՛ տեսանյութերը, և թե՛ տարածվող լուսանկարները մի քանի աղբյուրներից ստուգված կլինեն։

-Ինչպե՞ս կարող է փաստերի ստուգման մշակույթը առավել ընդգրկուն դառնալ Հայաստանում։ Պե՞տք է ձևավորվեն հատուկ դասընթացներ կամ կրթական ծրագրեր լրագրողների համար՝ փաստերի ստուգման վերաբերյալ։

-Հայաստանում այս առումով մեծ աշխատանքներ տանելու կարիք կա, որպեսզի մարդիկ սկսեն ավելի լայնորեն օգտագործել փաստերի ստուգման թեմայով հոդվածներ և իրենք հմտություններ ձեռք բերեն։

Բազմաթիվ դասընթացներ կազմակերպվում են թե՛ ուսանողների, թե՛ գործող լրագրողների, և թե՛ այլ մասնագետների համար։ Այնուամենայնիվ, ինչքան էլ դասընթացներ լինեն, քիչ է, և կարիք կա ավելի մասշտաբային դարձնելու ուսուցանումն ու մարդկանց իրազեկումը։

-Ինչպե՞ս է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը գնահատում իր մեդիագրագիտության ծրագրերի արդյունավետությունը։

-Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ որպես լրագրողների խումբ և հասարակական կազմակերպություն, առաջնային է համարում և ջանք չի խնայում Հայաստանում մեդիագրագիտության բարձրացման, փաստերի ստուգման մշակույթի տարածման և մարդկանց ավելի տեղեկացված դարձնելու համար։ Մենք նաև փաստերի ստուգման մասին առաջին գրքերն ենք հրապարակել Հայաստանում։

-Արդյոք Հայաստանի ներկայիս մեդիա քաղաքականությունը և կարգավորումները բավարար աջակցություն են ցուցաբերում փաստերի ստուգման գործունեությանը։ Ի՞նչ բարելավումներ կառաջարկեիք:

-Մեդիա կարգավորումները և օրենքները որևէ կերպ չեն խոչընդոտում փաստերի ստուգմանը Հայաստանում, թերևս դա ամենակարևոր աջակցությունն է։ Իսկ մեդիա քաղաքականության առումով դեռ մեծ տեղ կա ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարևորության բարձրացման համար։

Մեր զրույցը Գեղամ Վարդանյանի հետ ընդգծեց փաստերի ստուգման կարևորությունը հայկական մեդիայում և այն մարտահրավերները, որոնք ստեղծում է ապատեղեկատվությունը։ Չնայած փաստերի ստուգող մասնագետներն ու մեդիա կազմակերպությունները մեծ ջանքեր են ներդնում տեղեկատվության ճշգրտության ապահովման համար, դեռևս կա հանրային իրազեկվածության և ինստիտուցիոնալ աջակցության խորացման անհրաժեշտություն։ 

Սրբուհի Սարգսյան