04.11.2025
վիրտուալ

Սոցցանցերը վաղուց դադարել են պարզապես ժամանցային հարթակ լինելուց։ Երիտասարդների առօրյայի զգալի մասը տեղափոխվել է վիրտուալ տիրույթ՝ ինֆորմացիայի ստացումից մինչև ընկերական շփում, ինքնահաստատում ու նույնիսկ ինքնաճանաչում։ Այս իրականության մեջ ինֆլուենսերները դարձել են hեղինակություններ՝ մարդիկ, ովքեր ոչ միայն գովազդում են ապրանքներ, այլ ստեղծում են պատկերացում այն մասին, թե ինչն է «ճիշտ», «գեղեցիկ» և «ցանկալի»։

Երիտասարդները, որոնց համար ինքնության ձևավորման շրջանն առանց այդ էլ լի է ներքին բախումներով, հաճախ անվերջ համեմատվում են բլոգերների, ոչ իրական, վիրտուալ կերպարների հետ։ Ֆիլտրացված լուսանկարներն ու կոկիկ կադրերով կյանքը, որ ներկայացվում է սոցիալական հարթակներում, կարող է ակամայից ստեղծել թերիության զգացում։ Շատերը սկսում են մտածել՝ «Ես ինչո՞ւ նման չեմ նրանց», «Ինչո՞ւ է իմ կյանքը այսքան անկայուն», «Ինչո՞ւ ես չեմ կարողանում ունենալ այն, ինչ նրանք»։

Հոգեբանական բազմաթիվ հետազոտություններ փաստում են՝ մշտական համեմատությունը, սոցիալական հաստատման որոնումը (հավանումներ, մեկնաբանություններ) և սոցցանցերում ստեղծված կատարյալ կերպարների հետ համեմատությունը կարող են լրջորեն ազդել ինքնագնահատականի, մտավոր առողջության, հուզական կայունության վրա։ Օրինակ՝ դեպրեսիվ տրամադրություն, անբավարարվածություն սեփական կյանքից, մեկուսացման և անլիաժեքության զգացում։ 

«Ես ճնշված էի, հավանաբար՝ անձնային ճգնաժամի ինչ-որ փուլում։ Մտածում էի, որ ես պիտի ինչ-որ մեծ մարդ լինեմ,– ասում է 20-ամյա Արմենը։ – Երբ սկսեցի ակտիվորեն հետևել ինֆլուենսերներին, ամեն ինչ թվում էր շատ հեշտ․  մեկ օրում հաջողակ բիզնես, իդեալական ռեժիմ, առողջ սնունդ, սպորտային մարմին, ֆինանսական անկախություն… Ես էլ սկսեցի փորձել նման կերպ ապրել։ Բայց որքան շատ էի փորձում նմանվել, այնքան խորն էի ընկնում մի տեսակ դատարկության մեջ։ Ոչինչ չէր ստացվում «նրանց պես», և ես ինձ սկսեցի մեղադրել։ Մտածում էի՝ գուցե ես ինչ-որ բանի պակաս ունեմ»։

Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե բոլոր ինֆլուենսերներն ունեն միայն բացասական ազդեցություն։ Վերջին տարիներին շատ բլոգերներ սկսել են կիսվել նաև իրենց դժվարություններով, անկումներով, հոգեկան առողջության հետ կապված պայքարներով։ Այդ բաց ու անկեղծ խոսակցությունները հաճախ օգնում են երիտասարդներին հասկանալու, որ իրենք միայնակ չեն իրենց զգացողություններում։

«Երբ տեսա, թե ինչպես է մի հայտնի բլոգեր խոսում իր տագնապային վիճակների մասին, շոկ ապրեցի,– պատմում է 21-ամյա Լիանան։ – Ես միշտ կարծել էի, որ նրանք, ովքեր ունեն հազարավոր հետևորդներ, անթերի արտաքին, բրենդային հագուստ, գեղեցիկ կյանք, չեն կարող ունենալ այն մտքերը, ինչ ես ունեմ։ Երբեմն գիշերները տագնապով էի արթնանում՝ առանց պատճառի, առանց կոնկրետ վախի, պարզապես ճնշող մի զգացումով։ Իսկ առավոտյան բացում էի Ինստագրամն ու տեսնում՝ ինչպես է նա նոր զգեստով ճամփորդում։ Այդ պահերին մտածում էի, որ ես պարզապես վատ եմ, թույլ եմ, ուրիշների նման չեմ։ Բայց երբ նա իր էջում անկեղծ գրեց իր տագնապների, անքնության, հոգնածության, նույնիսկ բուժման մասին, ես առաջին անգամ զգացի՝ չէ՛, ես միակը չեմ։ Գուցե մենք բոլորս էլ ինչ-որ կերպ պայքարում ենք, ուղղակի բոլորը չեն խոսում դրա մասին»։

Իրականում, ինֆլուենսերներն ունեն մեծ ներուժ, և այդ ուժը կարող է լինել ինչպես կործանարար, այնպես էլ վերականգնող։ Կարևորը՝ ինչպես են նրանք օգտագործում իրենց ազդեցությունը, և ինչպես են երիտասարդները սովորում «ֆիլտրել» ոչ թե միայն լուսանկարները, այլև ինֆորմացիան ու արժեքները։

Վերջիվերջո, թվային աշխարհում ապրելու պայմաններում, անհրաժեշտ է կրթել ոչ միայն տեխնոլոգիական հմտությունները, այլև թվային իմունիտետը՝ սովորել տարբերել իրականը պատրանքից, բովանդակալին մակերեսայինից, առողջ ներշնչանքը՝ ճնշող իդեալից։

Մարիամ Հովսեփյան