
Երբ 17-ամյա մի պայմանական Մերի կանգնած էր մասնագիտության ընտրության շեմին, նրա գլխում իսկական քաոս էր։ Ոչ թե իր մտքերից, այլ հարազատների, բարեկամների ու ընկերների անհանգիստ խորհուրդներից.
«Դու հայոց լեզվից ես լավ, դասատու դառի, քեզ կսազի…»
«Նենց բան սովորի, որ հետո ստացածդ փողը երևա…»
«Հորքուրդ նկարչական սովորեց, դու էլ գնա ընդեղ…»
«Վարձը շատ թանկ ա, ուրիշ ֆակուլտետ նայի…»
Մերին մոռացել էր սեփական նախասիրությունների ու երազանքների մասին։ Նրա համար լսելի էին միայն շրջապատի խորհուրդները, դիտարկելի՝ ժամանակի թելադրած պահանջները։ Բայց մի բան հստակ գիտեր. վերջնական որոշումն իրենն է։ Ի՞նչ անել։
Եթե այս իրավիճակը ծանոթ է քեզ, եթե դեռ չես կողմնորոշվել մասնագիտությանդ հարցում կամ արդեն ունես մասնագիտություն, բայց փոփոխություն ես ուզում, այս հոդվածը հենց քեզ համար է:
Նկարը գեներացվել է ԱԲ-ով
Մեզ հետ զրույցում Երևանի 20 քաղաքացիներից 13-ը նշեցին, որ չեն աշխատում այն մասնագիտությամբ, որով ստացել են բարձրագույն կրթություն։ Օրինակ՝ լեզվաբանը ՍՄՄ մասնագետ է, ժուռնալիստը` լոգիստ, միջազգայնագետը` բորտուղեկցորդուհի, հոգեբանը` վավաճառողուհի և այլն:
Բայց ինչո՞ւ։ Ահա հարցվածների որոշ պատասխաններ.
- «Մաման ա եղել ինձ ոգևորողը, ես կողմնորոշված չէի։ Նրա երազանքն էր, որ ես միջազգային հարաբերություններ սովորեմ։ Ես էլ լավ չէի պատկերացնում՝ որն ինչ է։ 3-րդ կուրսում հասկացա, որ մասնագիտությունը, այսպես ասած, լրիվ իմ հակապատկերն է, ու սկսեցի ինքնուրույն սովորել իմ ուզած ոլորտը։ Հիմա բորտուղեկցորդուհի եմ»։
- «Ես թարգմանություն եմ սովորում, 2-րդ կուրսում եմ, բայց էս ուղղությամբ չեմ գնալու։ Ինքս եմ ընտրել, բայց արդեն փոշմանել եմ։ Հիմա զբոսաշրջության դասընթացների եմ գնում ու երևի էդ ուղղությամբ էլ կշարունակեմ»:
- «Ես ընկերներիս հետ հոգեբանություն եմ ընտրել։ 4-րդ կուրսում եմ, բայց հաստատ հոգեբան չեմ դառնալու: Դեռևս խանութում վաճառողուհի եմ»:
Ինչու՞ են մարդիկ սխալվում մասնագիտության հարցում
Հարցման արդյունքներն ուսումնասիրելով` հոգեբան Սիրուշ Ավագյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ խնդրին. «17 տարեկանում մասնագիտության ընտրություն կայացնելը մի քիչ շուտ է թվում, բայց ամեն ինչ մարդուց է կախված։ Ոմանք վաղուց գիտեն, թե ինչ են ուզում, մյուսները տարիների ընթացքում են կողմնորոշվում։ Այս տարիքում դեռ շատ բան կարող է փոխվել՝ հետաքրքրությունները, կյանքին նայելու ձևը, նույնիսկ աշխարհայացքը։ Կարևորը, որ այդ ընտրությունը ճնշող չլինի։ Եթե հետագայում մարդը հասկանա, որ դա իր ուղին չէ, պիտի կարողանա առանց վախի փոխել ուղղությունը»։
Հոգեբանը համոզված է, որ մասնագիտության ընտրության հարցում սխալվելը նորմալ և առողջ երևույթ է: Երբ դեռահասը կանգնած է ընտրության առաջ, հաճախ շարժվում է ոչ թե գիտակցված ընտրությամբ, այլ՝ հոսանքով. ծնողների ակնկալիքներ, հասարակության թելադրած «թրենդային» մասնագիտություններ, ընկերների հետ միևնույն ֆակուլտետ ընդունվելու ցանկություն կամ պարզապես պատահական մոտեցում՝ «մի տեղ ընդունվեմ, հետո կերևա» տրամաբանությամբ։ Սա գալիս է սեփական կարողությունները, ուժեղ և թույլ կողմերը չճանաչելուց:

Իսկ ինչպե՞ս հասկանալ` որոնք են մեր ուժեղ և թույլ կողմերը
Հարցազրույցներից մեկում Staff.am-ի և Hirebee-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը նշում է, որ պատանիներին լավագույնս կարող են օգնել կամավորական աշխատանքները․ «Հատկապես ավագ դպրոցի և քոլեջի աշակերտներին եմ հորդորում դիմել կամավորական աշխատանքների: Աշխատելով տարբեր միջավայրերում՝ մեր չկողմնորոշված պատանիները սկսում են հասկանալ՝ ավելի արդյունավետ են թիմո՞ւմ, թե՞ անհատապես, սիրում են ակտիվ ու շարժուն գործունեությո՞ւն, թե՞ նախընտրում են վերլուծական, ստատիկ աշխատանք»։
Ինքնաճանաչման հասնելու ժամանակակից առցանց թեստերը ևս խրախուսվում են մասնագետների կողմից, և նույնիսկ առաջարկվում է դրանցից մի քանիսը փորձել` 16 personalities, Creative Types by Adobe, Hans Eysenck:
Կարելի՞ է գտնել «իդեալական» մասնագիտություն
Հակադարձելով` հոգեբանը պնդում է, որ առաջարկվող տարբերակները երաշխիք չեն, որ ուսանողը կամ արդեն աշխատողը, ընտրելով իր էությանը համապատասխանող մասնագիտական ոլորտ, երկարաժամկետ գործունեություն կծավալի դրանում։ Իսկ թե ինչու, բացատրեց. «Այն, ինչ 17 կամ 20 տարեկանում թվում է իդեալական, տարիներ անց կարող է այլևս չգրավել, կամ այլ արժեքներ կարող են առաջնահերթ դառնալ։ Կարող է թվալ, որ ընտրածդ մասնագիտությունը հարմար է, բայց երբ սկսում ես աշխատել, հասկանում ես, որ իրականությունը լրիվ ուրիշ է։ Բացի այդ, հետաքրքրությունները կարող են փոխվել, նոր հնարավորություններ կարող են բացվել: Եկեք աշխատավարձի մասին նույնպես չմոռանանք, քանի որ դա նույնպես էական դեր ունի: Մասնագիտությամբ չաշխատելու դրդապատճառներից մեկը նաև աշխատավարձի քիչ կամ բավարար չլինելն է: Այստեղից էլ կարող են գալ, ինչու ոչ, մասնագիտություն փոխելու կամ հակադիր մասնագիտությամբ աշխատելու՝ ձեր բերած տվյալները»:
Այսպիսով՝ անբավարար աշխատավարձը նույնպես գլոբալ դրդապատճառ է մասնագիտությունից հիասթափվելու և մասնագիտական փոփոխությունների գնալու համար։ «Եթե քիչ ես վարձատրվում, արածդ աշխատանքն աչքիցդ ընկնում է, հիասթափվում ես, հատկապես երբ մասնագիտական աճի տեղ չկա,- նշում է Լուիզա Ավետիսյանը, որի աշխատանքային կարիերայի մասնագիտացումների ցանկը նաև աշխատավարձով էր պայմանավորված․- մանկավարժ ես դառնում, տեսնում ես` աշխատավարձդ չի հերիքում, ծրագրավորում ես սովորում»:
Եթե ես կարևորում եմ ֆինանսը, նոր հարց է ծագում․ ո՞ր ոլորտներում են Հայաստանում նվազագույն և առավելագույն վարձատրությունները:
Ուսումնասիրեցինք 2024-ին Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի տվյալները։ Հանապետությունում ամենաբարձր վարձատրվող և ամենապահանջված ոլորտները համարվում են`
• Տեղեկատվական տեխնոլոգիաներ – 842,850 դրամ
• Ֆինանսական ոլորտ – 761,221 դրամ
• Հանքարդյունաբերություն – 475,285 դրամ
Ամենացածր վարձատրվողները՝
• Կացության և հանրային սննդի ոլորտ – 138,750 դրամ
• Կրթական ոլորտ – 180,000-250,000 դրամ
• Մշակույթի ոլորտ – 200,000-300,000 դրամ
Այս ամբողջ տեղեկատվությունը մեկ եզրահանգման է բերում. կարևորը ոչ այնքան «ճիշտ» կամ «սխալ» ընտրություն կատարելն է, որքան զարգանալու, հարմարվելու ու փոփոխություններն ընդունելու պատրաստ լինելը։