04.04.2025
Կատեգորիա
Կրթություն
ուսանողուհի

Մեր զրուցակիցը՝ Նազենին, 16 տարեկանում ձեռք է բերել միջազգային մասնագիտական փորձ։ Նա հնարավորություն է ստացել մասնակցելու պրակտիկայի Գերմանիայի Հալլե քաղաքում՝ Burgerstiftung Halle հիմնադրամում։

Զրույցի ընթացքում նա կիսվել է իր տպավորություններով՝ ինչպե՞ս է հայտնվել ծրագրում, ի՞նչ կրթական փորձ է ձեռք բերել, ի՞նչ մարտահրավերների է բախվել և, ամենակարևորը, ինչպե՞ս է այս փորձառությունը ձևավորել իր ապագայի պատկերացումները։

-Ողջույն, Նազենի, ուրախ եմ, որ համաձայնեցիր կիսվել մեզ հետ Գերմանիայում ստացած քո կրթական փորձառության մասին։ Մի փոքր կպատմես ՝ ի՞նչ մասնագիտությամբ ես սովորում ներկայումս Երևանում և որտե՞ղ։

-Ողջույն, ես ևս շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկի համար։ Սովորում եմ Երևանի պետական հումանիտար քոլեջի զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման բաժնի 3-րդ կուրսում։ 

-Ինչո՞ւ որոշեցիր ընտրել հենց այդ ուղղությունը։

-Մանկուց ճանապարհորդել շատ եմ սիրել, հետեւաբար ընտրեցի այս մասնագիտությունը, որպեսզի ավելի լավ ճանաչեմ իմ հայրենիքը տուրերի շնորհիվ, ինչպես նաեւ խորապես ուսումնասիրեմ գերմաներենը։

­-Իսկ ինչպե՞ս ես գնահատում դասավանդման որակը և ուսուցման գործընթացը ձեր կրթական հաստատությունում։

- Դասավանդումը շատ էֆեկտիվ է, նյութերը՝ հագեցված։ Դասախոսները սիրալիր են եւ կարողանում են գիտելիքը հասանելի ձեւով մատուցել լսարանին։ Ծրագրի մասին էլ հենց լսել էի գերմաներենիս դասախոսից:

-Ծրագրի վերաբերյալ ո՞ր փաստը առաջինը գրավեց ուշադրությունդ:

-Ծրագիրը շատ հետաքրքիր թվաց, քանի որ տասը օր գտնվելու էինք ամբողջովին գերմանական միջավայրում, գիշերելու էինք գերմանական ընտանիքներում եւ պրակտիկա էինք անցնելու։ Ես սիրում եմ այդպիսի փորձառություններ։

­-Կարող ես մի փոքր նկարագրել պրակտիկայի հիմնական ընթացքը, ի՞նչ նոր գիտելիքներ կամ հմտություններ ձեռք բերեցիր այս փորձի ընթացքում, և ինչպե՞ս դրանք կօգտագործես ապագա կրթական և մասնագիտական կյանքում։

-Պրակտիկան եղել է Հալլե քաղաքի բարեգործական հիմնադրամում, և ես հիմնականում զբաղվել եմ տարբեր միջոցառումների  կազմակերպչական աշխատանքներով։ Ինչպես նաեւ տարբեր ղեկավարների հետ այցելել եմ տարբեր դպրոցներ, որտեղ ականատես եմ եղել երեխաների համար նոր ծրագրի խթանման համար միջոցառումներին։ Գիտելիքներս ավելի շատ խորացան գերմաներենում, կոմունիկացիոն հմտություններս նույնպես զարգացան. դարձա ավելի ինքնուրույն եւ պատասխանատու։

-Կրթական համակարգի և պրակտիկայի կազմակերպման մեջ ի՞նչ տարբերություններ  ես նկատել Գերմանիայի և ձեր ուսումնական հաստատության միջև։

-Զգալի տարբերություններ էին առկա իրենց եւ մեր կրթական համակարգերի միջեւ։ Ուսանողները ուսումնասիրում էին շատ առարկաներ ավելի խորությամբ, եւ նրանց դպրոցի նյութատեխնիկական բազան ավելի հարուստ էր։

-Հաշվի առնելով այն, որ դու, լինլով 16 տարեկան, արդեն հասցրել ես պրակտիկա անցնել արտասահմանում, կպատմես, թե ի՞նչ դժվարությունների առաջ կանգնեցիր և  որքանով էր դժվար հարմարվել մի նոր մշակույթին և լեզվին։

-Հիմնական բարդությունը լեզվի թերի իմացությանն էր, որը սակայն հենց առաջին պահերից  որոշ չափով անէացավ, քանի որ  ինձ հյուրընկալող ընտանիքը մեծ ոգեւորությամբ դիմավորեց ինձ, եւ նրանք փորձում էին դանդաղ եւ հասկանալի խոսել, որը զգալիորեն հեշտացրեց մեր հաղորդակցումը։ Սկզբում բարդ էր նաեւ ինքնուրույն տեղանքում կողմնորոշվել, բայց Հալլեն փոքր քաղաք է, եւ հեշտությամբ դրան նույնպես ընտելացանք։ Մեր մշակույթների միջեւ տարբերություններ, իհարկե, կան, սակայն դրանց հարմարվելու համար շատ ջանք չպահանջվեց, գերմանացիները մեր նկատմամբ հյուրընկալ էին, եւ հետաքրքիր էր նրանց մշակույթին եւ սովորույթներին ծանոթանալը։

-Այսպիսի փորձը մեծ փոփոխություն է ենթադրում հատկապես երիտասարդ տարիքում։ Ինչպե՞ս ես գնահատում այս փորձառությունը՝ որպես հուզական և անձնական աճի հնարավորություն։

-Նման փորձերը շատ կարեւոր են դեռահասության շրջանից ավելի հասուն տարիքի անցման ժամանակ, քանի որ սա հնարավորություն տվեց ծանոթանալ նոր մարդկանց հետ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, այսպիսի շփման ընթացքում զարգացավ իմ և մյուս ուսանողների կառուցողական քննադատությունը, ինչպես նաեւ սա մեծ ազդեցություն ունեցավ մեր ինքնագնահատականի վրա՝ մեզ ավելի համարձակ, ինքնավստահ եւ անկախ դարձնելով։ Նման հատկանիշները կարեւոր են հետագայում աշխատանքի որոնման և արդեն աշխատավայրում մեզ դրսևորելու ժամանակ: Ինչպես նաեւ անձնական կյանքում  ինքնազարգացման տեսանկյունից մեծ փոփոխություններ ես ինքս նկատեցի պրակտիկայից առաջ և հետո։

Լյուդմիլա Սարգսյան