04.14.2025
Կատեգորիա
Հասարակություն
կոյուղի

Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ թաղամասի բնակիչները երկար ժամանակ է՝ բողոքում են կոյուղագծի խցանումից կամ վթարից։ Նրանց խոսքով՝ ամեն ամիս մի քանի անգամ իրենց շենքերի բակերում գտնվող կոյուղատարները խափանվում են, ինչի հետեւանքով տարածքում տհաճ հոտ է տարածվում, հակասանիտարական պայմաններ ստեղծվում։ Չնայած բողոքներին՝ խնդիրը չի լուծվում։

Ըստ բնակիչների՝ վերջին մեկ տարվա ընթացքում կոյուղագծի խափանումներ են գրանցվել միջինում ամսական 2-3 անգամ։ «Ամեն անգամ, երբ խնդիրը ծագում է, մենք դիմում ենք համապատասխան մարմիններին, գալիս են վթարը շտկում, բայց միայն ժամանակավոր լուծումներ են տալիս։ Մի քանի շաբաթ անց նույն իրավիճակն է կրկնվում։ Շատ հաճախ մարդիկ ամռանն էլ պատուհանները փակ են պահում՝ հոտի պատճառով»,- նշում է թաղամասի բնակիչ Եպրաքսյա Նիկողոսյանը։

«Մեր բակում վերջին վթարը տեղի ունեցավ մոտ մեկ շաբաթ առաջ։ Կոյուղաջրերը դուրս էին եկել, տարածվել էին բակի ճանապարհներին, և ամբողջ տարածքում տարածվել էր տհաճ հոտ։ Առավոտյան աշխատանքի գնալիս հազիվ եմ դուրս եկել շենքից ու նորից բարկացել։ Մինչև պատասխանատուները եկան և ինչ-որ լուծումեր տվեցին, մեկ օր անցկացրինք այդ հոտի ներքո»,- պատմում է մեկ այլ բնակիչ՝ Վարդուհի Սարգսյանը։

Բացի տհաճ հոտը, բնակիչները մտահոգված են նաև իրենց առողջությամբ։ «Երբ կոյուղաջրերը դուրս են գալիս, դա ոչ միայն հոտի խնդիր է, այլև վտանգավոր մանրէների տարածման աղբյուր»,- նշում է Վարդուհի Սարգսյանը։ Նրա խոսքով՝ նման իրավիճակները կարող են նպաստել մաշկային, աղեստամոքսային և շնչառական խնդիրների առաջացմանը։ 

Մեկ այլ մտահոգություն էլ կապված է անվտանգության հետ։ Հաճախ կոյուղատարի կափարիչները մնում են մասամբ բաց, ինչը վտանգավոր է հատկապես փոքր երեխաների համար։ «Երեխաները միշտ խաղում են բակում, իսկ մենք ստիպված ենք նրանց անընդհատ հետևել, որ պատահաբար չընկնեն կոյուղատարի բաց անցքի մեջ»,- նշում է երիտասարդ մայրիկներից մեկը՝ չցանկանալով ներկայանալ։ 

Բնակիչների խոսքով՝ որեւէ մեկը հստակ պատասխան չի տալիս, թե երբ են նախատեսվում հիմնանորոգման աշխատանքներ։ «Եթե մենք իմանանք, որ, օրինակ, մի քանի ամիս անց հիմնանորոգում է լինելու, գուցե այդքան դժգոհ չլինենք։ Բայց մեզ ոչինչ չեն ասում, և մենք ստիպված ենք ապրել այս պայմաններում», - ասում է Եպրաքսյա Նիողոսյանը։

Ավան վարչական շրջանը բազմիցս ժամանակավոր վերանորոգման աշխատանքներ է կատարել։ Սակայն, ըստ բնակիչների, խնդրի հիմնական պատճառները չեն վերացվում, ինչի հետևանքով վթարները շարունակվում են ոչ միայն իրենց բակերում, այլև տարածքի հիմնական ճանապարհներին։

Ավան վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ բաժնի առաջատար մասնագետ Վահե Վենյամինովի խոսքով՝ խնդիրը ոչ թե հին խողովակներն են, այլ բնակիչների անբարեխիղճ վարքը, որը հանգեցնում է կոյուղատարի խցանմանը։ «Երբեմն կոյուղատարից այնպիսի իրեր են հանում, որ անգամ չեմ ուզում նշել, բնակիչները իրենց տնից ոչ սահմանված իրեր են նետում, ինչն էլ խցանման պատճառ է դառնում», - ասում է պարոն Վենյամինովը։

«Այդ հատվածի կոյուղին ամեն շաբաթ-կիրակի խնդիր է առաջացնում, որովհետեև բնակիչները տանն են լինում։ Խցանումների ժամանակ «Վեոլիա Ջուր»-ը գալիս և մաքրում է կոյուղատարը,- ասում է Վենյամինովը։- Կոմունալ բաժինը համատիրության միջոցով ծանուցումներ է տալիս բնակիչներին իրենց անձնական իրերը կոյուղատարի մեջ չնետելու համար։ Վերելակների մեջ ենք տեղադրում, դրսում, շատ ծանուցումներ էլ գալիս պոկում են»։ Պարոն Վենյամինովը նշում է, որ  խողովակատարերը հին են և հնարավոր է, որ մաշված կամ նեղացած լինեն, սակայն բնակիչների ոչ պատշաճ վարքն է խցանման պատճառը։ Հարցին՝ արդյոք կա կոյուղատարերի մաքրման որոշակի պլան, պարոն Վենյամինովը բացասական պատասխան տվեց. «Երբ խնդիր է առաջանում, «Վեոլիա Ջուր» ընկերությունից գալիս են և մաքրում են»։ 

Բնակիչները հույս ունեն, որ պատկան մարմինները վերջապես կձեռնարկեն երկարաժամկետ և հիմնավոր քայլեր՝ բարելավելու թաղամասի սանիտարական վիճակը։

Սիլվի Շահբազյան