04.11.2025
Կատեգորիա
Հասարակություն
գիրք

Երբ հայտնվեցին էլեկտրոնային գրքերը, մարդիկ կարծեցին, թե դրանք եկել են փոխարինելու տպագիր գրքերին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ թղթային տարբերակն իր շոշափելիությամբ, ինքնատիպությամբ և յուրահատուկ հոտով դեռևս շարունակում է մնալ ընթերցողների նախընտրության շրջանակներում: 

Ժամանակի ընթացքում էլեկտրոնային գրքերն ընդունվեցին որպես ընթերցանության նորաձև, բայց ոչ բացառիկ ձևաչափ, և երբ թվաց՝ այլընտրանքներ այլևս չեն լինի, հայտնվեց նորը, որը կարծես ավելի է գրավում ընթերցասերներին, հատկապես երիտասարդներին:

Գրական ակումբների այն ավանդույթը, երբ հանդիպումների ընթացքում մեծ գրողներն ընթերցում էին որևէ ստեղծագործություն, իսկ մյուսները՝ լսում, այսօր փոքր-ինչ ձևափոխվել և առավել ժամանակակից լուծում ու անվանում է ստացել՝ «աուդիոգրքեր»։

Լայն իմաստով՝ աուդիոգրքերը ցանկացած գեղարվեստական, կրթական կամ գիտահանրամատչելի տեքստերի ձայնագրություններն են, որոնք արվում են տվյալ հեղինակների, դերասանական կրթություն ունեցող անձանց, կամ էլ պարզապես կամավորության սկզբունքով որևէ մեկի կողմից և տեղադրվում համացանցում՝ հասանելի լինելով բոլորին։

Ի սկզբանե աուդիոգրքերը (նաև՝ «խոսող գրքեր») հորինվել են տեսողության խանգարում ունեցող մարդկանց համար, որպեսզի նրանք ևս սիրելի գրքերը վայելելու հնարավորություն ունենան։ Սակայն դրանք նախընտրում են նաև այն մարդիկ, ովքեր իրենց համարում են աուդիալներ, կամ մարդիկ, ովքեր միանգամից զբաղվում են մի քանի գործով, ստիպված են լինում մնալ խցանված ճանապարհներին և երկար ժամանակ անցկացնել տրանսպորտում։

Կա՞ արդյոք «մրցակցություն» տպագիր գրքերի և աուդիոգրքերի միջև։ Յուրաքանչյուրն այս հարցի շուրջ ունի իր տեսակետը։

21-ամյա Աննա Հովակիմյանը, ով համալսարանում սովորելուն զուգահեռ աշխատում է միաժամանակ երկու վայրում, սիրելի ստեղծագործություններն ու հանձնարարված գրքերն ընթերցելու ժամանակ չի ունենում, ուստի  աուդիոգրքերը «փրկություն» է համարում։

«Վերջերս հանգիստ պայմաններում գիրք կարդալ, ցավոք, խիտ գրաֆիկիս պատճառով չի հաջողվում։ Արդյունքում՝ դասից կամ աշխատանքից տուն գնալիս մետրոյում կամ ավտոբուսում միացնում եմ ականջակալներս, ընտրում եմ որևէ ստեղծագործություն և ամբողջապես ընղմվելով դրա մեջ՝ սկսում եմ վայելել։ Անգամ աուդիոգրքերը հնարավորություն են տալիս ձայնի արագությունը կառավարելու։ Ինքս միշտ մի քանի անգամ ավելի արագ եմ լսում՝ խնայելով ժամանակը»։

Ի տարբերություն Աննայի՝ 18-ամյա Էլեն Իսրայելյանը երբեք չի օգտվում «խոսող գրքերից»։ Ավելին՝ դրանք համարում է ձանձրացնող ու դժվարըմբռնելի։

«Չեմ կարողանում լիարժեք ընկալել այն, ինչը միայն լսելով եմ հասկանում։ Ինձ մոտ ավելի շատ զարգացած է տեսողական հիշողությունը։ Մտապահել երկար գրվածքների բովանդակությունը միայն լսելով, մանավանդ այն դեպքում, երբ հետո ՝ դասերի ընթացքում անհրաժեշտություն է լինում վերարտադրելու, ինձ համար բավականաչափ դժվար է։ Բացի այդ՝ գիրքը կարդալիս վերընթերցելու և գրքում ինքս ինձ համար նշումներ անելու հնարավորություն եմ ունենում, ինչը բացառվում է աուդիո տարբերակի դեպքում»։

Աննան ու Էլենը ասես երիտասարդության հավաքական կերպարներ են՝ իրենց դեմ և կողմ հայացքներով, իհարկե, առանձնանալով հասարակության այն շերտից, որի կարծիքն աուդիոգրքերի մասին մեծապես կախված է իրենց ֆիզիկական վիճակով։

Բուկինիստ

«Բուկինիստ» գրախանութի աշխատակիցը աուդիոգրքերը համեմատում է ռադիոթատրոնների հետ, երբ սովորականի պես հանդիսատես և դերասան կապը չկա։ Աուդիոգրքերի պարագայում էլ այդ կապն ընդհատում է «միջնորդը»։ «Ընթերցողի ձայնը միանգամից ազդում է գիրքն ընկալելու վրա․ ինտոնացիան, տեմբրը  հաճախ պարզապես կարող են չընդունվել մարդկանց կողմից։ Իմ կարծիքով տպագիր գրքերի առաջին առավելությունը հենց ընկալման պարզությունն է, գրողի ու ընթերցողի շփումը։ Նույնիսկ էլեկտրոնային ու աուդիո տաբերակների դեպքում մարդիկ նախընտրում են առաջինը, որովհետև տվյալ պարագայում ևս խնդիրը նույնն է»։

Այն հարցին, թե արդյոք գրախանութները տուժում են աուդիոգրքերի ու էլեկտրոնային տարբերակների տարածման ֆոնին՝ աշխատակիցը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, ճաշակի հարց է, բայց հիմնականում նախընտրությունը տրվում է գրքին, և հետաքրքրության նվազում ընթերցանության հանդեպ  չի նկատվել։

Այս ամենին զուգահեռ՝ կարևոր է նշել, որ շատ գրքեր գրադարաններում հասանելի չեն՝ չնայած այն հանգամանքին, որ մշտապես մեծ պահանջարկ ունեն, իսկ գրախանութներում նոր հրատարակությամբ գրքերը բավական թանկ արժեն։ Ուստի մարդկանց նախընտրությունը աուդիոգրքերի կամ էլեկտրոնային գրքերի նկատմամբ տվյալ պարագայում հասկանալի է դառնում։

Եվ այսպես՝ մրցակցությունը տպագիր և աուդիոգրքերի միջև բավական հետաքրքիր է։ Իհարկե, համեմատությունը մեկը մյուսի, անգամ էլեկտրոնային տարբերակի հետ միշտ էլ լինելու է, սակայն յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները, նշանակությունն ու կարևորությունը։ Ուստի թերևս ավելի ճիշտ կլինի մրցակցությունը միմյանց փոխլրացում բնորոշել։

Ասպրամ Համբարձումյան