04.11.2025
Կատեգորիա
ԵՊՀ
Խաչիկ Աբաջյան

Երևանի պետական համալսարանում Խաչիկ Աբաջյանին գրեթե բոլորը ճանաչում են։ Արդեն տասը տարի է, ինչ համալսարանը դարձել է նրա երկրորդ տունը։ «Ավելի շատ համալսարանում եմ լինում, քան տանը»,- կատակում է նա։

Երևանի պետական համալսարանի ուսանող

Դպրոցական տարիներին Խաչիկը երազում էր բժիշկ դառնալ, հետո հետաքրքրվեց տնտեսագիտությամբ, սակայն ի վերջո ընտրեց քաղաքագիտությունը։ «Միջազգային հարաբերություններն ինձ հնարավորություն տվեցին ընդլայնելու աշխարհայացքս։ Ուսումնասիրելով այս ոլորտը՝ խորապես ծանոթացա նաև քաղաքագիտությանը, իրավաբանությանը և տնտեսագիտությանը»,- ասում է նա։

«Կրթությունն իմ ամենասիրելի ոլորտն է։ Վերջին տարիներին իմ գործունեությունն ուղղակիորեն կապված է կրթական համակարգի հետ։ Ուսումնասիրում եմ, թե հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում ինչ խնդիրներ կան և ինչպես կարելի է դրանք լուծել»։

Խաչիկ Աբաջյան

Ուսանողական խորհուրդը՝ ինքնաբացահայտման հարթակ

Խաչիկը դեռ 12 տարեկանից զբաղվել է կամավորությամբ, և համալսարանում նույնպես որոշեց ակտիվ լինել։ «Առաջին կուրսից սկսեցի մասնակցել ՈւԽ-ի ծրագրերին, իսկ երկրորդ կուրսից արդեն ինքս սկսեցի միջոցառումներ կազմակերպել»,- պատմում է նա։

Նրա խոսքով՝ ուսանողական խորհուրդը ոչ միայն հարթակ է գաղափարներ իրականացնելու համար, այլև ինքնաբացահայտման վայր․ «Այստեղ սկսում ես հասկանալ՝ ինչն է քեզ հետաքրքրում, ինչում ես ուժեղ, ստանում ես փորձ, ձեռք բերում կարևոր կապեր։ ՈւԽ-ի շնորհիվ առաջին անգամ եղա Արցախում, որից հետո ավելի քան 50 անգամ վերադարձել եմ՝ ավելի լավ ճանաչելու հայրենիքս»։

Խաչիկն ընկերների աչքերով

Ինքն իրեն բնութագրեց այսպես՝ միշտ զբաղված, հետաքրքրասեր և պոզիտիվ։ Դա փաստեցին նաև ընկերները։

«Խաչիկը շատ խելացի ու հումորով է։ Իր ցանկացած խոսքի համար առանձին փաստարկներ ունի, ինչ-որ բան ասելիս վերջում միշտ ավելացնում է «այսինչ բանի հիմքով» արտահայտությունը։ Նաև շատ ընկերասեր է, իր դրական էմոցիաները փոխանցում է մեզ։ Միշտ զբաղված է և ամեն ինչ հասցնում է։ Գծում է գրաֆիկ, ու այդ գրաֆիկի բոլոր կետերը օրվա վերջում արված են լինում»,- պատմում է Խաչիկի ընկերներից Ալբերտ Ավետիսյանը։

Խաչիկ Աբաջյան

Աննան էլ նշում է․ «Խաչիկի հետ ծանոթացել եմ այն ժամանակ, երբ ինքն առաջին կուրսում էր։ Շատ ակտիվ, խելացի ու լուսավոր տղան միանգամից առանձնացավ իր հետաքրքիր գաղափարներով, մտքերով, մոտեցումներով։ Երբեք չեմ մոռանա Խաչիկի հետ անցկացրած ուրախ դասընթացները, չեմ մոռանա Արցախ այցերն ու Խաչիկի դեմքը՝ մի քանի ժամ արևի տակ պարելուց հետո։ Բայց ամենաանմոռանալի պահը Խաչիկի հորինած երգերն ու պատմություններն էին Արցախի զորամասերի ճանապարհին։ Խաչիկն այնպիսի ընկեր է, որից կարող ես միշտ ու անընդհատ սովորել, որը, երբ էլ քեզ տեսնի, նույնքան անմիջական է»։

«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը

Կամավորությունը Խաչիկի կյանքի անբաժանելի մասն է։ «Տասներկու տարեկանից World Vision-ում ակտիվորեն ներգրավված էի, և հասկանում էի, որ մի օր մեր ծրագրերը կավարտվեն։ Այդ պատճառով էլ 2015 թվականին որոշեցինք ստեղծել կազմակերպություն, որը կշարունակի այս աշխատանքը»։

Այսպես ծնվեց «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը, որի համահիմնադիրն ու տնօրենն է Խաչիկը։ Հիմնադրամն ակտիվորեն գործում է մարզերում՝ երեխաների և երիտասարդների հետ աշխատելով նրանց փափուկ հմտությունների զարգացման, հանրային խոսքի և այլ կրթական ծրագրերի ուղղությամբ։

Ակտիվ կյանք՝ համալսարանից դուրս

Խաչիկի ակտիվությունը չի սահմանափակվում համալսարանով։ Նա մասնակցում է միջազգային ծրագրերի, սիրում է ճամփորդել և իր առջև նպատակ է դրել ամեն տարի այցելել առնվազն երկու նոր երկիր։

«Սիրում եմ թատրոն, կան ներկայացումներ, որոնք դիտել եմ 16-17 անգամ։ Բացի այդ, շատ եմ սիրում սեղանի ինտելեկտուալ խաղեր և մաֆիա խաղալ»։

Ինքն իր մասին

• Հինգ տարի առաջվա Խաչիկին կասեմ՝ ապրես,  ճիշտ ուղղությամբ ես գնում։

• Հինգ տարի հետո ես էլի համալսարանում եմ լինելու և աշխատելու եմ նույն ոգևորությամբ։

• Ամենասիրելի վայրս ԵՊՀ-ում 6-րդ հարկն է, սիրում եմ գրադարանի մուտքը։ Իսկ Երևանում շատ եմ սիրում Սարյան, Աբովյան փողոցները։

• Ամառը չեմ սիրում, փոխարենը շատ եմ սիրում աշունը։ 

 

Լուսանկարները՝ Խաչիկ Աբաջյանի անձնական արխիվից

Լիլիթ Դուրյան