04.11.2025
Կատեգորիա
Դիմանկար
Էդուարդ Զորիկյան

Պարիր ծովի վրա, մեր հույսերից ծնված նավակ,

Լողա, ծովերն ի վեր` պարզած ճերմակ առագաստներ:

Վերցրու քեզ հետ սրտերը մեր,

Մեր լեռներից խաղաղ հողեր,

Վերցրու քեզ հետ խաչված քարեր,

Ծով դաշտերից ոսկե հասկեր,

Մեր Կիլիկիո անմար երգով,

Մեր պապերի կարոտ Էրգրով,

Հուսո ճերմակ առագաստով

Հասիր բաց ծով:

 

«Հուսո առագաստ» երգից մի հատված է, որի ստեղծման պատմության մասին խոսել ենք երգհան, սցենարիստ, երգիչ Էդուարդ Զորիկյանի հետ։

-Դուք՝ որպես ստեղծագործող, որը զբաղվում է արվեստով, ո՞րն եք համարում ստեղծագործելու ձեր մոտիվը,  արդյոք այսօրվա իրադրությունները եւս։

-Երգը, հեղինակային երգը,  արձագանքն է ինչ-որ բանի, ինչ-որ տեղ հայելին է մեր շրջապատի, շրջապատում կատարվող իրադարձությունների։ Ես, օրինակ, շատ երգեր ունեմ, որ գրել եմ Խորհրդային Միության տարիներին։ Անգամ վերջինից հետո։ Այն երեւույթները, որոնց մասին մենք գրում ենք, հավերժ են։ Ես երգեր ունեմ, որոնք գրվել են ֆրանսիական միջնադարյան պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ֆրանսուա Վիոնի մասին, թեև շուրջ 600 տարի առաջ է այդ  մարդը գրել։ Հետեւաբար այո, ամեն բան կարող է մոտիվ լինել։

-Ինչպե՞ս ստեղծվեց «Հուսո առագաստ» երգը, ո՞րն է երգի ստեղծման պատմությունը։

-Երգը գրել ենք Արմեն Մովսիսյանի հետ միասին, այսինքն՝ Արմենի հետ համահեղինակներ ենք։ Երգը գրել ենք արագ եւ  անսպասելի, որովհետեւ մենք իմացանք, որ մեր ընկերները,  որոնց դեռ ուսանող տարիներից էինք ճանաչում՝ Կարենը Բալայան, Արմենը Ղազարյան, նավ են կառուցում՝ ծովային հետազոտությունների համար։ 15 տարի կառուցում են եւ չեն կարողանում ավարտին հասցնել՝ գումարի բացակայության պատճառով։ Որոշեցինք մեծ գովազդային շարժում սկսել՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, որ բոլորն իմանան, որ հայկական եռագույնի ներքո «Կիլիկիա» անվամբ նավ պիտի ստեղծվեր։ Սկսեցինք համերգներ կազմակերպել Ֆիլհարմոնիկի դահլիճում եւ այլ վայրերում։ Պետք էր ինչ-որ մի երգ, որով կսկսվեր կամ կավարտվեր համերգը, որովհետեւ շատ մասնակիցներ պիտի լինեին համերգին։ Առաջին երգը, որ մտաբերեցինք, Ռուբենի Հախվերդյանի  «Իմ փոքրիկ նավակ»-ն էր։ Եվ քանի որ երգն արդեն կար, մտածեցինք՝ ինչո՞ւ մենք գրենք։ Խնդիր եղավ վերջաբանի, որովհետեւ Հախվերդյանի «Նավակ»-ն ավարտվում է հարցականով, իսկ մեր երգը հարցականով պիտի չավարտվեր, բայց մի քանի օր չանցած՝ Արմենը եկավ կիթառով ու ասաց․ «Ապ ջան, գիշերը մի 2 դող բան եմ գրել, մի հատ հլը լսե։ Հենց այսպես՝ սեւագրության թղթի վրա, ստեղծվեց այս երգը։ Մենք մեր ստեղծած երգից փշաքաղվում էինք, ու եթե այդպես էր, ուրեմն երգը ստացվել էր։  Իսկ երգի ձայնագրությունից հետո արդեն մոնտաժը տեղի ունեցավ շատ արագ՝ մեկ գրշերվա մեջ՝ մեր ընկերների շնորհիվ։ Շատ մարդկանց ենք զանգահարել, որ միանան մեզ, ու միասին երգենք, բայց շատերն անգամ հեռախոսազանգին չէին պատասխանում կամ պարզապես մերժում էին՝ պատճառաբանելով, որ անհետաձգելի գործեր ունեն։ Իհարկե, մենք աշխատանքները ավարտեցիք, եւ կարծես նպատակակետին հասանք։ Տղաները դուրս եկան, նավարկեցին․․․ Իսկ երգը թռչուն է, գրեցիր՝ պիտի բաց թողնես, քանի որ ում հոգու ներսը մտավ, սրտում բույն հյուսեց, արդեն դառնում է նրա սեփականությունը։

-Ինչպե՞ս ընտրվեցին երգի մասնակիցները, արդյոք գաղափարների հատում կար։

-Մենք զանգահարել ենք գրեթե բոլորին, տարբերություն չէինք դնում, ասում էինք՝ նույնիսկ արտիստներ կան, որոնք երգում են ռաբիս, բայց միեւնույն է, նրանք էլ թող միանան։ Հիմնական նպատակն այն էր, որ յուրաքանչյուր արտիստ գոնե մեկ տող երգեր, ու կարծում էինք՝ այդքան զանգերից հետո մոտ 20-30 արտիստ պիտի երգեր, բայց վերջում մնացին այն արտիստները, որոնք կարողացան «ժամանակ գտնել» եւ գալ ձայնագրմանն ու նկարահանմանը։   

Գաղափարական հատում՝ ոչ, որովհետեւ շտապում էինք, որ կարողանանք երգն արագ պատրաստել եւ հասցնել վերջնարդյունքի։ Նույն կերպ տեղի ունեցավ տեսահոլովակի նկարահանումը, եւ այն արտիստներիը, որոնց տեսում եք տեսահոլովակում, նրանք են, որոնք կարողացան այդ մի քանի ժամվա ընթացքում մեզ աջակցել ու ներկա գտնվել։

 -Իսկ տարբերություններն արտիստների երգելաոճի, ձայների, ինչպե՞ս կարողացաք ընդհանրացնել։

-Եթե  անկեղծ, ապա մենք կատարել էինք ոչ պրոֆեսիոնալ աշխատանք․ մեր խնդիրն էր  մի քանի ժամում կատարել այդ աշխատանքն ու հասցնել ավարտին։ Այդ թվում՝ հաշվի չառնելով, որ կարող ենք նման խնդիր ունենալ։ Առանձնապես գործիքավորմանը եւ մասանգիտական այլ դրվագների ուշադրություն չէինք դարձրել, օրինակ՝ դուդուկի մի քանի նոտա կա, մի հատված կիթառ է  հնչում, ինչ-որ մի պահ՝ սինթեզատոր, եւ այդ բոլորը կատարվել են առանց «նախավարժանքի»։ 

Հետո, երբ ինքդ քեզ հարցնում ես՝ երգը ի՞նչն է ստիպում սիրել, հասկանում ես, որ այդպիսի պահերի ստեղծված անկեղծ երգերն են, որ ունենում են նման արդյունք։

-Երգը «բերենք» մեր օրեր․ ո՞րն է արդիականությունը։

 -Եթե կարծում էինք, որ այս երգերն այլեւս արդիական չեն, ապա պարզվեց՝ ոչ, միշտ են  արդիական։ Ես կատարում եմ «Մարդաբանական այգի» երգը, որը Խորհրդային Միության մասին է, բայց հիմա, միեւնույն է, ընկալվում է այնպես, կարծես մեր իրականության մասին լինի։ Այն ժամանակ Խորհրդային Միություն էր, եւ այդ իրավիճակից ելնելով էի գրում, բայց մարդկային կյանքում ոչինչ չի փոխվում։ Օրինակ, եթե երգն ընկերության մասին է, պարզ է, որ երգը հավերժ կարող է երգվել, որովհետեւ ընկերությունը միշտ պիտի լինի, բայց այնպիսի երեւույթներ, որոնք շատ բնորոշ են, ասենք, Խորհրդային Միությանը․․․ Ասենք, «Մարդաբանական այգի» երգի վերնագիրը․ ոչ թե կենդանաբանական, այլ մարդաբանական այգի, այսինքն՝  մի այգի, որտեղ վանդակների մեջ էր ամեն հանրապետություն։ Մի վանդակ ու վանդակի մեջ փակված ժողովուրդները․․․Ազատության սահմաններն այնքնան մեծ են, որ այդ երգը այսօր էլ է արդիական։ 

-Պարոն Զորիկյան, որպես վերջաբան կամ վերջաբանի փոխարե՞ն․․․

- Ուզում եմ, որ երիտասարդները  ինքնավստահ լինեն, ուզում եմ, որ ինչպես մենք ենք «Հուսո առագաստ» երգի մեջ ցանկանում, որ նավը դուրս գա բաց ծով եւ պարի ծովի վրա, ազատ նավարկի, նրանք էլ վստահ մտնեն այս կյանք։ Կցանկանայի, որ երիտասարդներն իրենց մեջ կրեին ապագայի զգացումը, քանի որ ես միշտ ասում եմ՝ երիտասարդությունը մեր ներկան է եւ ապագան, իհարկե։ Այնուամենայնիվ, մենք խորհրդային երկրում ենք ծնվել վզկապներով, այլ ուղի ենք անցել, իսկ այսօր ամեն բան այլ է․․․ 

Էդուարդ Զորիկյան
Էդուարդ Զորիկյան
Էդուարդ Զորիկյան

Լուսանկարները՝ Տաթև Գալստյանի

Տաթև Գալստյան