04.10.2025
Կատեգորիա
Հասարակություն
բռնություն

«Ես հաղթեցի հասարակությանը։

Բռնությունը չհանդուժեցի ու ամուսնալուծվեցի։ 1 տարվա ընթացքում 7 տեղ աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի գնացի։ Բոլոր տեղերում մերժում ստացա, նախապատվությունը տղաներին էին տալիս։ Երևի նաև կարգավիճակս էր ազդում։ Ամեն դեպքում ես չեմ հուսահատվել։ Հիմա ունեմ իմ սեփական բիզնեսը, իմ սիրած աշխատանքը։ Ես հաղթել եմ»։ 

Չնայած վերջին տարիներին որոշակի առաջընթացին՝ կանանց  իրավունքների պաշտպանությունը, ընտանեկան բռնության դեմ պայքարը և աշխատանքային խտրականության վերացումը լուրջ մարտահրավերներ են հայ հասարակության համար: 

Լոռու մարզից Լարիսա Մարգարյանը տարիներ առաջ իր սիրած՝ ֆիզիկոսի մասնագիտությամբ որևէ աշխատանք չի կարողացել գտնել։ Այժմ ունի սեփական կրթական կենտրոնը, որտեղ, երեխաներին գիտելիք տալուց զատ, նաև սովորեցնում է, որ կանայք ու տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ։ Սակայն մինչ այս կետը հասնելը Լարիսան շատ է աշխատել հասարակության ընդունած, ստեղծած կարծրատիպերը կոտրելու համար։ Ամուսնալուծված, մեկ երեխա ունեցող կինն այդ պայքարը բնորոշում է մեկ բառով՝ մղձավանջ։

«Մղձավանջը սկսել էր դեռ այն ժամանակից, երբ ամուսնալուծված չէի։ Գրեթե ամեն օր բռնություն, ծեծ ու ջարդ, իմ լաց լինելը ու հարևանների «Համբերիր, ոչինչ, տղա երեխա ունես»-ը։ Դա իմ կյանքի դժոխքն էր։ Երբ դժվարությամբ ամուսնալուծվեցի, թվում էր՝ ամեն ինչ վերջացավ։ Այնինչ ամեն ինչ նոր էր սկսվում․ «բաժանվածի» պիտակը, աշխատանք չգտնելն ու մնացած բոլոր դժվարությունները․․․»։

19-ամյա Տաթևի հիշողություններում Արմավիրի մարզում գտնվող իրենց համայնքում ընտանեկան բռնության դեպքերը շատ են ու բազմազան։ Նրա կարծիքով՝ դեպքերը գնալով ավելանում են, որովհետև դրա մասին համայնքներում քիչ են բարձրաձայնում, կանայք լռությամբ ու համբերատարությամբ հանդուրժում են իրենց հանդեպ բռնությունն ու անարգանքը։ «Կրթությունն էլ կարող է ազդել։ Կինը, որ կրթված է, կարողանում է ամուր կանգնել իր ոտքերի վրա, պաշտպանում է իր իրավունքներն ու չի վախենում։ Իսկ մեր հասարակության մեր ընդունված է, որ կանանց հիմնական գործը ամուսնանալ, երեխա ունենալն է»։ 

Ըստ միջազգային զեկույցների՝ Հայաստանում կանայք դեռևս ենթարկվում են խտրականության և իրավունքների ոտնահարման: Քաղաքական և տնտեսական ոլորտներում կանայք թերներկայացված են ղեկավար պաշտոններում: Գենդերային ստերեոտիպերը դեռևս խոր արմատներ ունեն հայ հասարակությունում։ 

Ընտանեկան բռնությունը նույնպես լուրջ խնդիր է: Տուժած կանայք հաճախ վախենում են դիմել ոստիկանություն՝ հասարակական պիտակավորման և անվստահության պատճառով:

Ըստ ընտանեկան բռնության օրենքի՝ 2024-ին ուժի մեջ մտած փոփոխությունների՝ կուսության ստուգումը, հոգեբուժական միջամտությունը, ինքնագնահատականի նվաստացումը սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության տեսակներ են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 3 կանանցից 1-ը կյանքի ընքացքում ենթարկվել է բռնության։ 

​Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2022 թվականին Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ արձանագրվել է 960 քրեական գործ։ 2023 թվականին ընտանեկան բռնության դեպքերի քանակն աճել է՝ հասնելով 1848-ի, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի աճ է։

Այս տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության փաստացի դեպքերի թիվը շարունակաբար աճում է։ Դա կարող է պայմանավորված լինել ինչպես բռնության դեպքերի իրական ավելացմամբ, այնպես էլ իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով և հանրության իրազեկվածության բարձրացմամբ, ինչը խթանում է տուժածներին ավելի հաճախ դիմել իրավասու մարմիններին։

 

Մարիամ Հովսեփյան