04.08.2025
Կատեգորիա
Հասարակություն
մարզ

Վերջին տարիներին մարզերից Երևան տեղափոխվող երիտասարդների քանակը աճել է։ Գլխավոր նպատակը Երևանի բուհերում ակադեմիական կրթություն ստանալն է, ինչը ուղեկցվում է ուսանողների համար դժվարություններով և խնդիրներով՝ կենցաղայինից մինչև հոգեբանական։ Սյունիքից ուսման նպատակով Երևան տեղափոխված ուսանողուհու հետ զրուցել ենք սեփական քաղաքից մայրաքաղաք տեղափոխման պատճառներից ի հայտ եկած խնդիրների, ապագայում մարզերի դատարկման և դրանց հնարավոր լուծումների մասին։

-Անի, մարզերից շատերում, Սյունիքում ևս, կան բուհերին փոխարինող հաստատություններ, օրինակ՝ քոլեջներ։ Ինչու՞ է դիմորդների մեծ մասը, դու՝ ևս, ընտրում Երևանյան ակադեմիական կրթությունը։

-Այո, Սիսիանում և Սյունիքի այլ քաղաքներում կան բուհերին փոխարինող քոլեջներ՝ տարբեր ուղղվածություններով։ Ես և իմ տարիքակիցներից շատերը ուսումը շարունակում ենք Երևանում՝ Երևանի պետական համալսարանում, քանի որ թե՛ ուսման, թե՛ փաստաթղթի առումով այնտեղի հաստատությունները հավասարազոր չեն Մայր բուհին։ Հիմնականում այդ հաստատություններ ընդունվող դիմորդները ավելի շատ հեռակա ձևաչափով են սովորում, քանի որ նրանց անհրաժեշտ է լինում պարզապես հաստատող փաստաթուղթ այն մասին, որ նրանք ունեն բարձրագույն կրթություն։ 

-Որո՞նք են այն խնդիրները կամ դժվարությունները, որոնց հանդիպում են մարզից տեղափոխված ուսանողները։

-Առաջին խնդիրը, որը առաջանում է, ինքնին տեղափոխման հարցն է։ Սկզբնական շրջանում շատերս չենք պատկերացնում, թե ինչպես ենք ապրելու այլ քաղաքում, հատկապես՝ ընտանիքից հեռու։ Սրան հաջորդում է արդեն բնակարան գտնելու և վարձակալելու խնդիրը։ Այդ ժամանակահատվածում վարձավճարները շատ բարձր արժեք են կազմում, քանի որ ուսանողների տեղափոխման շրջանն է։ Այդ խնդիրն էլ հաղթահարելուց հետո գալիս է ընտանիքից հեռու ապրելու հետևանքները, ուստի հիմնականում շատերիս ընտանիքի անդամները ևս տեղափոխվում են Երևան։ Սրան հաջորդում է տան անդամների աշխատանք գտնելը, ինչը էլ ավելի է դժվարացնում քաղաքում հարմարվելու հարցը։ Լինում են դեպքեր, երբ ծնողներից մեկը իր քաղաքում 20-30 տարի նույն մասնագիտույամբ աշխատել է, բայց գալիս է այստեղ և չի կարողանում գտնել աշխատանք։ Այլ կերպ ասած՝ միայն ակադեմիական կրթություն ստանալու համար ասես ամբողջ ընտանիքի ապրելակերպը փոփոխվի, և կյանքը ստանա այլ ընթացք, ինչին հարմարվելը բավականին դժվար է։

-Անի, ըստ քեզ, սովորելու համար ուսանողների տեղափոխումը մայրաքաղաք և բուհերի առկայության բացակայությունը մարզերում նպաստում են, արդյոք, շրջանների դատարկմանը։

-Միանշանակ, որոշ մարզերում բուհեր չունենալու խնդիրը առաջին հերթին ազդում է դրանց դատարկման վրա։ Երիտասարդությունը տեղափոխվում է և հիմնականում այլևս չի վերադառնում։ Սրան զուգահեռ ավելանում է նաև սովորելուց հետո սեփական մասնագիտությամբ աշխատելու հարցը։ Օրինակ, Սիսիան քաղաքում, իմ մասնագիտության դեպքում, լրագրության ոլորտով հիմնական աշխատանք ունենալը բարդ է: Մի քանի քաղաքներ ունեն իրենց լրատվամիջոցները, բայց ոչ բոլորը։ Ուստի, սեփական մասնագիտությունից ելնելով, արդեն դժվարանում է նաև աշխատանք գտնելն այնտեղ, իսկ դա բերում է մարզերի դատարկմանը։ Հատկապես, որ այսօրվա երիտասարդությունն օրեցօր ձգտում է գնալ նորի հետքերով․ մենք չենք ցանկանում տարիներ շարունակ մնալ նույն դիրքում, այլ ցանկանում ենք շարժվել առաջ։ Ինչքան էլ ցավոտ է նշել, բայց փաստ է, որ այսօր մարզերում հնարավորությունները սահմանափակ են, ուստի երիտասարդները, տեսնելով քաղաքի քիչ, թե շատ ավելի մեծ հնարավորությունները թե՛ ուսման, թե՛ աշխատանքի բնագավառում, այլևս չեն ուզում վերադառնալ։

-Երևանի բուհերից շատերը մի քանի մարզերում ունեն իրենց մասնաճյուղերը։ Ինչքանո՞վ են դրանք, քո կարծիքով, արդյունավետ:

-Իջևանում ԵՊՀ-ն ունի իր մասնաճյուղը։ Այլ մարզերում ևս կարող է լինել այդպիսի գործընթաց։ Պարտադիր չէ, որ այն լինի հենց Մայր բուհինը, կարող են լինել նաև այլ բուհերի մասնաճյուղեր, բայց միայն այն, որ մարզերում կամ մարզկենտրոններում կա 1-ը, արդեն մեծ առաջընթաց է։ Կրթական մակարդակի մասին, եթե ասեմ կարծիքս, ելնելով իմ սեփական փորձից, ապա կնշեմ, որ ինձ համար մարզերի, օրինակ, միջնակարգ կրթության մակարդակը ավելի բարձր է։ Կարող ենք համեմատել մարզում մասնավոր պարապող ուսուցիչների կամ դասախոսների կրթական աստիճանը․ կտեսնենք, որ մարզից եկած ուսանողների մեծ մասը, ովքեր այնտեղ մասնավոր պարապել են ընդունելության համար, ավելի բարձր արդյունքներով են ընդունվել բուհ, հատկապես, եթե հաշվի առնենք մասնավոր պարապմունքների գնային հսկայական տարբերությունը։ Ուստի, եթե բուհերի մասնաշենքերում դասավանդեին մարզից դասախոսներ, կարծում եմ՝ կունենայինք որակական բարձր ցուցանիշներ։

-Ի՞նչ ես կարծում,  «Ակադեմիական քաղաք» նախագիծը կարո՞ղ է դառնալ նշածդ խնդիրների հնարավոր լուծումը։

-Եթե ուշադրություն դարձնենք միայն բնակության հարցին, ապա կտեսնենք, որ միայն նրա համար, որ մարզերը չդատարկվեն, այս կառույցը կարող է արդյունավետ լինել։ Եթե բոլորը կուտակվեն Երևանում, ապա մարզերում այլևս երիտասարդություն չի մնա ու հետագայում չեն մնա նաև ոլորտի մասնագետներ։ Նունիսկ եթե չկա ճանապարհածախսի խնդիր՝ մարզից քաղաք, քաղաքից մարզ, արդեն մեծ առավելություն է ուսանողի համար։ Կարծում եմ՝ չնայած այն բանին, որ այս ծրագիրը ենթակա է իրագործման, Հայաստանի բյուջեի համար սա խոշորագույն ծախս է, և դրան պատրաստվելն ու այն իրագործելը երկար տարիներ կպահանջի։

Անի Սայադյան