
Աշխարհի բնակչության շուրջ 30%-ն այսօր ունի տնային կենդանիներ։ Ըստ Mars Petcare-ի մասնագետների՝ աշխարհում առկա է մոտ 400 միլիոն ընտանի կենդանի, որոնց գերակշիռ մասը կազմում են շները և կատուները։
Ընտանի կենդանիների սոցիալական ընկալումը
Տնային կենդանիների հանդեպ սերը ձևավորվել է միջին դարերում, երբ մարդը գիտակցեց, որ որոշ կենդանիներ կարող են ծառայել որպես օգնականներ։ Ժամանակի ընթացքում մարդկանց վերաբերմունքը կենդանիների նկատմամբ էապես փոխվեց. եթե նախկինում դրանք հիմնականում ծառայում էին որպես օգնականներ, ապա այսօր շատերի համար ընտանի կենդանիներն ընկալվում են որպես ընկերներ։ Սակայն հասարակության մեջ գոյություն ունեն նաև նրանց հանդեպ բացասական վերաբերմունք ունեցող անձինք։
Ընդդեմ ընտանի կենդանիների
Կարինե Մկրտչյանը կտրականապես դեմ է տանը կենդանի պահելուն.
«Վերևի հարևանը պահում է մեծ շուն, ինչի հետևանքով ամբողջ մուտքը և մեր պատշգամբը ծածկված են կենդանու մազերով։ Տանը փոքր երեխա ունենք, որը ցանկանում է խաղալ պատշգամբում, սակայն ստիպված ենք միշտ փակ պահել պատշգամբը, քանի որ դա կարող է վտանգավոր լինել։ Ավելին, այդ մազերը երբեմն հայտնվում են նաև մեր բնակարանում»։
Կարինեն նշել է, որ բազմիցս դիմել է հարևանուհուն խնդրանքով՝ կենդանուն պահել այնպես, որ այն չխանգարի մյուսներին, սակայն չի ստացել բավարար արձագանք։
Կենդանասերների տեսակետը
Մերի Հովսեփյանը մանկուց մեծ սիրով է վերաբերվում կենդանիներին և արդեն ութ տարի է, ինչ շուն է պահում։ Դժվարանում է հասկանալ այն մարդկանց, ովքեր չեն սիրում ընտանի կենդանիներին. «Որքան էլ տխուր լինեմ, պարզապես պետք է շանս գրկեմ և միանգամից ինձ ավելի երջանիկ եմ զգում։ Նրա մասին հոգ տանելը ինձ բավարարվածություն է պարգևում»։
Մերին նշում է, որ իր շանը վերաբերվում է որպես անհատի և հաշվի առնում է նրա նախասիրությունները.«Երբ նա փռշտում է, ասում եմ՝ առողջություն։ Եթե զբոսնելու ընթացքում շունը չի ցանկանում որևէ ուղղությամբ շարժվել, չեմ ստիպում, այլ հետ եմ շրջվում և շարունակում քայլել այնտեղ, որտեղ նա է ցանկանում»։
Մասնագետի տեսակետը
Թեմայի շուրջ զրուցեցինք անասնաբույժ Միհրան Լազյանի հետ, ով նշում է, որ ընտանի կենդանիները կարող են ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն. «Ընտանի կենդանիները կարող են հանդիսանալ որոշ հիվանդությունների աղբյուր, օրինակ՝ էխինակոկոզը, որը տարածված է չճիճվաթափված կենդանիների մոտ և կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը, նույնիսկ վիրահատության անհրաժեշտություն առաջացնել։Շների մազաթափությունը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ոչ ճիշտ խնամքով։ Կա սեզոնային մազաթափություն, որը բնական գործընթաց է։ Բացի այդ, ընտանի կենդանիները կարող են հանդիսանալ ալերգիաների առաջացման պատճառ, ինչը հիմնականում կապված է հիգիենայի կանոնների չպահպանման հետ»։
«Ապացուցված է, որ ընտանի կենդանիների հետ մեծացած երեխաների մոտ ալերգիկ հիվանդությունները շատ ավելի քիչ են հանդիպում։ Բացի այդ, նրանք ունենում են կայուն հոգեբանություն և ուժեղ իմունային համակարգ։ Կենդանու հետ զբոսնելը համարժեք է ամենօրյա ֆիզիկական վարժություններին, որոնք նպաստում են մկանաոսկրային համակարգի զարգացմանը։ Բացի այդ, կենդանիները օգնում են նվազեցնել սթրեսն ու միայնության զգացումը»։
Ընտանի կենդանիներ պահելը և նրանց հանդեպ վերաբերմունքը խիստ անհատական է։ Այն պահանջում է պատասխանատվություն և հոգատարություն, սակայն, միևնույն ժամանակ, կարող է զգալիորեն բարելավել մարդու կյանքը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումներով։