04.08.2025
Կատեգորիա
Հասարակություն
ՏՏ

Ձեր ճանաչած երիտասարդների առնվազն 75 տոկոսը տարվա 2 ամիսը անցկացնում է վիրտուալ աշխարհում։ 

Թվային տեխնոլոգիաները դարձել են անփոխարինելի։ Սակայն դրանք իրենց հետ բերել են նոր մարտահրավերներ ու հնարավորություններ։ Սոցիալական ցանցերը հեղափոխություն են առաջացրել հաղորդակցման մեջ։ Ֆեյսբուքի, Թվիթերի, Ինստագրամի և այլ հարթակների շնորհիվ մարդիկ կարող են կապ հաստատել ամբողջ աշխարհով, կիսվել տեղեկատվությամբ, կարծիքներով ու հետաքրքրություններով: Միևնույն ժամանակ, սոցիալական մեդիան բարձրացնում է գաղտնիության, անվտանգության և կախվածության հետ կապված մի շարք հարցեր։ 

Ըստ վիճակագրության՝ երիտասարդների 75 տոկոսը օրական 4 ժամից ավելի է անցկացնում համացանցում, իսկ 40 տոկոսը ունի կախվածության որոշակի նշաններ (օրինակ՝ քնի պակաս, հաղորդակցման բացակայություն կամ դժվարություն, ուսման և աշխատանքի արդյունավետության անկում): 

Ի՞նչ են դեռահասները ժամերով փնտրում համացանցում։

Հոգեբան Լիանա Մանվելյանի խոսքով՝ անվտանգ ու ապահով տարածք։ 

«Դեռահասները նաև համացանցի միջոցով են փորձում հասկանալ, թե ովքեր են իրենք և ինչպես է իրենց ընկալում շրջապատը։ Այստեղ չկա վերահսկողություն, իրենք ազատ են անել այն, ինչ ուզում են։ Կարող են գտնել իրենց այն հարցերի պատասխանները, որոնք չեն կարող տալ ծնողներին։ Դեռահասները համացանցին ավելի շատ են վստահում, քան ծնողներին։ Իսկ երիտասարդնեը օգտագործում են համացանցը իրական կյանքի խնդիրներից փախչելու համար։ Փորձում են սոցիալական ցանցերում ստեղծել իդեալական կյանք ու դրան հավատալով ապրել»։ 

Երկու դեռահասների ծնող Սերոբ Բարսեղյանը, ով այս պահին դպրոցի տնօրեն է, դեմ է ուսումնական պրոցեսում սմարթֆոնների օգտագործմանը։ 

«Դասերի ժամանակ վերահսկելը 20 աշակերտի շատ դժվար է։ Կարող են շեղվել ու դասը չլսել, երբեմն նույնիսկ միմյանց են նկարում ինչ-որ անհարմար իրավիճակներում, տարածում նման տեսանյութերը։ Ես ավելի շատ ավանդական կրթության կողմնակից եմ, որովհետև սեփական երեխաներիս անգամ չեմ կարողանում վերահսկել, ինչպե՞ս վերահսկեմ 250 աշակերտի։ Իհարկե, համացանցը շատ է հեշտացրել մեր կյանքը, բայց քանի դեռ մարդը չգիտի՝ ինչպես ճիշտ օգտվել համացանցից, չպիտի օգտվի։ Իսկ դա սովորում են հասուն տարիքում»։

Բուժքույրի կարծիքով՝ վերջին տարիներին տեսողության խնդիրներ ունեցող երեխաները շատացել են հենց սմարթֆոնների պատճառով։ Կանխարգելելու համար մի լուծում է առաջարկում՝ չթողնել օգտվել սմարթֆոններից։ 

Իսկ հոգեբանի խոսքով՝ լուծումը ծնողի և երեխայի միջև վստահելի հարաբերություններ ձևավորելն է, որակյալ ժամանակ անցկացնելը, նոր զբաղմունքներ գտնելը։

«Երեխաները պետք անկաշկանդ իրենց բոլոր հարցերը տան ծնողներին և սպառիչ պատասխան ստանան։ Բացի այդ, ծնողներն իրենք պետք է երեխայի ներկայությամբ քիչ տարվեն գաջեթներով, վատ օրինակ չծառայեն։ Չմոռանան երեխայի հետ որակյալ ժամանակ անցկացնելու մասին։ Երեխային լռեցնելու, հանգստացնելու համար մուլտֆիլմ նայելը լուծում չտեսնել, կամ օրինակ հաց չուտելու խնդիրը մուլտֆիլմով չլուծել։ Երեխայի համար նոր զբաղմունքներ գտնել, օրինակ՝ տարբեր խմբակները, զբոսանքները, ժամանցի կենտրոններ գնալը։ Եվ այս բոլորից զատ՝ պետք է նաև անընդհատ խոսել գաջեթների վտանգների մասին, սովորեցնել ճիշտ օգտագործել, սահմանափակել որոշակի ժամանակով»։ 

Լիանա Մանվելյանը կարծում է, որ վերջին տարիներին ծնողներն ավելի ուշադիր ու հետևողական են վերաբերվում այս հարցին։ Եվ հույս է հայտնում, որ դա շարունակական կլինի։ 

Մարիամ Հովսեփյան