04.04.2025
Կատեգորիա
Հասարակություն
ամուսնալուծություն

«Կարծես ամուսնությունը կորցրել էր իր իմաստը» 

Երբ Իզաբելան 31 տարեկանում ծանոթացավ իր ապագա ամուսնու հետ, կարծում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, չնայած տղամարդն արդեն ունեցել էր մեկ անհաջող ամուսնություն։ Ծնողները և համագյուղացիները զգուշացնում էին, որ այդ ընտանիքում մշտապես խնդիրներ են լինում, բայց Իզաբելան որոշեց վստահել սեփական զգացմունքներին և ամուսնացավ։

«Առաջին ամիսներից զգացի, որ իմ անձնական ազատությունը սահմանափակվում է», - պատմում է Իզաբելան։ Ամուսինը խստորեն վերահսկում էր իր շփումները, հատկապես՝ սոցիալական ցանցերում, իսկ ընկերուհիների հետ ցանկացած հանդիպում դառնում էր վեճի առիթ։

Վիճակը բարդացնում էր սկեսրոջ մշտական միջամտությունը։ Քանի որ ամուսինը գործազուրկ էր, ընտանիքն ապրում էր սկեսրոջ եկամտով, ինչը լրացուցիչ լարվածություն էր ստեղծում։ «Ես պարտավոր էի կատարել բոլոր տնային գործերը, իսկ սկեսուրս հաճախ քննադատում էր ինձ»,- հիշում է Իզաբելան։

Իրավիճակը սրվեց հղիության ընթացքում։ Նա ստիպված էր բավարարվել սահմանափակ սննդով, իսկ երբ բժիշկը կեսարյան հատում նշանակեց, ամուսինը չհամաձայնեց։ Ճնշումների և ոչ լիարժեք հղիության պայմաններում երեխան ծնվեց թերհաս։ Վերջնական բախումը տեղի ունեցավ, երբ Իզաբելան հրաժարվեց երեխայի նպաստը տրամադրել ամուսնու ընտանիքին։ «Դա դարձավ ամուսնալուծության գլխավոր պատճառը»,- ասում է նա։

Ամենացավալին, ըստ Իզաբելայի, եղել է այն, որ բաժանումից հետո երեխայի հայրը և տատը չեն հետաքրքրվել երեխայով, չեն օգնել և նույնիսկ չեն այցելել նրան։ «Երեխան, որը ծնվել էր թերհաս և ունի հատուկ խնամքի կարիք, մնաց առանց հայրական կողմի ուշադրության և աջակցության»,- հավելում է նա։

Ամուսնալուծությունները հաճախ միայն մեկ գործոնի հետեւանք չեն, այլ՝ մի շարք խնդիրների կուտակում:

Տիգրանի պատմությունը դրա օրինակներից է: Ամուսնացել էր 20 տարեկանում, նոր էր սկսել աշխատել և ոչ մեծ եկամուտ էր ստանում: «Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի՝ առաջ գնալու համար»,- ասում է նա: Բայց կինը, որը ցանկանում էր շքեղ կյանք, չէր համակերպվում ֆինանսական սահմանափակ հնարավորությունների հետ: Եվ դա դարձավ հարաբերությունների խարխլման հիմնական պատճառը:

Դրան ավելացավ երեխա ունենալու դժվարությունը, Տիգրանի կինը հրաժարվեց արտամարմնային բեղմնավորումից,  Տիգրանը հասկացավ, որ այլևս չեն կարող վերականգնել իրենց հարաբերությունները: «Դա հիանալի դաս էր ինձ համար: Ամենից կարևորն այն է, որ շարունակես առաջ շարժվել և ավելի լավը դառնալ, անկախ այն բանից, թե ինչու է քանդվել անցյալը»,- ասում է Տիգրանը:

գրաֆիկ

Գրաֆիկը ցույց է տալիս վերջին 9 տարվա՝ 2015-2023 թվականների ընթացքում Հայաստանում ամուսնալուծությունների թիվը։ 2015-2019 թվականներին ամուսնալուծությունների թիվը համեմատաբար կայուն է եղել։ 2020 թվականին այն նվազել է, իսկ 2021 թվականից սկսած՝ նկատվում է աճ, որի արդյունքում 2022 և 2023 թվականներին գրանցվել են ամենաբարձր ցուցանիշները։

Լիլիթն ու ամուսինը հեռավորության պատճառով աստիճանաբար կորցրին իրենց հարաբերությունների ջերմությունը։ Ամուսնությունից երկու տարի անց ամուսինը մեկնեց արտագնա աշխատանքի, ինչի հետևանքով նրանց կապը թուլացավ։ Սկզբում փորձում էին հաղթահարել դժվարությունները, սակայն ժամանակի ընթացքում հեռավորությունը դարձավ անջրպետ։ Ամուսինը հաճախ խուսափում էր մտերմությունից, իսկ Լիլիթը զգում էր, որ իրենց հարաբերություններում ինչ-որ բան փոխվել է։ Անկեղծ զրույցների պակասը խորացրեց անվստահությունն ու կասկածները։ Չորրորդ տարում Լիլիթն իմացավ ամուսնու դավաճանության մասին, ինչն էլ վերջնականապես քայքայեց նրանց ամուսնությունը։ Վերջում երկուսն էլ հասկացան, որ իրենց ամուսնությունը միայն փաստաթղթով էր պահպանվում, իրականում այլևս գոյություն չուներ։

գրաֆիկ

Դավաճանությունը՝ ամուսնալուծության առաջնային պատճառ

Ընտանեկան հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանի խոսքով դավաճանությունը Հայաստանում ամուսնալուծության առաջնային պատճառն է։ Երկրորդը՝ իրար չհասկանալը, այսինքն՝ շատ տարբեր պահանջներ ու պահանջմունքներ, սպասելիքներ ունենալը  և այդ սպասելիքների չբավարարվելը։ Զույգերի մոտ հաճախ հանդիպում են նաև արժեքային համակարգի անհամապատասխանություններ։

Վերջին 5 տարում հոգեբանական օգնության դիմող զույգերի թիվն, ըստ նրա, աճել է։ «Եթե 5 տարի առաջ ամսվա ընթացքում կարող էր լինել մեկ դիմում, հիմա շաբաթական 3-4 զույգ գալիս է հոգեբանի մոտ»,- նշում է Խանամիրյանը։ Նա ընդգծում է, որ սովորաբար մարդիկ դիմում են իրենց հարաբերությունները վերականգնելու, ոչ թե ամուսնալուծության նպատակով։

Հոգեբանը բացահայտում է այն դժվարությունները, որոնք հանգեցրել են ճգնաժամային շրջանի. «Դա կարող է լինել հուզական, իրար չհասկանալու, կամ շփման ու հաղորդակցման դժվարությունների խնդիր»։ Աշխատանքի ընթացքում ձևավորվում են նոր վարքաձևեր, որոնք օգնում են կանխարգելել ծայրահեղ իրավիճակները։

Մասնագետը համաձայն է, որ ամուսնալուծության պատճառները հաճախ ոչ թե առանձին իրադարձություններն են, այլ կուտակված լարվածությունը և հաղորդակցության պակասը։ Երբ զույգը դադարում է կիսվել իր կյանքի մանրամասներով և սպասումներով, հարաբերությունները դառնում են ֆորմալ և բովանդակազուրկ։

Սեռական աններդաշնակությունն ու անպտղությունը՝ ամուսնալուծության պատճառ

Բ․գ․թ․ բժիշկ-սեքսոլոգ, ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս Ռուզաննա Ազատյանի մեկնաբանությամբ՝ սեռական աններդաշնակությունը, որը դրսևորվում է տարբեր սեռական խանգարումներով, հանգեցնել զույգերի միջև հեռացման:

Իրականում, այս խնդիրները լուծելի են, եթե զույգերը ցանկություն ունեն և պատրաստ են քայլեր անել դրանք հաղթահարելու համար։ Կարևորը միմյանց մեղադրելու փոխարեն համատեղ ջանքեր գործադրելն է։ Զույգերը, որոնք դիմում են այսպիսի խնդիրներով, ոչ թե մտածում են ամուսնալուծության մասին, այլ ցանկանում են լուծել իրենց խնդիրները և փոխել իրենց հարաբերությունները։

Այս հարցերը լուծելու համար անհրաժեշտ են բաց քննարկումներ, որոնց ժամանակ զույգերը պետք է շփվեն իրար հետ՝ առանց մեղադրելու։ Կան զույգեր, որոնք փորձում են վերականգնել հարաբերությունները՝ դիմելով մասնագիտական օգնության։

Անպտղությունը երկկողմանի  խնդիր է

Անպտղությունը մենակ մի կողմի խնդիր չէ, այն կարող է լինել թե տղամարդու, թե կնոջ խնդիր։ Սա կարևոր է հասկանալ, որովհետև շատ հաճախ լինում է, որ հասարակությունն ու ընտանիքները մեղադրում են միայն մեկ կողմին՝ հատկապես կնոջը, երբ խնդիրները կապված են անպտղության հետ։ Բայց իրականում անպտղությունը պետք է դիտարկել որպես համատեղ խնդիր՝ զույգի համար։ Կան նորագույն տեխնոլոգիաներ, որոնք շատ օգնում են զույգերին այս խնդիրը հաղթահարելու համար, օրինակ՝ արտամարմնային բեղմնավորումը (էկո), որը մեծապես նպաստում է երեխա ունենալու հնարավորությանը։

Այս խնդիրները պետք է դիտարկել որպես բուժման ենթակա, և երբ զույգերը պատրաստ են համագործակցել, նրանք կարող են գտնել լուծում։ Այս հարցում կարևոր է առողջ և հարգալից մոտեցումը, որտեղ երկուսը միասին փորձում են հասկանալ խնդիրը և լուծել այն՝ առանց մեղադրելու մեկը մյուսին։

Ըստ Ռուզաննա Ազատյանի, եթե զույգերը պատրաստ են փոխել իրենց հարաբերությունները, ապա ոչ միայն դեղորայքային, այլ նաև հոգեբանական մեթոդներով կարելի է լուծել շատ խնդիրներ։ Նոր տեխնոլոգիաները հեշտացնում են դրանց լուծումը, և զույգերը կարող են գտնել ուղիներ՝ իրենց սեռական  կյանքը և հարաբերությունները բարելավելու համար։

Ամուսնական կայունությունը հիմնված է հինգ հիմնական գործոնների վրա՝ ֆիզիկական, ֆինանսական, հոգեբանական, սոցիալական և մշակութային։ Սա նշանակում է, որ եթե զույգը ունի այս բոլոր ոլորտներում փոխադարձ ըմբռնում, նույնիսկ որոշ ֆիզիկական խնդիրներ կարող են փոխհատուցվել մյուս բաղադրիչներով։ Օրինակ՝ եթե մի մարդ վիրավորվում է պատերազմում և կորցնում է որևէ մարմնական ֆունկցիա, դա չպետք է լինի ամուսնալուծության պատճառ։ Կարևորը՝ մնացած բաղադրիչները կարող են փոխհատուցել և պահպանել ամուսնական կապը։ Սերը, էմոցիաները, սիրահարվածությունը և փոխադարձ հարգանքը կարող են հաղթահարել ֆիզիկական խնդիրները։«Կարևոր է բարձրացնել իրազեկվածությունը, որ սեռական խնդիրները լուծելի են և չպետք է դառնան ամուսնալուծության պատճառ։ Զույգերը պետք է միմյանց աջակցեն, լսեն և համատեղ ջանքեր գործադրեն։ Մենք պետք է սովորեցնենք, որ նման խնդիրները չպետք է թողնել առանց լուծման, և կարևորը՝ ցանկություն և պատրաստակամություն ունենալ դրանք միասին լուծելու»,- եզրակացնում է սեքսոպաթոլոգը։

Ալինա Սաակյան