
Վերջին տարիներին մեծ թափ է առել բնակարանաշինությունը. նոր շինությունները փոխում են քաղաքի դիմագիծը, լուծում բնակֆոնդի խնդիրները, սակայն միաժամանակ առաջացնում են այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիրներ։
Շինարարական աղբի ապօրինի թափումը դարձել է համատարած խնդիր, որը լրջորեն վնասում է լանդշաֆտները, աղտոտում ջրային ուղիները և վտանգում էկոհամակարգերը։ Չնայած առկա կանոնակարգերին, շատերը հաճախ շրջանցում են օրինական աղբավայրերը, ինչը երկարաժամկետ բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև քաղաքի կյանքի որակի վրա։
Ապօրինի տարածքներում շինարարական աղբ թափելու պրակտիկան սկիզբ է առել դեռևս խորհրդային տարիներից։ Եթե շրջենք քաղաքով մեկ, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր թաղամասում ընթանում են շինարարական աշխատանքներ, և գրեթե ամեն անկյունում կարելի է հանդիպել շինարարական աղբի կույտերի, որոնք տարածում են փոշի և ստեղծում բազմաթիվ այլ խնդիրներ։
Այսօր ապօրինի աղբավայրերում կուտակված շինաղբի ծավալներն այնքան մեծ են, որ որոշ դեպքերում անգամ հողի նստվածք է տեղի ունենում։ Նման վայրերից են Եռաբլուրի, Կորեայի ձորի, Չարբախի, Հրազդանի ձորի աղբավայրերը և այլ տարածքներ։
Օրենքով թույլատրված աղբավայրեր առկա են միայն Նուբարաշենում և Աջափնյան վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում, սակայն ակնհայտ է, որ շինարարական աղբը հայտնվում է նաև այլ վայրերում։
Ի՞նչ է անում քաղաքապետարանը
Շինարարական աղբի խնդիրը հասկանալու նպատակով հարցում ուղարկեցինք քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերը կանխելու ուղղությամբ։ Ստացանք թերի պատասխան այն մասին, որ ոստիկանության և պարեկային ծառայության հետ համատեղ իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, սակայն այդ միջոցառումների բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություն չտրամադրվեց։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նիստերից մեկի ընթացքում փոխվարչապետին հայտնել է, որ վարչական շրջանների ղեկավարների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են խնդրի լուծման աշխատանքների կազմակերպման սխեման։
«Վարչական շրջանների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ պետք է իրականացվի պարբերական հերթապահություն։ Նախորդ շաբաթ ինքս այցելել եմ այդ աղբավայրերը։ Վարչական շրջանների ղեկավարները, ցավոք, թուլացրել են աշխատանքները, ինչի հետևանքով մարդիկ կրկին օգտվում են առիթից»,– նշել է Արեյանը։
Որո՞նք են վարչական շրջանների ղեկավարների դժվարությունները
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի խոսքով՝ խնդիրը պայմանավորված է մարդկային ռեսուրսների սահմանափակությամբ։
«Եթե հերթապահություն ենք նշանակում երկու հոգով, այդ երկուսի գործն ո՞վ պետք է անի։ Նրանք միայն այս հարցով չեն զբաղվում, այլև բազմաթիվ այլ գործառույթներ ունեն, իսկ այժմ, երբ շինարարությունը մեծ թափ է առել, նրանց պարտականություններն ավելի են ավելացել»,– նշել է նա։
Օրինական աղբավայրերում շինարարական թափոններ թողնելու համար սահմանված է 500-1000 դրամ վճար, մինչդեռ ապօրինի վայրերում նման ծախս չի պահանջվում։ Սակայն օրենքով սահմանված է, որ անօրինական աղբ թափելու դեպքում քաղաքացիները ենթարկվում են վարչական պատասխանատվության։
Ի՞նչ է անում ոստիկանությունը
Ոստիկանությանը հարցում ենք ուղարկել՝ պարզելու, թե քանի անձ է 2024 թվականին ենթարկվել պատասխանատվության չնախատեսված վայրում շինարարական աղբ թափելու համար։ Պատասխանը հակիրճ էր․
«Համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի հաշվառումների՝ 2024 թվականին չնախատեսված վայրում շինարարական աղբ թափելու համար վարչական պատասխանատվության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկություններ չկան»։
Այս պատասխանն ակնհայտորեն փաստում է, որ խնդրի դեմ պայքարը դեռևս արդյունավետ չէ, քանի որ խախտումներ, փաստացի, արձանագրվում են, սակայն վարչական պատիժներ չեն կիրառվում։
Բնապահպանական և առողջապահական վտանգները
Աղբի կուտակումները լրջագույն էկոլոգիական խնդիրներ են առաջացնում։ Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ շինարարական թափոնների ապօրինի կուտակումը խաթարում է ոչ միայն բնությունը, այլև ազդում է բնակչության առողջության վրա։
«Շինարարական աղբը պետք է թափվի նախատեսված վայրերում։ Եթե այն թափվում է չթույլատրված հատվածներում, ապա դառնում է լրացուցիչ փոշու աղբյուր, ինչը վնասակար է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ առողջության համար։ Ավելին, այն կարող է առաջացնել ալերգիկ հիվանդություններ, անգամ ասթմա»,– նշել է նա։
Անձրևների հետևանքով շինարարական փոշին լվացվում և լցվում է ջրային համակարգեր՝ նպաստելով ջրային ռեսուրսների աղտոտմանը։
Քաղաքացիների մտահոգությունները
Աղբի անօրինական կուտակումները անհանգստացնում են նաև բնակիչներին։ Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը պատմում է, որ իրենց թաղամասում այս պահին կառուցվում է վեց բարձրահարկ շենք, ինչը երբեմն անհնար է դարձնում շնչելը։
«Մեր տարածքը ամբողջությամբ փոշու մեջ է կորած։ Երբեմն շնչելը դառնում է անհնար, չենք կարողանում պատուհան բացել։ Այս ամենին գումարվում է նաև Աթենք գործարանի ազդեցությունը, և արդյունքում շնչահեղձ ենք լինում»,– ասում է նա։
Ապօրինի շինարարական աղբի դեմ պայքարը միայն բնապահպանական խնդիր չէ. այն վերաբերում է հանրային առողջությանը, քաղաքաշինական կայունությանը և տնտեսական անվտանգությանը։ Այս խնդրի համատարած բնույթը պահանջում է հասարակության բոլոր շերտերի՝ պետական կառույցների, ոլորտի մասնագետների և հանրության համագործակցված ջանքերը։
Անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները և ավելացնել ոլորտի վերահսկողության ֆինանսավորումը, ինչը կարող է զսպել անօրինական թափոնների աճը։