
Վանաձոր քաղաքի, այնտեղի առօրյայի, մշակութային ու սոցիալական կյանքի, ինչպես նաև քաղաքի առավելությունների ու դժվարությունների մասին խոսել ենք քաղաքի բնակիչ Անիի հետ:
-Անի, կպատմե՞ս Վանաձորի առօրյայի և համայնքի հիմնական առանձնահատկությունների մասին, որո՞նք են Վանաձորում ապրելու հիմնական առավելություններն ու դժվարությունները:
-Վանաձորում յուրաքանչյուրն ազատ է կազմակերպելու իր առօրյան այնպես, ինչպես նախընտրում է։ Այս քաղաքի կարևոր առավելություններից մեկը նրա համեմատական հանգստությունն է՝ հատկապես Երևանի աշխույժ կյանքի ֆոնին։ Վանաձորը հնարավորություն է տալիս հեռանալ քաղաքի եռուզեռից ու վայելել խաղաղությունը։ Երբ հոգնում եմ, հանգստությունս Վանաձորում եմ գտնում: Քաղաքն առանձնանում է իր գեղեցիկ բնությամբ, որը ծածկված է խիտ կանաչով, ապահովելով մաքուր ու թարմ օդ։ Վանաձորը հարուստ է իր բուսաբանական այգով, «Արմենիա» առողջարանով, այստեղ է գտնվում Վանաձորի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, շուտով նաև կունենանք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, սրանք էլ քաղաքի առավելություններից են։
-Խոսենք Վանաձորի խնդիրներից. ինչպիսի՞ն է Վանաձորի ճանապարհների վիճակը և տրանսպորտային համակարգը:
-Վանաձորում տրանսպորտային համակարգը այդքան էլ կայուն չէ: Ճանապարհների քանդված լինելու պատճառով շատ խնդիրներ են առաջանում մեքենաների հետ, ինչպես նաև տրանսպորտի հետ: Ըստ համայնքապետարանի` տրանսպորտային համակարգը գտնվում է կարգավորման գործընթացում, նախատեսվում է նոր ավտոբուսների տրամադրում Վանաձորի համար, որոնք կշահագործվեն երբ ճանապարհները վերանորոգվեն: Վերանորոգման աշխատանքները կվերսկսվեն մոտ օրերս` եղանակային պայմանների տաքացմանը զուգընթաց:
-Կան արդյոք խնդիրներ կրթական կամ առողջապահական ոլորտներում:
-Կրթական ոլորտում առկա է մասնագետների պակաս, ուսուցիչների աշխատավարձերը շատ ցածր են, ինչը հանգեցնում է այն բանին, որ նրանք լքում են իրենց աշխատանքը: Նմանատիպ խնդիր է նաև առողջապահական ոլորտում, որտեղ բժիշկների պակասը ստիպում է բնակիչներին բուժման համար դիմել այլ քաղաքների հիվանդանոցներ:
-Վանաձորում աշխատատեղերի և զբաղվածության վիճակը ինչպե՞ս կգնահատես:
-Աշխատատեղերի թիվը սահմանափակ է, ցածր վարձատրության պատճառով շատերը փնտրում են այլ տարբերակներ, օրինակ, գնում են արտերկիր, իսկ մի մասն էլ ճարահատյալ մնում է, աշխատում, և փորձում պահել իր ընտանիքը, ինչը շատ դժվար է:
-Մշակութային ի՞նչ միջոցառումներ են անցկացվում քաղաքում, համայնքային ակտիվությունը և ներգրավվածությունը ինչպիսի՞ն է:
-Վանաձորում մշակութային միջոցառումները հաճախ են անցկացվում, հատկապես տոների ընթացքում, օրինակ` Վանաձորի օրը և Սուրբ Սարգսի տոնը: Կինոթատրոններում ցուցադրվում են տարբեր ֆիլմեր, իսկ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպվում են թատերական ներկայացումներ: Երիտասարդությունը ակտիվորեն ներգրավված է հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ: Վանաձորում գործում է «Ինֆոտուն» ՀԿ-ն, որը կազմակերպում է տարբեր թեմաներով դասընթացներ և միջոցառումներ:
-Եվ վերջում, Անի, ի՞նչ նոր նախաձեռնություններ կցանկանայիր որ իրականացնեին Վանաձորում:
-Կցանկանայի, որ շատացնեին ժամանցի կենտրոնները, ամենակարևորը՝ վերանորոգեին դպրոցները, գույքը թարմացնեին, ինչպես նաև ստեղծեին ներառական երեխաների համար նախատեսված վայրեր: